«Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ընկերությանը համակարգչային պիրատական ծրագրերի օգտագործման համար 2.422.536 դրամի չափով տուգանելը ինձ հիշեցրեց հոդվածներիցս մեկը, որ գրել եմ տարիներ առաջ և ինչը սիրով ներկայացնում եմ Ձեր դատին:

Հայաստանյան շուկայի 92 տոկոսը կազմում են կեղծ երիզներն ու համակարգչային ծրագրերը

Տեսահենության խնդիրն այսօր ավելի քան հրատապ է ամբողջ աշխարհում: Չնայած դրա դեմ պայքարի բազում փորձերին՝ տեսա- ու ձայներիզների և ծրագրային փաթեթների ապօրինի արտադրանքի շրջանառությունն այսօր միլիարդավոր դոլարների է հասնում:

Տեսահենությունը գերշահութաբեր բիզնես է նաև Հայաստանում: Տեսահենները հարկեր չեն մուծում, գովազդի վրա գումարներ չեն ծախսում, «հումքն» էլ ձեռք են բերում չնչին գներով: Այսօր հանրապետության ցանկացած անկյունում կարող ես հանդիպել խտասկավառակների վաճառման կետեր, որոնք իրենց «ապրանքն» առաջարկում են բավականին մատչելի գներով: Բայց մատչելիությունը միշտ չէ, որ ուղեկցվում է բարձր որակով: Շուկայում վաճառվող «ձախ» սկավառակների միայն չնչին մասն է որակյալ, այն էլ ներկրված է դրսից: Մնացածը պատճենահանվում են տեղում և հաճախ շատ ցածր որակով: Պատճառն այն է, որ հայրենի տեսահենները պատճենահանում են ոչ թե բնօրինակից, այլ պատճենից, ինչի արդյունքում արտադրանքի որակն էականորեն ընկնում է:

Business Software Alliance կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում այսօր համակարգչային տեսահենությունը կազմում է 92 տոկոս: Մեր երկիրն այս ցուցանիշով առաջատարների խմբում է: Հայաստանը զիջում է միայն Վիետնամին, Զիմբաբվեին և Շրի Լանկային, որտեղ բնօրինակ սկավառակներ գրեթե չեն հանդիպում: Իսկ Ռուսաստանում տեսահենությունը հասնում է 87 տոկոսի. «սև ցուցակում» այն 5-րդ տեղում է: (Նույն աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ում այս ցուցանիշը կազմում է 20, Մեծ Բրիտանիայում՝ 27, Իտալիայում՝ 48%):

Հայաստանում այսօր համակարգչային տեսահենությունը կազմում է 92 տոկոս:

Հետաքրքրական է, որ երևույթի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ: Հարցվածների 50 տոկոսը դրական է վերաբերում տեսահենությանն ու բացեիբաց հայտարարում է, որ բնօրինակ սկավառակ երբեք չի գնում: 40 տոկոսը չեզոք դիրք է գրավել և գնում է ապօրինի սկավառակ այն պարզ պատճառով, որ բնօրինակների տեսականին մեզ մոտ այնքան էլ մեծ չէ: Տեսահենության մեջ իրական վտանգ է տեսնում հարցվածերի ընդամենը 10 տոկոսը: Հիմնական պատճառը, թերևս, «ձախ» սկավառակների մատչելի գինն է: Այսօր ապօրինի սկավառակների շուկայական արժեքը չի գերազանցում 1500 դրամը, այն դեպքում, երբ նույն սկավառակի բնօրինակն արժե 12 000-15 000 դրամ:

Որոշ մասնագետների կարծիքով, այս գինը խիստ ուռճացված է: Նրանք գտնում են, որ, եթե անգամ տվյալ սկավառակը բավարարում է եվրոպական բոլոր չափանիշներին, դրա գինը չպետք է գերազանցի 3000-5000 դրամը:

Հաջորդ պատճառը, որն ստիպում է սպառողին ապօրինի սկավառակ գնել, այն է, որ վերջիններս զգալիորեն ավելի շուտ են հայտնվում շուկայում, քան բնօրինակները: Կինոարտադրողները սկավառակ բաց չեն թողնում այնքան ժամանակ, մինչև ֆիլմն անհրաժեշտ քանակությամբ անգամներ չցուցադրվի կինոթատրոններում: Եվրոպական ու ամերիկյան սպառողները լավագույն դեպքում ֆիլմը CD կամ DVD տարբերակով կարող են վայելել առաջին ցուցադրությունից մեկ շաբաթ անց, իսկ մեր համաքաղաքացիներին այն ավելի ուշ է հասնում: Սրա հետ մեկտեղ բնօրինակ սկավառակները խիստ սահմանափակ քանակությամբ են բերվում Հայաստան, ուստի բնակչության մի ստվար զանգվածի պահանջարկը պարզապես չի բավարարվում: Օրինակ, «Հարրի Պոթեր» և «Նարնիի Քրոնիկներ» ֆիլմերի բնօրինակ սկավառակները մեզ մոտ սպառվեցին ընդամենը մեկ օրում, իսկ նրանք, ովքեր մեծ ցանկություն ունեին դիտելու ֆիլմերը, ստիպված եղան օգտվել տեսահենների ծառայություններից:

Տեսահենությունը հսկայական վնաս է հասցնում ոչ միայն արտադրողներին՝ խախտելով նրանց հեղինակային իրավունքները, այլև պետությանը: Չէ որ նրանց՝ հարկային դաշտից դուրս գործելու պատճառով տարեկան մի քանի միլիոն դոլար բյուջե չի մտնում: Բայց, արդյո՞ք տեսահենությունից մենք միայն տուժում ենք: Եթե հաշվի առնենք երկրի բնակչության կենսամակարդակը և համակարգչային ծրագրերի շուկայական գները, պարզ կդառնա, որ բնակչության գերակշիռ մասն անվճարունակ է վերջիններիս նկատմամբ:

Հարցվածների 50 տոկոսը դրական է վերաբերում տեսահենությանն ու բացեիբաց հայտարարում է, որ բնօրինակ սկավառակ երբեք չի գնում:

Օրինակ, եթե համակարգչի տերը ցանկանում է ձեռք բերել Microsoft Office-ի ամբողջ բնօրինակ փաթեթը, նա ստիպված է վճարել ավելի շատ գումար, քան արժե իր համակարգիչը: Այս պայմաններում համակարգչի ձեռքբերումն ու օգտագործումը մեր բնակչության համար հնարավոր է դարձել միայն այն պատճառով, որ նրանց մեծ մասն օգտվում է անօրինական սկավառակներից: Փաստորեն, հասարակության մի ստվար զանգված քաղաքակրթվում և հաղորդակից է դառնում համամարդկային այնպիսի արժեքներին, ինչպիսին ինտերնետն է, միայն տեսահենների շնորհիվ:

Համաձայնեք, որ տնտեսության մեջ հավելյալ արժեք ստեղծվում է ոչ այնքան համակարգչային ծրագրերի ստեղծման, որքան դրանց կիրառության ժամանակ: Այս պարագայում, եթե բնօրինակն ու կեղծը նույն արդյունքն են ապահովում, արդյո՞ք տարբերություն կա, թե դրանցից ո՞ր մեկն է օգտագործում սպառողը նոր արժեք ստեղծելիս: Իսկ արտադրողը տուժում է ոչ թե այն ժամանակ, երբ անվճարունակ սպառողն անօրինական ճանապարհով օգտվում է իր ծրագրից, այլ այն ժամանակ, երբ վճարունակը դիմում է տեսահենին:

Բնավ ցանկություն չունենալով արդարացնել տեսահենությունը որպես երևույթ՝ առաջարկում եմ կշռել դրա դրական ու բացասական հետևանքները: Ակնհայտ է, որ երևույթը դեռ երկար կշարունակի մնալ մեր տեսադաշտում՝ լարվածության մեջ պահելով և՛ իշխանություններին, և՛ արտադրողներին: Իսկ արտադրողների ու տեսահենների կատաղի մրցապայքարում կշարունակենք շահել մենք՝ հասարակ սպառողներս՝ օգտվելով այն ծառայությունից, որն ավելի կհամապատասխանի մեր ցանկություններին ու գրպանին: Իսկ թե ով կմատուցի այդ ծառայությունը, բնավ էլ կարևոր չէ:

Նյութը տպագրվել է «Պիոներ» շաբաթաթերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել