Գուցե համեմատությունս կոռեկտ չէ, ինչի համար ներողություն եմ խնդրում, բայց վաղուց պետք է հասկացած լինեինք, որ պրոբլեմի մասին անընդհատ, առիթ-անառիթ խոսելով այն չենք լուծում, ընդամենը վարժում ենք մեր անտարբերությունը դրա նկատմամբ: Գրեթե 100 տարի ցեղասպանության մասին ենք խոսում: Ունենք՝ ինչ ունենք: 
Ինչու էսպես արտահայտվեցի: Համացանցը լցված է «Մարտի 1»-ի նշման, այսպես ասած, նախապատրաստական աշխատանքներով: Ամեն տեղից ելնողը բան ունի ասելու: Իսկ սեփական խայտառակությունների մասին, ու «Մարտի 1»-ը ողբերգություն լինելուց առաջ` խայտառակություն էր, բոլորիս խայտառակությունը, խայտառակության մասին պետք է հիմնականում լռել, խոսել չափավոր, խոսել այնքան, որ խոսքը չգերազանցի խայտառակությունդ շտկելու ուղղությամբ արածդ գործին: Խոսել, քննարկել համակողմանի: 
Ոչ թե օգտագործել քո շահից ելնելով: Մենք տարվել ենք միշտ դետալներով, որոնք իհարկե խիստ կարևոր են միշտ, ու դա մեզ, ցավոք, միշտ հեռացրել է բուն խնդիրների լուծումները գտնելու ճանապարհներից: Մեր լեզուն շաղ տալու, շաղակրատելու մոլուցքն այնքան է խորացել ու այնքան էներգիա է տանում մեզանից, որ գործելու, մտածել-գործելու էներգիան ու ժամանակը մեզ միշտ չի հերիքում: Ու մենք ազգովի թույլ քայլերով տրված ենք չարաբաստիկ հորձանուտին, որը ոչ մի տեղ չի տանում, այսինքն չէ, տանում է, տանում է ինքնաարժեզրկման, ինքնահիասթափման, ինքնակոտրման ճանապարհով: 
Հիմա մեկ այլ կողմից նայենք. հարց հռետորական հնարավոր է արդյո՞ք ինչ-որ բան բարեփոխվի, եթե ազգովի ամեն րոպե բողոքում ենք դրանից, պարսավում, կանխակալ գոռում, որ ողջը անիմաստ է, անարդյունք, ՀՀ-ի նախագահը վատն է, կառավարությունը՝ թշնամական, ոստիկանությունը` սադիստ, դատարանն՝ անարդար, ժողովուրդն էլ` մեղք: Ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Նորից եմ կրկնում, պետք է սկսել գնահատել, ու այստեղ էլ մանրուքները խիստ կարևոր են, մանրուքները պետք է գնահատել, դրական յուրաքանչյուր հատիկ պետք է գնահատել, խոսել և լավից, և բացասականից, վատը քննադատելուն զուգահեռ, գնահատել յուրաքանչյուր լավը, նույնիսկ դրականի մասին միտումնավոր ավելի շատ խոսել, որ էդ անտեր լավը դառնա մերը, որ գնահատվի ու էվոլուցիա ապրի, որ բազմանա, շատանա: Որ պետության ենթակառուցվածքները խրախուսվեն, իրենց գնահատված զգան ու գործ անեն, գործ: Ես կարծում եմ, որ եթե ոստիկանը եթե հանցագործություն է բացահայտում, իր քաղաքացուն սպառնացող ռիսկը չեզոքացնում է, պետք գնահատել ու խրախուսել, եթե ազգային անվտանգությունը պետությանը սպառնացող ռիսկ է չեզոքացում, օտարերկրյա գործակալ բռնում, չպետք է դա ներկայացնել որպես շարքային լուր, եթե դատարանը արդար վճիռ է կայացնում, եթե սխալ կամ անարդարացի բռնված քաղաքացուն արդարացնում է, պետք է բարձրաձայն ու համարձակ ասել, գոռալ, որ մեր դատարանը արդարադատություն իրականացրեց, այլ ոչ թե հեգնել, թե բա իր գործն է պիտի աներ, բա խի է փող ստանում ու մի հատ էլ մուննաթ գալ: Այս ճանապարհը դեպի հույս է առաջացնում գոնե ինձ մոտ: Հետո ազգային արժանապատվություն կա, վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել