«Իրատես de facto» թերթը գրում է.

«ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:

ԱԺ կանոնակարգի համաձայն, նախաձեռնությունն արտահերթ կարգով կքննարկվի, եւ, ըստ մեր տեղեկությունների, ամբիոնից ընդդիմադիրները, այդ թվում` ԲՀԿ-ն, կթվեն վարչապետի բոլոր «մահացու» մեղքերը` օֆշորային սկանդալ, գազային գործարք, կենսաթոշակային կուտակային համակարգ, խոստացված տնտեսական աճի չապահովում։

Մի փոքր անդրադարձ պատմությանը. անկախ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգով դեռ չի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Ոչ թե չի ցանկացել, այլ սթափ է գնահատել իրականությունը, այլ խոսքով, հասկացել է, որ 66 ձայն, միեւնույն է, չի կարողանալու ապահովել։ Այս խորհրդարանի ընդդիմադիրներն ունեն բավարար 44 ձայն` արտահերթ կարգով հարց ներկայացնելու ու քննարկելու, այսինքն, գործընթացը սկսելու, բայց ավարտին չհասցնելու համար:

Մեծ հաշվով, ոչ իշխանական ուժերի նախաձեռնած այս գործընթացի հիմնական նպատակը հենց բուն գործընթացն է, հերթական անգամ կառավարությանը քարկոծելն ու անողոքաբար քննադատելը:

Ի դեպ, այս նախաձեռնությամբ ընդդիմադիրները նաեւ հեռահար նպատակ են հետապնդում` խորհրդարանից գործընթացը տեղափոխել հրապարակ, իսկ թե փողոցում ինչ կստացվի, դժվար է պատկերացնելը` հաշվի առնելով այս ուժերի ներսում եղած խնդիրները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել