Նա հանգիստ քնած էր: Շների հաչոցը արթնացրեց Նրան: Ամառային շոգ գիշեր էր… մի կերպ աչքերը բացելով մոտեցրեց հեռախոսը ու նայեց ժամին` դեռ երեքն էր: Զարմանալի էր, որ ամառային այդ շոգ գիշերն իրեն հաջողվել էր այդքան շուտ քնել` մի ժամ չէր անցել պառկելուց, ու ինքը արդեն խորը քուն էր մտել: Սովորաբար ամռանը պառկելուց հետո էլ դեռ երկար պտտվում էր անկողնում, սառը տեղ էր փնտրում, չէր գտնում, նորից փնտրում…

Քնել չկարողացողների բանակը միշտ կայուն էր, ու նա ոմանց արդեն փողոցում, համալսարանում տեսնելիս ճանաչում էր, մի պահ տրվում էր նրանց բարևելու գայթակղությանը, բայց հաջորդ վայրկյանին առողջ բանականությունը կանխում էր նրան, հասկանում էր թե ինչքան անհիմն ու ծիծաղելի կլիներ, եթե այդ մարդիկ հարցնեին իրեն, թե որտեղից գիտի իրենց, և ինքը ասեր, որ դիմացի շենքի պատուհանից ամեն գիշեր տեսնում է նրանց, երբ գնում են սառնարանից ջուր կամ գարեջուր վերցնելու, խմելու ընթացքում քորելով առանց վերնաշապիկ մարմինը, կամ դիտում են հեռուստացույց` անընդհատ փոխելով ալիքները, կամ սեղանի շուրջ, ընկերների հետ նստած թղթախաղ են խաղում, կամ…
Նա մոտեցավ պատուհանին, որ տեսնի, թե ինչու են շները հաչում.. Տեսավ, որ իրենց բակի շները ինչ ոչ անծանոթ շների հետ “լեզվակռվի” են բռնվել: Նրանք թիմ-թիմ կանգնած են դեմ առ դեմ, և հաչում են հերթով` փաստարկներ են բերում, պահանջներ ներկայացնում: Այս շների խմբին ավելանում են նոր շներ, որոնք գալիս են սրանց հաչոցների վրա (երևի միմյանց կանչում են “դեպքի վայր”):
Նա պատշգամբում կանգնած լարված հետևում էր “լեզվակռվին”` ասես հասկանում էր, թե ինչումն է բանը: Շների հաչոցը հանկարծ ավելի ուժեղացավ, նրանք արդեն միմյանց “խոսք չէին տալիս”, ու ատամնաշարը բացած անծանոթ շունը հարձակվեց բակի շան վրա, ու մյուս շներն էլ վրա տվեցին, ու հնարավոր չէր հասկանալ, թե որը ում է կծոտում: Նրանց գզվռտոցը կշարունակվեր դեռ երկար, եթե շենքից ինչ որ մեկը պատուհանից բակ չնետեր ջրով լի տարա, ինչը ընկնելով գետնին, սաստիկ վախեցրեց իրար կրծող շներին, և նրանք համերաշխ փախան նույն ուղղությամբ… Բարեբախտաբար շներից ոչ մեկը չվնասվեց` տարան ընկավ մի փոքր հեռու նրանցից:
Նա փորձում էր կռահել, թե ով կարող է եղած լինել տարա նետողը, ու միտքը կանգնեց կողքի մուտքի ութերորդ հարկի բնակչի վրա: Հիշեց, որ այդ բնակչի հայրը որսորդական հրացան ուներ, չնայած, որ որսորդ չէր` ոստիկան էր, բայց ատրճանակ չուներ, որսորդական հրացանն էր նրա զենքը: Երեխաներին պատմություններ պատմելիս իր բռնած գողերի մասին, այդ հրացանն էր մատնանշում, ու ասում էր, որ այդ հրացանով է կրակել գողի վրա` հենց հանցագործության վայրում, կամ այդ հրացանով է վախեցրել հանցագործին, և այնքան էր պատմել այդ պատմությունները երեխաներին, որ մի օր իրոք այդ հրացանով գնաց “գող բռնելու” և նրան հեռացրին աշխատանքից, բայց հրացանը ձեռքից չվերցրին: Ու այդ նախկին ոստիկանը երբեմն իջնում էր, բակում նստում, նարդի խաղում, ու երբ պարտվում էր` հրացանն էր հիշում, բոլորին սպառնում, իր կարծիքով վախեցնում, որ հիմա կգնա տնից կբերի հրացանը, իսկ տուն բարձրանալով, կնոջ պատրաստածի հոտը առնելով, մոռանում էր ամեն ինչ, ու նստում ճաշի, իսկ բակում բոլորը ծիծաղում էին ու ծաղրում նրան: Եվ հենց այդ նախկին ոստիկանը, երբ Նա դեռ շատ փոքր էր, մի գիշեր կրակել էր դիմացի տան շան վրա, որը գիշերը անընդհատ հաչել էր, իսկ շունը կապած էր եղել, և չէր կարողացել պրծնել նրա գնդակից, ու սատկել էր… Նա մտածեց, որ նա, ով գցել է տարան, եղել է հենց այդ նախկին ոստիկանի որդին: Ու բավարարվել է միայն տարայով, որովհետև հոր հրացանը նրա մահից հետո վաճառել էին: Իսկ նախկին ոստիկանի մյուս որդին ապրում էր Եվրոպայում, և անգամ չէր էլ մտածում կրակել, կամ ինչ էր բան նետել ամառային գիշերներին շոգից կատաղած շների վրա, որովհետև Եվրոպայում, ամառային շոգ գիշերներին շները չեն կատաղում, ու ամենևին էլ փողոցային չեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել