Հիշում  եմ  երկար  մատներդ... 
Հիշում եմ, թե  ինչպես  էիր  մոտենում դաշնամուրին, դանդաղ  ու ստեղների  վրայից հանգիստ  վերցնում  կտորը, նստում  կլոր աթոռին: Ու  այդ պահին  դեմքիդ  այնքան հանգստություն, այնքան  նուրբ  գծեր  կային: Ու իմ  աչքի  առաջ  քո մատները  սահում  էին ստեղների  վրայով` մեկ սև, մեկ  սպիտակ: Ականջներս  ճմոթվում  էին այդ նրբությունից, հնչյուններից: Վախենում էի ստեղները մաշվեն, վերանան  քո  բարակ մատների  տակ: Չգիտեմ` ինչպես  էիր  վերև-ներքև  անելով  սիրտս վերև-ներքև  անում, բայց ես  ցնդում  էի, վեր բարձրանում  այդ հնչյունների  հետ, պար  գալիս  օդում: Բարձրից  քո մատներն  ավելի  էին գեղեցկանում: Ես սովորում  էի  սիրել, սիրել  երաժշտությունդ ու...
Թունելի  պես  բաժանում  էին  քո  հնչյունները  մեզ` մեկ  սև, մեկ  սպիտակ: Հասնելու  համար կուլ էի  տալիս  ամեն  մի  մեղեդի, ամեն  մի  ♬ , բայց  քո  սև-սպիտակը  վերջ  չուներ, քո մատները հոգնել  չգիտեին... Ոչ  մի անգամ  չասացիր  քո  մատների  գաղտնիքը: Շատ կուզեի լսել քեզնից, որ  այդ հնչյուններն  իմն  են, բայց  դու  այդպես  էլ  չխոսեցիր: Իսկ երբ երկար մատներդ իջեցնում էիր մազերիս  մեջ, թվում  էր, թե հանգիստ ես տալիս նրանց: Բայց այնտեղ  էլ  դրանք խճճվում էին, ուղեղս լցնում սև-սպիտակով: Ինքդ էլ հաճախ մտքում փորձում էիր ինձանից դաշնամուր սարքել, բայց  ինձնից  ի՞նչ  դաշնամուր. քմծիծաղդ էր մատնում: Ես միայն կարող էի լսել ու նայել, նայել մատներիդ:
Քեզնով հասկացա. շուրթերից առավել մատներն  են  ապացուցում, որ սիրում  են...     

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել