Համաձայնեք, որ վերջին օրերի բազմապիսի և բազմաժանր հանրապետականների կողքին հանկարծ Հերմինե Նաղդալյանի հայտնվելը իսկական նորույթ էր, նոր շունչ, նոու-հաու՝ ՀՀԿ-ի կողմից:
Այլ կերպ ասած, ի դեմս Հերմինե Նաղդալյանի, ՀՀԿ-ն անցնում է նոր, «բարձր տեխնոլոգիաների» օգտագործման, քանի որ Կարեն Ավագյանի, Արմեն Աշոտյանի և Շարմազանովի` այսինքն երիտասարդ շարքային տեխնոլոգիաների կողքին, Հերմինեն, ինչ խոսք, մի գլուխ բարձր է: Համաձայնեք՝ մեկը, որի ձայնը այսքան ժամանակ ո՛չ լսել ենք, ոչ գիտենք՝ ով է, բացի այն, որ հանդիսանում է ԱԺ փոխխոսնակ, որից ԱԺ-ում այսքան ժամանակ չենք լսել որևէ ելույթ, հանկարծ ակտիվանում է, ընդ որում, հենց ԲՀԿ-ի համագումարից հետո, հենց ԲՀԿ-ի համագումարի մասին:

Իսկ տեքստը. մի էկզոտիկա, մի յուրահատուկ, հերմինեական ոճ, որի` Հերմինեի կողմից գրված լինելու վրա թույլ տվեք լրջորեն կասկածել: Ընդ որում, տեքստ, որը պարունակում է բացահայտ վիրավորական արտահայտություններ՝ կնոջ կողմից մեկ այլ կնոջ հասցեին:
Փաստորեն, ՀՀԿ-ում կա՛մ հասկացել են, որ Ավագյան-Աշոտյան ֆեյսբուքյան երկյակը իրենց արդեն սպառել է, և որոշել են նոր շունչ բերել` ի դեմս Հերմինե Նաղդալյանի, կա՛մ էլ պարզապես ուզում են Հերմինեին էլ արագորեն սպառել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լարտավական փոխհրաձգության ժամանակ տուժում են առաջին հերթին դրանց հեղինակները, այլ ոչ թե թիրախները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել