2000-ական թվականներից սկսած Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր էներգետիկ օբյեկտները հանձնվել են ռուսներին՝ ատոմակայան, Հրազդանի ՀԷԿ, Սևան-Հրազդան կասկադ, ՀԷՑ, վերջին հայտնի գործարքները՝ «ՀայՌուսգազարդ»-ում պետական բաժնեմասի խայտառակ պայմաններով վաճառքը Գազպրոմին և որպես կոմպլեմենտար «արտաքին քաղաքականության» դրսևորում՝ Որոտանի կասկադի վաճառքը ամերիկացիներին:
Այսպիսով՝ իրենց իշխանությունը միայն դրսի աջակցությամբ մի կերպ պահող ռեժիմը վաճառել ու նվիրել է ամեն ինչ՝ արտադրությունից մինչև բաշխում՝ պետությանը դուրս թողնելով բոլոր օղակներից և վտանգելով երկրի ինքնիշխանությունն ու տնտեսական անվտանգությունը:
Բայց, բնականաբար, այս հարցի լուծումը ոչ լացուկոծ դնելն է՝ երկրի անկախությունը կորցնելու ակտուալ թեմաներով, ոչ էլ վաճառած օբյեկտները խլելն ու ազգայնացնելը:
Սրա այլընտրանքը խելացի և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումն է: Մի կողմից, էներգիայի բնական սեփական պաշարներ չունեցող, մյուս կողմից՝ ամբողջ արտադրական ու բաշխիչ համակարգերը այլ պետություններին հանձնած երկրի համար այլ տարբերակ լինել չի կարող:
Պետք է սկսել ջերմամեկուսացման և էներգախնայողության ժամանակակից տեխնոլոգիաներից և անցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների՝ արևի, քամու էներգիայի օգտագործմանը: Երևանի ամերիկյան համալսարանում արդեն օգտագործում են արեւային հատուկ մարտկոցների եւ կոլեկտորների միջոցով էլեկտրաէներգիա ստանալու մեթոդը: Այս փորձը կարող ենք կիրառել ամբողջ Հայաստանում: Պատկերացրեք՝ մի անգամ վճարում եք և 25 տարի շարունակ անվճար ստանում էլեկտրաէներգիա ու ջեռուցում ձեր տունը. եթե մարդիկ ի վիճակի չեն միանգամից մեծ գումար վճարել, նրանց կարող են տրվել արտոնյալ պայմաններով վարկեր և այն գումարները, որ նրանք վճարելու էին լույսի և գազի դիմաց՝ կվճարեն վարկի դիմաց, որից հետո ընդհանրապես չեն վճարի:
Սրանք էներգիայի անվճար, էկոլոգիապես անվտանգ, դրսից որևէ կախվածություն չունեցող, մեր սեփական աղբյուրներ են, որոնք կիրառելու համար պետք է օգտագործել մեր ամենամեծ հարստությունը՝ ինտելեկտուալ պոտենցիալը:
Այս ամենը կարող է իրականություն դառնալ, իհարկե, միայն Հայաստանում օրինակարգ իշխանության վերականգնումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել