Կենսաթոշակային կրքերը թեժանում են: Թերևս կարելի է հասկանալ կենսաթոշակի ձևավորման նոր համակարգից դժգոհողներին՝ ապագան հեռու է ու մշուշոտ, իսկ գրպանն էսօր է զգում կոնկրետ փողի արտահոսքը: Կարելի է ընդունել նաև բողոքը, եթե միջոցները քաղաքակիրթ են և օրինական: Անընդունելին մարդկանց դժգոհությունից դիվիդենտներ շահելու կամ ավելի մութ նպատակներ իրականացնելու փորձերն են, սոցիալական բողոքի քաղաքականացումը՝ իշխանափոխության արդեն բացահայտ հայտարարություններով: 
Սոցիալական խնդրի շուրջ հավաքվել և այն ուրիշ տեղ ուղղորդելու փորձեր են անում որոշ կուսակցություններ, որոնց համատեղվելն արդեն իսկ նոնսենս է: Ծայրահեղ լիբերալ, հեղափոխական, օլիգարխիկ և անհասկանալի՝ այդ կուսակցություններն օրգանապես անհամատեղելի են, ու թող չփորձեն մեզ համոզել, թե տապակվում են ժողովրդի հոգսերով: Ե՛վ այդ կուսակցություններն են աչքի առաջ, և՛ ժողովուրդն ու իր հոգսերը: 
Թող չփորձեն նաև հավատացնել, թե իրենց «պայքարի» նպատակը կուտակային կենսաթոշակը ոչ եվս անելն է. սոցիալական այս հարցն ընդամենը պատրվակ է, նպատակն իշխանափոխությունն է, ավելի ճշգրիտ՝ այս իշխանությունն իրենցով փոխարինելը: Իսկ իրենց իշխանությունը (համահանրապետական կամ տեղային) տեսել ենք. պայթող բանկերն ու գրավատներն էլ՝ հանցագործ սեփականաշնորհման ու մասնավորեցման հետ, հաստավիզ թիկնազորերն ու հաշվեհարդարներն էլ, բիզնես անելուց չաղացած հեղափոխականներին էլ, պոպուլիստական ու արկածախնդիր գործողություններն էլ… 
Շատ բան ենք տեսել ու տեսնում ենք, և ցավալի է, որ այդքանը տեսնելուց հետո էլ հավատում ենք սրանց անկեղծությանն ու սրտացավությանը: Հասարակության կազմակերպման կուսակցական կերպը աշխարհում սպառում է իրեն, մեզ մոտ մեռելածին է եղել ի սկզբանե: Քաղաքացիական շարժումները՝ կոնկրետ ու գործուն արհեստակցական կառույցների ձևավորման հեռանկարով, գուցե ապագա ունեն, բայց միայն այն դեպքում, եթե մոտ չթողեն քաղաքական կապիտալ դիզողներին, բարձր ֆրազներ ճչացող իշխանատենչներին: 
Հանրահայտ ճշմարտություն է՝ քաղաքական կուսակցության նպատակն իշխանության գալն ու իր ծրագրերն իրականացնելն է: Կանգ առնենք մի պահ ու փորձենք հասկանալ՝ սրանք ունե՞ն ծրագիր և ա՛յն ծրագիրը, որի իրագործումով Հայաստանը դրախտ է դառնալու… 
Փորձենք անկեղծ ու ազնվորեն ինքներս մեզ տալ՝ «իսկ հետո՞ ինչ է լինելու» հարցի պատասխանը… 
Ու նաև այն հարցի պատասխանը, թե նավակը, որի մեջ բոլորս միասին ենք, ճոճելով ջրասույզ անելուց հետո այս բոլորս ի՞նչ ենք անելու: Ի՞նչ ենք անելու, երբ ո՛չ կենսաթոշակ կլինի, ո՛չ վճարող, ո՛չ էլ տարրական գոյության երաշխավոր: Ի դեպ, չեն լինի (համենայնդեպս՝ Հայաստան աշխարհում) նաև սույն «ջատագով» կուսակցությունները, բայց դա նրանց չի հետաքրքրում՝ մահ կամ… իշխանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել