Պատմականորեն եղել են այնպիսի ժամանակաշրջաններ և իրավիճակներ, երբ Հայաստանը կանգնել է Արևմուտքի ու Արևելքի միջև երկընտրանքի առաջ. ընդհանուր առմամբ ոչինչ չի շահել: Պատմությունը,կարծես,կրկնվում է. Եվրոպա, թե՞ Մաքսային միություն:
Եթե Եվրոպան իր դրական ու մի շարք բացասական կողմերով հայտնի է, արժեքային համակարգը խարսխված է ժողովրդավարության սկզբունքների վրա, ապա դեռևս անհայտ կամ մշուշոտ տեսանելի Մաքսային, Եվրասիական միությունը, որի հիմքում ընկած է հիմնականում տնտեսական գործոնը,կազմված է նախկին տոտալիտար բռնապետության՝ ԽՍՀՄ-ի վերապրուկ երկրներից (այստեղ զուտ Ռուսաստանն անհամեմատ բարվոք վիճակում է՝ ի տարբերություն, օրինակ, միջինասիական հետամնաց երկրների):
Իհարկե,ցանկացած միջազգային միությանն անդամագրվելիս որոշակիորեն սահմանափակվում է տվյալ պետության ինքնիշխանությունը:Ամբողջ հարցն այն է,թե ո՛ր պետության մասին է խոսքը,ի՞նչ հետևանքներ կունենա ինքնիշխանության սահմանափակումը տվյալ երկրի համար,ինչի՞ կարգավիճակում կհայտնվի այդ երկիրը, ի՞նչ համազգային խնդիրներ ու նպատակներ ունի այդ երկիրը և այլն:
Ինչևէ: Ներկայում պաշտոնական Երևանը որոշել է,պահպանելով համագործակցությունը (որքանով դա չի հակասի Մաքսային միությանը) եվրոպական կառույցների հետ, անդամակցել Մաքսային ու Եվրասիական միություններին: Ամբողջ հարցն այն է, որ խելքը գլխին երկրներում համապետական նշանակություն ունեցող, բախտորոշ ու կարևորագույն որոշումներն ընդունվում են հանրաքվեով: ՀՀ Սահմանադրությամբ ինքնիշխան ու ժողովրդավարական հռչակված մեր երկրում ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է նաև հանրաքվեների միջոցով: Հայաստանում, սակայն, այդպիսի որոշումները ոչ միայն հանրաքվեի չեն դրվում, այլև ընդունվում են «գիշերը», «գիշերային դիվանագիտության» արդյունքում և մատուցվում «քե՛զ համար,Հայաստա՛ն» անակնկալի տեսքով...Այսպես, 2009 թվականի ապրիլի 24-ի նախօրեին զարթնելով՝ հայ ժողովուրդը հանկարծ պարզեց,որ սկսվել է հայ-թուրքական «սիլի-բիլին», որն իր գրավոր ձևակերպումն ստացավ թուրքական վտանգավոր նախապայմաններով լեցուն հայ-թուրքական արձանագրություններում (10.10.2009 թ.):
Որպես կանոն, համազգային նշանակության կարևորագույն որոշումների ընդունմանը կամ հրապարակմանը նախորդում և ուղեկցում են համեմատաբար կամ անհամեմատ ոչ այնքան կարևոր հիմնախնդիրների շուրջ ծավալվող բողոքի զանգվածային ցույցերն ու այլ միջոցառումները. այդպես եղավ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, երբ դրանցում ամրագրված թուրքական նախապայմանների դեմ կազմակերպված համահայկական բողոքի ցույցերին զուգահեռ՝ Հայաստանում «քաղաքական ընդդիմության» մի հատված բոլորովին այլ նպատակներով կուրծք էր ծեծում: Այժմ էլ Մաքսային միությանն անդամակցության նախաշեմին Հայաստանի իշխանությունները մեջտեղ են բերել կենսաթոշակների մասին մի օրենք, որի մի շարք դրույթների ակնհայտ հակասահմանադրականությունն իմանալու համար ամենևին էլ պարտադիր չէ լինել մասնագետ:Եվ ի տարբերություն, ասենք, ուկրաինացիների՝ Հայաստանում ժողովրդի բան ու գործը դարձել է այդ չարաբաստիկ օրենք-խայտառակության դեմ պայքարը:
Քաղաքական այդ հնարքի արդյունքում առաջացող պղտոր ջրերի ու պառակտվածության իրադրությունում պաշտոնական Երևանը հանգիստ «իր էշը քշում է» հիմա էլ դեպի Մաքսային միություն...

Ամփոփելով՝ մեջբերեմ ՀՀ «բազմաչարչար» Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթը. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական,փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Համոզված եմ,որ ճիշտը դա է, և այդ նորմը պետք է իրականո՛ւմ ընկած լինի ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգում: Ես կողմ եմ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում նշված նպատակով հարաբերությունների հաստատմանն ու ծավալմանը և՛ ԱՄՆ-ի,և՛ Ռուսաստանի, և եվրոպական ու այլ երկրների հետ:
Դրա համար, սակայն, անհրաժեշտ է ունենալ և վարել մեր ազգային ու պետական շահերից բխող գրագետ ու ճկուն արտաքին քաղաքականություն: Ներկայում, ցավոք, ունենք միայն կոտրած տաշտակ...

Ողբամ զքեզ, Հայո՛ց աշխարհ.- ասել է ու, հավանաբար, էլի կասեր պատմահայր Խորենացին, ում հայտնի ողբը, կարծես գրված է բոլոր ժամանակների համար... 

**********************
Հ Գ
Ստեղծված իրավիճակի անմիջական մեղավորը Հայաստանի կոռումպացված իշխանություններն են ու դրանց ընտրախախտումների ճանապարհով իշխանության բերող մարմնավաճառ-ձայնավաճառ ընտրողները:
Իսկ ընդհանուր առմամբ մեղավոր է համայն հայությունը, որ Հայաստանի իշխանությունների հանցավոր գործունեության դեմ, այնուամենայնիվ, չի անում այն,ինչն,իսկապես,անհրաժեշտ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել