Newsbook.am-ը գրում է.

Ինչպես նշել էինք, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները տապալել էին «Անուշ» օպերայի ներկայացումը և դեմ դուրս եկել կենսաթոշակային կուտակային համակարգին: Սակայն շատ շուտով թատրոնում «մշակել» էին իրենց մարտավարությունն ու գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ցուցումով որոշել ոչ թե խնդիր դնել կուտակայինը, այլ պահանջել բարձրացնել աշխատավարձերը՝ նվազագույն աշխատավարձ սահմանելով 200 հազար դրամը:

Թատրոն էր շտապել մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը սկսել էր բանակցություններ վարել՝ միաժամանակ հայտարարելով, թե թատրոնում աշխատավարձերը բարձրացվել են հունվարի մեկից: Այսինքն, աշխատավարձերը բարձրացվել են, բայց ահա թատրոնի տնօրինությունը թաքցրել է այս փաստը: Բայց, պարզվում է, միայն սա չէր թաքցվել: Երբ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը խոսել է իսկապես ցածր աշխատավարձերի, ծանր սոցիալական վիճակի մասին, փոխնախարարը կոմերիտական խանդավառությամբ հայտարարել է, թե ցածր աշխատավարձերի մի մասն էլ հատուցվում է հավելավճարներով:

Փոխնախարարին հաջորդեց մշակույթի նախարար, թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը, որը նույնպես խոսեց հավելավճարների մասին: Հավելավճար բառն էլ ցնցեց թատրոնի ստեղծագործական անձնակազմին, քանի որ առաջին անգամ էին լսում այդ մասին: Միակ մարդը, որն ազնվորեն հայտարարեց, թե ինքն ամեն ամիս 250 հազար դրամ հավելավճար է ստանում: «Վիվասել ՄՏՍ» ընկերությունը, պարզվում է, յուրաքանչյուր տարի 40 մլն դրամ է տալիս թատրոնին՝ ստեղծագործական անձնակազմին հավելավճար տալու համար, իսկ թատրոնի տնօրինությունն էլ որոշել է այդ հավելավճարը բաժանել սեփական հայեցողությամբ՝ առաջին հերթին նրանց, որոնք կարող են բողոքել, հետո փոխտնօրեններից մեկին, որի ողջ ընտանիքն աշխատում է այս թատրոնում:

Եվ այսպես, ինչպես ասացին թատրոնում, մոտ 500 հազար դրամ ամենամսյա հավելավճար է ստանում գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, 250 հազարական դրամ՝ գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, նշյալ Գևորգ Հակոբյանը, մի վաստակավոր արտիստուհի, փոխտնօրեն Ժիրայր Տիգրանյանը: Իսկ մյուսների անուններն այդպես էլ չհրապարակվեցին:

Ստացվում է, որ կան մարդիկ, որոնք շատ լավ էլ ապրում են, բայց… բողոքում են, մինչդեռ շատերն էլ մի կերպ կարողանում են գոյություն պահպանել: Հանդիպման ավարտին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տեղեկանալով, որ Կարեն Դուրգարյանի հորդորով ստորագրահավաք են իրականացնում, խոստացել է արտիստների դիմումը հանձնել Սերժ Սարգսյանին: Իսկ մենք կարծում ենք, որ դեռ օպերայում նոր բացահայտումներ կլինեն, դեռ ջրի երես դուրս կգան մի շարք պատմություններ:

Գուցե նաև օպերայում հիշեն ու պատասխանեն, թե ինչու՞ ազատվեցին Գեղամ Գրիգորյանից: Վա՞տ գեղարվեստական ղեկավար էր, թե՞ արդեն շատ բան էր տեսնում ու խոսում:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել