Ի՞նչ եղավ, երբ Վանաձորը զրկվեց գազից եւ լույսիցLorinews.am-ը գրում է.

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Վանաձորում աստիճանաբար սկսվեցին թաղամասերի գազավերականգնման աշխատանքները: Փետրվարի 6-ին օրվա ընթացքում Վանաձորն ու վանաձորցիներն սկսեցին բնականոն հունին վերադառնալուն ուղղված աշխատանքները: Այսօր արդեն կարող ենք խոսել փետրվարի 3-ին Վանաձորում գրանցված գազի խողովակի վթարի ու դրա հետեւանքների մասին: Այս մասին հայտնում է asparez.am-ը:

Վանաձորի մանկապարտեզներից մի քանիսը փետրվարի 3-ին օրվա երկրորդ կեսից, ինչպես նաեւ փետրվարի 4-ին եւ 5-ին չեն աշխատել: «Թվով ութ մանկապարտեզ չի աշխատել: Դրանք են թիվ 2, 5, 10, 19, 24, 28, 30, 31 մանկապարտեզները: Փետրվարի 6-ին իրենց աշխատանքը վերսկսել են թիվ 2, 19, 30 մանկապարտեզները: Թիվ 10, 28, 31, 24 մանկապարտեզները դեռեւս չեն աշխատում, քանի որ այդ թաղամասերի գազաֆիկացումը դեռեւս վերականգնված չի կամ ջրի գրաֆիկի հետ կապված խնդիր կա: Եթե այսօր այդ թաղամասերում գազաֆիկացումը վերականգնվի, վաղվանից կաշխատեն»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:

Սա նշանակում է, որ այս օրերին մանկապարտեզ գնալու հնարավորությունից զրկված է եղել շուրջ 900 երեխա: Քաղաքի մշակութային կենտրոններից այս օրերին չեն աշխատել թիվ 1 մշակույթի տունը, Ստ. Զորյանի տուն-թանգարանը եւ թիվ 3 երաժշտական դպրոցը: «Ոչ մեկս ապահավոգրված չենք աղետալի իրավիճակներից, գետնի տակի խողովակներ են եղել: Իհարկե, մեզ վրա ազդեց, բայց պետք է ըմբռնումով մոտենանք այս ամենին»,- կարծիք է հայտնում Գ. Աղաբաբյանը: «Այն դպրոցներում, որոնք այլընտրանքային ջեռուցման հնարավորություն չեն ունեցել, դասապրոցեսն անժամկետ դադարեցվել է: Այս օրերին չեն գործել մարզպետարանի ենթակայությամբ գործող թիվ 6, 9, 15, 18, 19, 20, 23, 24, եւ 25 դպրոցները: Չեն գործել նաեւ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող մի քանի ավագ դպրոցներ»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը: Բաժնի պետի հավաստմամբ՝ ներկա դրությամբ եւ էլեկտրաֆիկացված, եւ գազաֆիկացված դպրոցներում խնդիրները լուծված են, ջեռուցման համակարգերը գործարկվել են եւ փետրվարի 7-ից բոլոր դպրոցները նորմալ հունով կաշխատեն:

«Քաղաքի ավելի քան 200 շենքերում սառեցումներ են եղել: Եթե բազմաբնակարան շենքը գազ չի մտնում, էլեկտրական հոսանքը նույնպես անջատվել էր եւ գիշերը -25-ից -30 աստիճան է, ընտանիքների մեծ մասն էլ թողել էին իրենց տները ու տեղափոխվել բարեկամների տներ, պետք է սառեցումներ լինեին,- ասում է քաղաքապետարանի բնակարանային տնտեսության ու համատիրությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը,- ընդ որում, սառեցումներ են եղել հատկապես այն շենքերում, որտեղ ջրամատակարարումը մշտական չէ»: Բաժնի պետի փոխանցմամբ՝ «այժմ բոլոր շենքերում աշխատանքներ են տարվում, առաջարկվել է, որ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն եւս այդ աշխատանքներում աջակցի»: «Կոյուղագծի բացումն այդքան էլ բարդ չի, իսկ ջրագծի սառեցումը բավականին պրոբլեմներ է բերում, մանավանդ որ շատ դեպքերում հալեցումից հետո պարզվում է, որ խողովակները ճաքել կամ տրաքել են»,- ասում է Գ. Պառավյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել