Մեղանչել եմ, խոստովանեմ` ինձ մոտ երիտասարդության օրերին նախապաշարմունք կար տիկին Սիլվայի հանդեպ` դպրոցական դասագրքերից, պաթետիկ ասմունքողներից զզված կենդանի "դասականի" վերաբերյալ ջահել պոետի հասկանալի նախապաշարմունք... Տիկին Սիլվան առաջիններից էր, ով պայթեցրեց հին կաշառվող "մտավո...ականության" ու նոր հաստավիզ իշխանության հապճեպ եփվող-թափվող ադյուլտերը: Նա գող ու մարդասպանների մռութներին շպռտեց իր շքանշաններն ու պարգեւները, թեեւ կարող էր վայելել իր վաստակը, ոմանց նման... Մենք դեռ գնահատելու ենք մեծ պոետի ու մեծ քաղաքացու այս դիրքորոշումը...Հայոց հեղափոխությունը կանայք են սկսելու, ես վստահ եմ: Իսկ այս բանաստեղծության "հերոսները" ամեն օր իրենց իրենց դագաղանման սեւ մեքենաներով անցնում են Սիլվա Կապուտիկյանի անվան փողոցով, մտնելով առնետի բուն դարձած Նախագահական պալատ, եւ դա նրանց պատիժն է ու անեծքը:

ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
Սիլվա Կապուտիկյան

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Ես ի՞նչ ասեմ և Ձեր, և իմ թարս բախտին,
Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա
Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին:

Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,
Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,
Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել,
Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում:

Հիմա... Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,
Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության,
Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝
Խառնվում են ազդալույս ու ոստիկան:

Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,
Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.
Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում,
Կանգնում ու Ձեզ ուղեկցու՜մ է հայացքով...

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝
Ի՞նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝
Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում:

Բարձրացնում եք Ձեր պարիսպը... Նույն պահին
Մարդն է, մա՛րդը աղբի արկղը քջջում:
Նայում եմ ես այս անանուն պատկերին,
Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել