գալյաKinoashkharh.am-ը գրում է.

Նրան համեմատում են Աննա Մանյանիի հետ, ասում են` Գալյա Նովենցը հայ Աննա Մանյանին է: Բայց բոլորը չէ, որ համաձայն են այս տարածված կարծիքին: Համաձայն չեն նրանք, ովքեր ուղղակի չեն ուզում համեմատել Գալյա Նովենցին որևէ մեկի հետ, որովհետև նա եզակի էր, բացառիկ:

Ինչպե՞ս բացատրել այն անբացատրելին, որի ուժը ստիպում է հմայվել, էկրանին ու բեմին գամվել, երբ խաղում է Գալյա Նովենցը: Մեկ հավաքական բառով` անկեղծությամբ:  ”Դերասանուհի, որը դերասանություն չի անում: … Մոռանալ դերակատարին և խորամուխ լինել կերպարի էության մեջ. սա չէ՞ արդյոք դերասանական  արվեստի  բարձրակետը:  Իմ  կարծիքով` սա է: … Զգացմունքները ոչ թե ցուցադրող, այլ ներս գցող, թաքցնող, կերպարի հուզմունքներն իրենը դարձնող”,- ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի գնահատականն է:

ԽՍՀՄ, նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելին “Մեր մանկության տանգոն՚” կինոնկարը դիտելուց հետո ասել է. “Այսուհետև հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին”:

Գրեթե նույն գնահատականն է տալիս վրացի կինոռեժիսոր Գենա Ցուլայան. “Մինչև հիմա հայ ռեժիսորներդ  ձեր  ժապավեններում նկարահանում էիք վրաց դերասանուհիներին: Գալյա Նովենցին էկրանին տեսնելուց հետո համոզվեցինք, որ հիմա ժամանակն է` մենք  դիմենք  ձեր  օգնությանը”:

Արձակագիր Աղասի Այվազյանը գրում է. “Ես նրան տեղադրում եմ ոգեխառնության դարբնոցում մարդկային բարձր շփման տաղանդը կրող դերասանների շարքում: …Ես վստահաբար հանձնվում եմ դերասանուհու մարմնավորած կերպարների և իր էության նույնականացմանը”:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը Գալյա Նովենցին ասել է. “Եթե ես  քեզ չեմ տեսնում թատրոնի բեմում, ապա երջանիկ եմ, որ հաճախ դու ես այցելում մեր տուն և կապույտ էկրանից քո մաքրամաքուր արվեստով զրուցում ինձ հետ… Այցելում ես քո քույրերի` Սիրանուշի, Սանամի, Անթառամի, քրդուհի Նազիի և թեկուզ չար Նոյեմի հետ”:

1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Մասնակցում է 40 երկիր: Ավանդական ու հեղինակավոր այս կինոստուգատեսին Խորհրդային Միությունը մրցութային ցուցադրության է ներկայացրել Վ. Աբդռաշիդովի “Մոլորակների շքահանդես՚” և Ա. Մկրտչյանի “Մեր մանկության տանգոն” ֆիլմերը: Երկուսն էլ հանդիսատեսն ու ժյուրին բարձր են գնահատում, բայց “Մեր մանկության տանգոյի” ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ միջազգային կինոաշխարհը հայացքը սևեռում է հայ դերասանուհու վրա. հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին: Այս գլխապտույտ հաջողությունից ընդամենը մի քանի ամիս առաջ “Մեր մանկության տանգո՚” ֆիլմը, մասնակցելով Մինսկի համամիութենական կինոփառատոնին, վաստակել էր ժյուրիի ու հանդիսատեսի հիացմունքն ու բարձր գնահատականը:

Գալյա Նովենցը կանացի լավագույն դերակատարման համար արժանացել էր Մինսկի կինոփառատոնի մրցանակին:

50-ից ավելի դերեր թատրոնում ու ռադիոբեմադրություններում, հարյուրավոր կրկնօրինակումներ. բայց կինոէկրանը արտիստուհուն դարձրեց ժողովրդական ու ժողովրդինը: “Անկեղծ ասած` կինոն երբեք իմ սերը չի եղել: Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է: Բայց ստացվել է այնպես, որ քիչ թե շատ ստեղծագործելու հնարավորություն  ինձ  կինոն է տվել: Կինոյի աշխարհում ես ինձ ավելի լավ եմ զգում: … Յուրաքանչյուրը թատրոնից ստանում է այն, ինչ փնտրում է: Թատրոնում ամեն ինչ պիտի լինի, բայց նախ և առաջ` սեր, արժանապատվություն, լույս”,- անկեղծացել է Գալյա Նովենցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել