Թուրքիայում իմ էս ճամփորդությունը 2004 թվին էր: 10 տարի առաջ : Էն ժամանակ Թուրքիան շատ ավելի հեռավոր էր ու անհայտ, հիմա գնալ-գալը անհամեմատ շատացել ա, բայց էսօր էլ, կարծում եմ, իմ անցած երթուղին տպավորիչ ա` Երեւան-Ստամբուլ-Սամսուն-Թոքատ-Ամասիա-Սվազ-Անկարա-Վան-Դատվան-Մարդին-Ուրֆա-Դիարբեքիր-Ստամբուլ-Երեւան:
Հենց նույն տարին էլ գրեցի էս տեքստը ու հրապարակեցի, նախ կրճատումներով` «Առավոտում», հետո ամբողջությամբ` «Հետքում», հետո նորից կրճատումներով+քոմենթներով` «ակտուալ ա»ում, մի պուճուր հատված էլ «Աղբյուրում»: Էսօր արդեն ընթերցող նոր սերունդ ա եկել, որ հավանաբար կարդացած չի լինի էս 10 տարի առաջվա տեքստը: Իսկ նրանց համար, որ արդեն կարդացել  են, գուցե հետաքրքիր լինի վերակարդալ նույնը 10 տարի անց` երբ որ թե Հայաստանն ա փոխվել, թե Թուրքիան, ու թե, մանավանդ, մենք բոլորս:
Տեքստում բոլոր անունները փոխված են: Բայց բոլոր մարդիկ ու նկարագրված բոլոր դեպքերը իրական են:  
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՆԵՐ
«Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան… կարծում էի`  դե մեր մոտի հայերն են… «Մեր մոտի հայերը»  Թուրքիայում մնացած հայերն էին: Իսկ ուրիշ հայը տվյալ պահին ես էի: Սեւեռուն` ինչքան որ թույլ էր տալիս թուրքական քաղաքավարությունը, Լաթիֆեի աչքերը նայում էին ինձ` շրջանակված ձայնի դեռ զրնգացող արձագանքով, գլխաշորի ոսկեգույն մետաքսով ու բնակարանի փափուկ հանդիսավորությամբ:
Դեռ Վանը չէի տեսել: Դեռ Սվազի հայկական թաղամասը չէինք փնտրել: Աթաթուրքի դամբարան հաջորդ օրն էինք գնալու: «Գնում եք որ ի՞նչ տեսնեք` իրա խմած գինու շշե՞րը»: Դեռ ճամփորդության առաջին օրերն էին, ու առաջին օրերի ամենամեծ անակնկալը` Լաթիֆեի ոսկեգույն գլխաշորը` որպես թուրքական այլախոհության առանցքային ժեստ:
Պարադոքս ա` իսլամամետ կուսակցությունը իշխանության գլուխ լինելով, իսլամականներն իրանց դեռ ընդդիմություն են զգում: Ընդդիմություն` կապուտաչյա Մուստաֆային, որ հեռավոր 38 թվականին մահացավ լյարդի ցիրոզից: Բայց ոնց որ թե` էնքան էլ մահացած չի:
«Բանակում ամեն օր ներկա-բացակա անելիս կարդում են իրա անունը. Հաքան: Ներկա: Զեքի: Ներկա: Յունուս: Ներկա: . . . Մուստաֆա Քեմալ: Ներկա ՜՜՜՜՜՜(բոլորը միասին):  Էս Աբդուլան էր պատմո՞ւմ, թե Թահիրը: Երեւի Աբդուլան, Թահիրն ընդհանրապես ավելի շատ տխուր լռում էր: Որ հարց տայիր, խոսում էր խաղաղ, դանդաղ, ստուգելով ու ճշգրտելով արտասանած բառերն ու մտքերը, հետո մեկ էլ կեսից լռում էր: Սկզբում կարծում էի` անգլերեն բառերն էին քչություն անում, դրա համար էր լռում, հետո հասկացա, որ էդ լռությունը նշանակում էր` է՜՜՜՜, այսինքն թե, իրա սիրած բառով` ուշ ա:
Թահիրին իրա գյուղի մասին հարցրի, ասեց` «Աղքատ գյուղ ա»:  Աբդուլան զարմացավ` «Ձեր գյուղը կարգին հարուստ գյուղ ա, էդ ինչի՞ հանկարծ աղքատ դարձավ»: «Աղքատ ա, Ամերիկայից որ գալիս ես` տեսնում ես  (է՜՜՜՜՜):
Թահիրը թուրք գրականության դասախոս էր: Նահանգների համալսարաններից մեկում ուսումը շարունակելուց հետո վերադարձել, տեսել էր իրա երկիրը ինչ-որ սխալ ա սարքած: «Մեզ Եվրամիություն կթողնե՞ն որ: Երբեք չեն թողնի: Բա որ չէին թողնելու, բա որ տեղ չէինք հասնելու` ինչի՞ մեզ էս ճամփան հանեց: Ճանապարհին էլ` էնքան բան ջարդեց ու փշրեց, որ արդեն հետ դառնալ չի լինի: Ուշ ա»:
Եթե էդ օրը կարողանայինք Վանի տոմս առնել, երեւի «ջարդող-փշրողի» դամբարան գնալու ժամանակ չմնար: Տարօրինակ ա չէ՞, բոլորս էլ վաղուց գիտենք որ կյանքը հենց պատահեց` դառնում ա պատմություն, իսկ պատմությունը «եթե» չի հանդուրժում, բայց գիտենալով հանդերձ` առավոտից իրիկուն խոսում ենք եթեներով: Թվում էր` գոնե թանգարանները պետք ա եղածի մասին պատմեին, ոչ թե եթեների, բայց հենց Աթաթուրքի դամբարան-թանգարանում էր, որ ինձ պատահեց, ուզում եմ ասել` ոչ թե գլխումս ծագեց, այլ աչքերիս առաջ առարկայացավ, ամենաանսպասելի եթեն:  Երբ որ թանգարանի առաջին հատվածից, հետեւելով միջանցքի հատակին խնամքով գծված սլաքներին, հայտնվեցի երկրորդ հատվածում` թնդանոթները կրակում էին, արկերը պայթում էին, նվագախումբը նվագում էր, զինվորները երգը շուրթերին մեռնում էին, ու էդ ամեն ինչը` ձախ պատի հսկա երկայնքով փորված փոսում, այնինչ աջ կողմի պատի վրա …  ոճով` վավերական-ռեալիստական, չափերով ու բովանդակությամբ` ֆանտաստիկ մի քարտեզ էր, որի վրա Թուրքիան չկար, ավելի ճիշտ կար, բայց էնքան փոքր էր, որ անճանաչելի էր, ու Հայաստանը նույնչափ, բայց հակառակ իմաստով անճանաչելի էր, եւ Հայաստանն ու Թուրքիան փաստորեն նույնքաշային հարեւաններ էին: Ու Սվազը փաստորեն համարյա սահմանային քաղաք էր:
Թանգարանի նախորդ հատվածը սկսվել էր Զուբեյդե խանումի փոքրիկ նկարով, էս մեկը բացվում էր Սեւվրի դաշնագրի հսկայական քարտեզով: Ասել կուզի Սեւրով, ավելի ճիշտ ընդդեմ Սեւրի սկսվում էր Մուստաֆայի երկրորդ ծնունդը. Զուբեյդե խանումից ու Ալի Ռիզայից ծնվածը պատերազմի բոցերի միջով փոխակերպվում էր Աթաթուրքի` բոլոր զուբեյդեխանումների եւ ալիռիզաների հոր: Իսկ նման դեպքերում, այսինքն էն դեպքերում, երբ մարդը որոշում ա դառնալ իրա ծնողների ծնողը, կողմերի փոխհարաբերությունները սովորաբար բավական բարդ են ստացվում: Ուզում եմ ասել` Աթաթուրքի եւ թուրք ժողովրդի փոխհարաբերությունները եթե բնորոշենք որպես սիրավեպ, պետք ա խոստովանենք որ գործ ունենք բնավ ոչ արեւելյան մի սիրավեպի հետ, ուր սիրո եւ ատելության սահմանները լավ չեն տարբերակվում:
 Քանի դեռ պատերազմ էր, հարաբերությունները քիչ թե շատ պարզ էին կարծես` Մուստաֆան գնում էր առջեւից, թուրք ժողովուրդը` հետեւից. տղամարդիկ կռվում  էին, կանայք զինամթերք էին հասցնում ռազմաճակատ:  «Սերիֆե բաջին Կաստամոնուից, որ ցրտահարվեց ու մահացավ, երբ որ Ինեբոլուից սայլով զինամթերք էր տեղափոխում Անկարա»:  Լուսանկարը փոքր էր ու խունացած, Սերիֆե բաջիի դեմքը չէր երեւում: Չգիտեմ` ինչքան էին վավերական ու ինչքան էին բազմաքանակ սերիֆեբաջիները, բայց թուրք տղամարդիկ Մուստաֆայի հետ միասին երեւի թե կռվում էին, թե չէ մենակ Վլադիմիր Իլյիչի ուղարկած ոսկիների զորությամբ դժվար թե հնարավոր լիներ ռեւանշ վերցնել բոլոր երեք ճակատներում` ընդդեմ հայերի, հույների ու ֆրանսիացիների, Սեւրի դաշնագիրը վերածելով թղթի կտորի:
Հետո պատերազմը վերջացավ, սկսվեց բուն հեղափոխությունը: Հանուն հանրապետության:  «Թուրք ազգի բնավորությանն ու ավանդույթներին ամենից համապատասխան կառավարման համակարգը հանրապետությունն է»/ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք:  Ինչը պահանջվում էր ապացուցել: Որ անցա մեջբերումների, երկրորդն էլ բերեմ. «Պատմությունը գրելը նույնքան կարեւոր է, որքան պատմությունը կերտելը: Եթե գրվածն ու արվածը իրար չեն համապատասխանում, ճշմարտությունը կարող է ձեռք բերել մարդկությանը շփոթեցնող երանգներ» /Մ.Ք.Աթաթուրք:  Շփոթմունքից խուսափելու պարզ մի եղանակ կա` քաջ հայտնի բոլոր հեղափոխականներին. պատմությունը նախօրոք ես գրում: Ավելի ճշգրիտ ասած` պատմությունը նախ հայտարարում ես, հետո հայտարարածդ սարքում-ապացուցում (կերտում): Սարքել կարողանալու համար` պետք ա էներգիան բավարարի: Սարքել ցանկացողների էներգիան: Բայց ես մի քիչ շեղվեցի:
Հաջողվե՞ց Քեմալի հեղափոխությունը: Ոնց որ թե` հաջողվեց, եւ հանրապետությունն էսօր Թուրքայում կարծես թե արդեն հայտարարություն չի, այլ իրողություն: Ամեն դեպքում` ընտրություններն էս երկրում վաղուց արդեն ձեւականություն չեն. հենց ընտրություններում հաղթելով էր, որ իսլամամետները եկան իշխանության` հակառակ աշխարհիկացման քեմալյան ուղեգիծը պաշտպանող բանակի կամքին: Բայց էս վերջին հանգամանքի մեջ, ոնց որ հասկանում եք, զավեշտ կա եւ ծուղակ. եթե բանակի կամքը վաղը բոլորովին դադարի որոշիչ դեր խաղալ ներթուրքական քաղաքական գործընթացներում (ոնց որ վայել ա իսկական հանրապետությանը), շատ հավանական ա իսլամականները, օգտագործելով ժողովրդավարական գործուն մեխանիզմները, խաչ քաշեն, ավելի ճիշտ` կիսալուսին քաշեն թուրքական հանրապետության վրա` վերականգնելով Քեմալի լուծարած խալիֆաթը:
Եթե գծագրածս տարբերակի մեջ մռայլ չափազանցություն տեսաք, ասեմ որ դրա հեղինակը ես չեմ, Մեթինն ա:
Ուրֆայի սարսափելի շոգը իրիկվա կողմ հազիվ մի քիչ մեղմացել էր, սրճարանում նստած թեյ էինք խմում, Մեթինը պատմում էր. «Չգիտեմ ինչքան կդիմանանամ էս քաղաքում, ես իրանց նման չեմ` օտար եմ, պարզ զգացնել են տալիս, որ օտար եմ, ամեն րոպե են զգացնել տալիս, պատկերացրեք` առեւտուր անելիս ինձ ասում են` չէ, ուզածդ չկա, թեեւ ես գիտեմ որ` կա: Աղջիկս էլ բակում էրեխեքի հետ չի կարողանում խաղալ, սովոր չի` շատ են կոպիտ»: Մեթինի հայրը թուրքական բանակի սպա էր եղել: Ինքը ճարտարապետ էր, հանգամանքների բերումով աշխատանքի էր ուղարկվել Ուրֆա` հենց էն քաղաքը, որ դարձել ա արմատական իսլամականության կենտրոնը Թուրքիայում:
Ուրֆայում էդ օրը առավոտից մեզ Աբդուլան էր ուղեկցում: Պարզվեց` ժողովրդական ավանդությունը Ուրֆան նույնացնում ա Աբրահամի ծննդավայր Ուրի հետ: Երեւի որովհետեւ Աբրահամին հարգում են համաշխարհային կրոններից առնվազն երեքը, նրա ծննդյան քարայրի վրա նախ սինագոգ էր եղել, հետո սինագոգը, առանց քանդվելու, վերափոխվել էր եկեղեցու, վերջում եկեղեցին, նորից առանց քանդվելու, վերափոխվել էր մզկիթի: Իսկ մզկիթի կողքին Բալըքլը լճակն էր` ծայրեծայր լցված սուրբ ձկներով եւ շրջապատված բազմաքանակ մահմեդական բազմությամբ` ակնհայտորեն ոչ միայն Թուրքիայի, այլեւ աշխարհի տարբեր ծագերից: Ու էդ դիտարժան բազմության մեջ ամենից դիտարժանը սպիտակաթիկնոց քրդական շեյխերն էին` իրանց զառ-գունավոր կանանց հետ, որոնց կրկնօրինակը ես դարակզբի հայկական ֆիլմերում էի տեսել, բայց բնօրինակն ավելի էր կինո:
Իսկ ձկները սուրբ էին, որովհետեւ երբ որ «գոռոզ ու ամբարիշտ բռնակալ Նեմրութը» միաստվածություն քարոզող Աբրահամին բերդից շպրտել էր ներքեւ, Աստված Աբրահամին փրկելու համար ներքեւում լիճ էր գոյացրել, քարերը ձկների էին փոխվել, ու հիմա սրանք էդ ձկներն էին, կամ ավելի ճիշտ` էդ ձկների սերունդները: Բերդ տանող երկու ճանապարհ կա` լույս եւ մութ, մենք ընտրեցինք մութը, դռանը նստած պահակին ամեն մեկս միլիոնական լիրա տվեցինք ու մտանք Նեմրութի կառուցած ստորգետնյա գաղտնուղին: Մտանք ու համարյա փոշմանեցինք, որովհետեւ անցուղու ամեն հսկա աստիճանը հաղթահարելու համար տիտանական ջանքեր էին պահանջվում: «Էս Նեմրութ կոչվածը սադո-մազոխիստ ա էղե՞լ, թե տիտան», իբր թե կատակեցի ես ու հաջորդ վայրկյանին հիշեցի որ` ախր էս Նեմրութ-Նեմրուդ-Նեբրովթը, Խորենացին մեռավ բացատրելով, մեր հին ծանոթ Բելն էր, որին Հայկը սպանեց, իսկ Հայկն ու Բելն ախր հսկաների գոռոզ ցեղից էին, էնքան գոռոզացան, որոշեցին Բաբելոնի աշտարակը սարքեն, բայց Աստված ջղայնացավ ու քանդեց:  Բայց ես նորից շեղվեցի:
Երբ որ բերդից իջել ու շունչ քաշելու համար թեյ էինք խմում, Աբդուլան մեկ էլ ասեց` «Ուրֆայում Հոբի քարայրն էլ կա, կարող ենք գնալ նայել»:  «Հոբի՞,- ականջներիս չհավատացի ես,- էն որ Աստծո դեմ ուզում էր դատ բացե՞լ»: «Չէ,- ջղայնացավ Աբդուլան,- էն որ Աստծուն մինչեւ վերջ հնազանդ մնաց»: Գնացինք նայելու: Հոբի քարայրը ստորգետնյա մի փոս էր` լցված ջերմեռանդ կանանցով, որոնց մի մասը քարերն էր գետնատարած համբուրում: «Էս ինչ որ անում են` սխալ ա», տխրեց Աբդուլան` հավատարիմ մնալով իսլամական կանոնների անձնուրաց պաշտպանի իր կոչմանը, հակառակ որ դրա պատճառով ամեն քայլափոխի վշտանում էր: Առավոտյան, Ուրֆա գալու ճանապարհին, Իլքերի հոր գյուղական տունն էինք այցելել, եւ Աբդուլան նորից տխրել էր` տեսնելով «չար աչքի դեմ կապույտ հուլունք» թալիսմանները, որոնք նախաիսլամական էին, այսինքն թե` «ՙսխալ»: Ավաղ, էդ օրը Աբդուլայի համար թարս օր էր, եւ ճակատագիրն ամենադառնահամ հաբը իրիկվան էր պահել. Հոբի քարայրից որ դուրս եկանք` արդեն օրը կիսվել էր, զանգեցինք Մեթինին, համոզվեցինք որ տունն ա ու մեզ ա ա սպասում, գնացինք տունը գտանք, զանգը տվեցինք, ներս մտանք ու… պարզվեց «էլիտիստի» տանն ենք հայտնվել:
Նախորդ օրը Աբդուլայի հետ թուրքական ֆուտբոլից ու քաղաքականությունից էինք խոսում, ասել էր` «մեր քաղաքական դաշտում երկու հիմնական թիմ կա` պահպանողականներ ու էլիտիստներ, մնացածը, եթե նույնիսկ բոլորով իրար գլխի հավաքվեն, գոլ խփելու ընդունակ չեն»: Մինչեւ Մեթինի դռան զանգը տալը, Թուրքիայում մեր բոլոր հյուրընկալները` Թահիրը, Աբդուլան, Իլքերը, պահպանողականներ էին եղել, ու ես սովորել էի ոչ միայն նրանց կանանց գլխաշորերին, այլեւ բնակարանների դեկորատիվ հանդիսավորությանը, դրա համար էլ Մեթինի տունը ոչ միայն Աբդուլային անակնկալի բերեց, այլեւ ինձ. դեկորատիվ առարկաների բացակայությունն ու իրերի պարզ գործառականությունն էնքան ակնհայտ էր էդ տանը, որ բնակարանը դառնում էր պրագմատիզմի մանիֆեստ: Դրա համար էլ, թեեւ հզոր օդափոխիչը դրսի սոսկալի շոգից հետք անգամ չէր թողնում, Աբդուլան շտապեց լքել զովության էդ «էլիտար» օազիսը, իսկ ես հիշեցի Աթաթուրքի թանգարանի նույնքան զով սրահներն ու ոնց որ թե վերջապես գտա Քեմալի հեղափոխության բնորոշումը, որ էդ թանգարանում լինելուց հետո օրեր շարունակ փնտրում էի` ազգային-պրագմատիկ հեղափոխություն:
Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքների պարտադիր ատրիբուտ` Քեմալի զավեշտական արձանները` «ձեռքը դեպի ապագան պարզած» կամ «ժողովրդի հետ», էնքան են հիշացնում լենինստալինյան հանգուցյալ մոնումենտները, որ ակամա սկսում ես երկու հեղափոխությունները համեմատել: Ու համեմատելով, տեսնում ես որ նմանությունները մակերեսային են, տարբերությունները` առանցքային: Լենինի իդեա-ֆիքսը սոցիալական էր, Քեմալինը` ազգային: Լենինի հեղափոխությունը ռոմանտիկ-ուտոպիստական էր, Քեմալինը` պրագմատիկ, Վլադիմիր Իլյիչը կասեր` օպորտունիստական:
Լենինը մի բան էր որոշել կառուցել, որ աշխարհում դեռ չկար ու երբեք չէր եղել, այնինչ Քեմալի կառուցածն ընդամենը ազգային պետություն էր, իսկ նման շինարարության համար պատրաստի կոնստրուկցիաների պակաս շուրջբոլորը չկար, աշխարհում ինչն էր շատ` ազգային պետությունները: Թուրքական Հանրապետությունն իր քաղաքացիական օրենսգիրքը փոխ առավ Շվեյցարիայից, քրեական օրենսգիրքը` Իտալիայից, գործարար կյանքին վերաբերող օրենքները` Գերմանիայից: Բայց որպեսզի նորը սկսեր գործել, պետք էր հինը դեն շպրտել: Ու Քեմալը որոշեց դեն շպրտել իսլամը:
Հակաիսլամական ուղղակի կոչեր կամ աթեիստական մանիֆեստներ Քեմալը կարծես թե չի արձակել, բայց գործողությունները հաճախ ավելի խոսուն են, քան ցանկացած մանիֆեստ. լուծարվեց խալիֆաթը, որ իսլամի քաղաքական իշխանությունն էր խորհրդանշում, վերացվեցին իսլամական դատարաններն ու դպրոցները, թուլատրվեց ալկոհոլի ազատ վաճառքը, կանանց արգելվեց գլխաշոր կապել, տղամարդկանց՝ ֆես դնել (ի դեպ, ֆեսի ձեւը հատուկ հարմարեցված ա դրանով նամազ անելուն՝ որ ճակատը բաց մնա եւ աղոթելիս գետնին կպնի)։ Էս ամեն ինչից հետո իզուր չի, որ իսլամականները Թուրքական Հանրապետության հիմնադրի արածը բնութագրում են որպես «ջիհադ ընդդեմ իսլամի»։
Քեմալը Եվրոպայում էր ծնվել, բայց նրա ծննդավայր Սալոնիկը Թուրքական Հանրապետության սահմաններից դուրս մնաց, ինչպես որ Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը։ Ոչինչ, էլ ինչ հեղափոխական, եթե պատմությանը հաղթել չկարողանար. եթե արդեն հնարավոր չէր փոխել երկրի սահմանները, պետք էր ուրեմն փոխել Եվրոպայի սահմանները, ու Քեմալը որոշել էր Անատոլիան դարձնել եվրոպական տարածք։ Իսլամը խանգարում էր։
Բայց սալոնիկցի գեներալի հակաիսլամականությունը մենակ նրա եվրոպամետությունից չէր գալիս, կար իսլամն անցանկալի դարձնող մեկ ուրիշ կարեւոր հանգամանք։ Մուսուլմանն իրան պարտավոր ա զգալ համաշխարհային մուսուլմանական համայնքի՝ ումմայի անդամ, հետո միայն՝ էս կամ էն ազգի միավոր։ Էս իմաստով՝ իսլամը հակաազգայնական բնույթ ունի։ Իսկ Քեմալը ազգայնական էր։ Ու թեեւ նրա մղած բոլոր պատերազմները քրիստոնյա պետությունների դեմ էին, նրա պատերազմական կոչերում երբեք ոչ մի բառ չկա հանուն հավատի մարտնչելու մասին, եթե էդ կոչերում «թուրք» բառի տեղը կախման կետեր դնես, կստացվեն ազգայնականության քրեստոմատիական-ուսուցողական նմուշներ՝ կախման կետերի տեղը համապատասխան ազգի անունը դնելու պայմանով։
«Թուրք ազգը, որ կարողացավ պաշտպանել իր հայրենիքն ու ազատությունը, պետք է ազատագրի նաեւ իր լեզուն՝ օտար լեզուների լծից»։ Էս արդեն, ոնց որ հասկանում եք, Քեմալի հետպատերազմական կոչերից ա, սրանով սկսվում ա նրա նշանավոր լեզվական ռեֆորմը։ Փոքրիկ մեջբերում՝ Աթաթուրքի կենսագրականից. «1928 թվականին, երբ նա որոշեց, որ մի ողջ հազարամյակ թուրքերի կողմից օգտագործված արաբական գիրը պետք է փոխարինվի լատինականով, հարցրեց մասնագետներին, թե դա որքան կտեւի։ Մեծ մասը պատասխանեց. «Առնվազն հինգ տարի»։ «Մենք դա կանենք հինգ ամսում», ասեց Աթաթուրքը»։
Ասեց ու արեց։ Բայց օտար լեզուների լծից ազատագրվելու համար մենակ արաբական գրից հրաժարվելը բավարար չէր թվում։ Դա ռեֆորմի սկիզբն էր ընդամենը։ Էդ ռեֆորմը շարունակվեց, ու երկաթյա հետեւողականությամբ դեն շպրտվեցին արաբականի ու պարսկականի բոլոր հետքերը՝ բառերը, հնչյունները, քերակականական ձեւերը։ Նորից մեջբերում եմ. «20-ական թվականներին գրավոր թուրքերենում արաբերեն, պարսկերեն ու ֆրանսերեն բառերը կազմում էին 80 տոկոս, 80-ականների սկզբին դրանք նվազել հասել էին 10 տոկոսի»։ Այ թե ռեֆորմ եմ ասել։ Լեզվից քիչ թե շատ հասկացողը ձեզ կասի, որ եթե 60 տարվա ընթացքում լեզվից կտրում դեն ես շպրտում նրա 70 տոկոսը, կատարվածն արդեն ռեֆորմ չի, այլ ցունամի, իսկ լեզուն, որի վրայով ցունամի ա անցել, նորմալ գործել չի կարող։ Ես էս շշմացնող մանրամասների մասին Հայաստան վերադառնալուց հետո կարդացի, երբ որ Թուրքիայում էի՝ դրանց մասին դեռ չգիտեի, դրա համար էլ երբ որ Թահիրը տխուր-տխուր բացատրում էր, թե՝ «Հիմա թուրքերենով մտքերդ կարգին արտահայտել չես կարողանում, փիլիսոփայական տեքստ թարգմանելը անհնար գործ ա, նույնիսկ պատմական բնույթի գրականություն թարգմանելիս դժվարությունների առաջ ես կանգում», ես նրա տխրությունը ահագին չափազանցված էի համարում ու փորձում էի մխիթարել. «Դե լավ, ոչինչ, մարդը մի քիչ չափն անցել ա, դե որ հիմա գլխի եք ընկել՝ դուք էլ հակառակ ուղղությամբ ռեֆորմ արեք»։ «Ուշ ա», ասում էր Թահիրը, «անհնար ա»։ «Էս ինչ շուտ հուսահատվող խալխ եք», զարմացած մտածում էի ես ու հիմա նոր եմ հասկանում, որ անարդարը ես էի ու Թահիրի հուսահատությունը հիմք ուներ։
Քեմալի (ու քեմալականների) արածն իրականում լեզվական ռեֆորմ չի, այլ բետոնե պատ՝ թուրքի ու իրա անցյալի, թուրքի եւ մուսուլմանական մնացյալ աշխարհի միջեւ։ Պատը 1928-ից ա բարձրանում, դրանից առաջ գրված ցանկացած փաստաթուղթ ու գրություն էսօրվա թուրքի համար չինարեն ա, նայում ա, ասենք, 1925 թվականին իրա պապի գրած նամակին՝ չի հասկանում բացարձակապես ոչինչ, եթե սովորի արաբերեն տառերը, մեկ ա չի հասկանալու բառերը, եթե բառերը նայի բառարանում՝ չի հասկանալու բառերն իրար կապելու ձեւերը, որովհետեւ փոխված են։ (Բառարան որ ասում եմ, նկատի ունեմ Թահիրի գրասեղանին դրված հաստափոր գիրքը՝ «Օսմաներեն-թուրքերեն» բառարան)։
Բետոնե պատը բարձրացվում էր նրա համար, որ Թուրքիան, մեջքն էդ պատին հենելով, նայի դեպի Եվրոպա՝ ոնց որ հավասարը կնայեր հավասարին։ Բայց հենց հավասարը հավասարին հայացքն ա, որ չի ստացվում։ Իմ հանդիպած բոլոր թուրքերը իրանց երկրի՝ Եվրամիություն մտնելու հարցը ձեւակերպում էին այսպես. «մեզ կթողնե՞ն Եվրամիություն»։
Կմտնի՞ Թուրքիան Եվրամիություն։ Իմ պատուհանից, պարզկա եղանակին, երեւում ա Արաքսը։ Ահագին հեռվում ա երեւում, եթե ոտքով գնամ, մի օրում չեմ հասնի, բայց որ մեքենայով գնամ՝ կհասնեմ։ Արաքսից էն կողմ փռված տարածքներին ես էս ամառ հակառակ կողմից մոտեցա, որովհետեւ Արաքսով անցնող սահմանը, ոնց որ գիտեք, դեռ Եվրամիության ու Հայաստանի սահման չի դարձել ու փակ ա։ Հիմա որ փորձում եմ պատկերացնել էդ տարածքները Եվրամիության կազմում՝ ֆանտաստիկ զգացողություն եմ ունենում ու նոր եմ զգում, որ հազարամյակը փոխվել ա…
Ասեցի՝ հակառակ կողմից մոտեցա, բայց էնքան էլ ճշգրիտ չէի. Անկարայից Վան թռանք ինքնաթիռով, ու ես Վանում հայտնվեցի միանգամից։ Որ Վանում հիմա քրդեր են ապրում՝ գիտեի։ Որ հին քաղաքը չկա՝ գիտեի։ Բայց երբ որ տեսա՝ պարզվեց ոչ մի բան էլ չգիտեի, որովհետեւ քրդերի Ներկայությունն ու հին քաղաքի Բացակայությունը մի բան էր, որ նախօրոք անհնար էր պատկերացնել։
Լիճը երեւաց դեռ ինքնաթիռից, ահագին ժամանակ թռչում էինք ջրի վրայով ու իջանք հենց ափին. լիճը մեծ էր ու նման էր ծովի: Նոր քաղաքը լճից ահագին հեռու են սարքել, նոր քաղաքում լիճը չես տեսնում, փոխարենը հանկարծ կողքիդ են հայտնվում եւ ուշադիր քեզ են նայում սարերը, ուզում ես անընդհատ կողքիդ մնան ու քեզ նայեն, բայց շենքերը խանգարում են:
Քրդերը քաղցրախոս են: Նույնիսկ երբ որ անգլերեն են խոսում, բառերը թաթախում են շարբաթի մեջ: Շարբաթն էնքան շատ ա, կաթում ա վրադ ու զգուշացնում, որ թատրոն ա, ուղղակի չհասկանաս: «Որտեղի՞ց եք»` հարցնում ա:  «Հայաստանից»: «ՙԲարո՜վ, բարո՜վ էկաք, էս ձեր տունն ա, ձեր տունն եք էկել, ձեզ ամենալավ սենյակս տամ` թագավորական համար ա»: Թագավորական համարը սովետական հանրակացարանների սենյակներն ա հիշացնում, մենակ ավելի փոքր ա:  «Էս լավը չի, ավելի լավը չունե՞ք»:  «Ունեմ` մենակ հատուկ հյուրերի համար եմ պահում, հայերիդ  որ չտամ`  ո՞ւմ պետք ա տամ»: Հատուկ հյուրերի համար պահված սենյակը ճիշտ նախորդ սենյակից ա, բայց կեղտոտ …
Վանում խելքը գլխին հյուրանոց գտնելը դժվար գործ էր, մինչեւ գտանք` օրը կիսվեց, բերդ գնալիս` արդեն իրիկուն էր դառնում, բերդ որ բարձրացանք` մայր մտնող արեւի տակ առարկաները անբացատրելի գույն ունեին: «Քանի մութը չի ընկել, արի գնանք հին քաղաքի ավերակները տեսնեն»,  ասեցի Վիգենին, ինքը նախորդ տարի Վանում արդեն եղել էր, ասեց` «Ո՞ւր գնանք, ցած նայի` տես»:
Ես ցած նայել էի, բայց չէի հասկացել որ տեսնում եմ, որովհետեւ ցածում էնքան էլ ավերակներ չէին. աջում կապույտ լիճն էր, ձախում, բերդի ուղիղ ոտքերի տակ, քաղաքի բացակայությունն էր` կանա՜չ խոտհարք:
 «Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան, կարծում էի` դե մեր մոտի հայերն են», հիշեցի Լաթիֆեի խոսքերն ու հանկարծ պատկերացրի Հայաստանի բացակայությունը` Վանից մինչեւ Սեւան` կանա՜չ խոտհարք, Սեւանից էն կողմ` երեւի Վրաստան…  Բայց Հայաստանը կար, եթե լավ հեռադիտակ ունենայի, Երեւանը Վանի բերդից երեւալու էր, հիմա ես Երեւանի իմ բնակարանից եմ նայում Վանի կողմը, ու չեմ ասում` եթե լավ հեռադիտակ ունենայի, որովհետեւ հասկացել եմ, որ ոչ մի հեռադիտակ չի օգնի ինձ Վանը տեսնել, Արարատը խանգարում ա:
Լեռները զարմանալի գոյություններ են` հարյուր մետրի վրա գտնվող մարդու դեմքը չես տեսնի, բայց հարյուր կիլոմետր էն կողմ գտնվող սարը տեսնում ես: Պատճառը շատ պարզ ա` որովհետեւ մարդը փոքր ա, իսկ սարը` մեծ, բայց սարը մենակ մեծ չի, սարը նաեւ անշարժ ա, ու եթե տարիներով նայես սարին, քեզ կարող ա թվալ թե ժամանակն էլ ա սար ու չի շարժվում: Բայց ժամանակը, հայտնի բան ա,  ոչ թե սար ա այլ գետ:
Մեթինի հետ մեքենայով գնում էինք Դիարբեքիր, ճանապարհին ամեն քայլափոխի երեւում էր նույն հապավումը. GAP` Հարավարեւելյան Անատոլիայի (զարգացման) ծրագիր», Մեթինին հարցրի` էս տարածքներում ի՞նչ տնտեսություն ա, ասեց` ֆեոդալիզմ, հնարավոր ա էլի չափազանցում էր, բայց որ տեսածս որոշ գյուղեր հիշում եմ` կարող ա եւ ճիշտ էր ասում: Մի երկու րոպե լուռ էինք, մեկ էլ Մեթինն ասեց` «Ես կուզեի մեր կողմերում նորից հայեր ապրեին, կարծում եմ` զարգացումն էդ դեպքում շատ արագ կլիներ»: Ես բան չասեցի:
Մի երկու րոպե նորից լռություն էր, հետո Մեթինն սկսեց պատմել վերջերս նկարված թուրքական մի ֆիլմի մասին, որ կարգին աղմուկ էր առաջացրել երկրում: Կոչվում էր կարծեմ «Սալքիմ հանըմի ադամանդները» եւ պատմում էր 40-ական թվականների դեպքերի մասին, երբ որ կառավարությունը անտանելի մեծ «ունեցվածքի հարկ» էր դրել «շահագործող տարրերի»` հայ, հրեա եւ հույն ձեռներեցների վրա, էնքան մեծ որ անհնար էր վճարել, իսկ չվճարողներից բռնագրավում էին ունեցվածքն ու իրանց էլ աքսորում աշխատանքային ճամբարներ` տաժանակրության: Մեթինը պատմում էր, իսկ ես հիշում էի գորբաչովյան գլասնոստի առաջին տարիները, երբ որ սովետական լրատվամիջոցների համատարած բետոնը ճաքեր էր տվել ու էդ ճաքերից մեր վրա էր հորդում հիշողությունը մեր ոչ վաղ անցյալի մասին:
Չեմ հիշում էն որ խելոքն ա ասել, որ իրականում ներկա չկա, ամեն ինչ կամ անցյալ ա կամ ապագա: Բայց որ ուշադիր նայում ես` անցյալն էլ ոնց որ թե չկա, ավելի ճիշտ` էդ անցյալ կոչվածը մի տեքստ ա, որի բնագիրը էն գլխից կորած ա, մենք անբնագիր տեքստի հիման վրա անընդհատ փոխադրություններ ենք գրում, ոնց որ հիմա ես: Թուրքիա կատարած իմ ճամփորդությունը` Երեւան-Ստամբուլ-Սամսուն-Թոքատ-Ամասիա-Սվազ-Անկարա-Վան-Դատվան-Մարդին-Ուրֆա-Դիարբեքիր-Ստամբուլ-Երեւան խելքից դուրս երթուղով` չորս ամիս առաջ էր, ես չորս ամիս ա փորձում եմ ներսիս անբառ տարածությունից դեպի դուրս` կազմակերպված բառային տարածություն տեղափոխել էդ ճամփորդության տպավորությունն ու գրածս անտանելի երկարում ա, որովհետեւ չեմ կարողանում հասնել ամենակարեւորին: Բայց ոնց որ թե հասա:
Թուրքիայում շրջում ա համառ մի ուրվական` հայոց ոսկիների առասպե՞լն ասեմ թե պատմությունը: Շրջում ա էն բոլոր տեղերում, ուր որ մի ժամանակ հայ ա ապրել, այսինք թե` Թուրքիայի ողջ հսկա տարածքով մեկ: Հենց հայ են տեսնում, մտածում են էկել ա հողի մեջ թաղված գանձերը հանելու: Հայերի մասին խոսակցությունը որ ծայրից էլ սկսվի, գալիս հասնում ա ոսկիներին: Ու ես էդ ոսկիների մասին լսելիս ահավոր նյարդային էի դառնում: Սկզբում գլխի չէի ընկնում թե կոնկրետ ինչն ա ինձ ջղայնացնում, մինչեւ որ մի առավոտ հասկացա: Դիարբեքիրում էինք, տաքսու մեջ, Վիգենի թուրքերեն զրույցը վարորդի հետ ահագին երկարել էր, հարցրի` դեռ ոսկիներին չհասա՞ք, Վիգենն ասեց`  Հայաստանից ենք խոսում, էսքան ժամանակ բացատրում եմ որ Հայաստանը աղքատ երկիր ա, մեկ ա չի հավատում:
Դիարբեքիրն ինքը մեծ ու աղքատ քաղաք ա: Մարդիկ` հուսահատ ու ագրեսիվ: Օդի մեջ ծայրահեղ լարվածություն կա: Ոնց որ Երեւանում: Բնակիչները հիմնականում քրդեր են: Շատ են, համարյա էնքան, ինչքան որ մարդ ա մնացել Հայաստանի Հանրապետությունում:
Դիարբեքիրից որ նայում ես Հայաստանի կողմը, պարզ տեսնում ես` ինչքան որ հայ ա մնացել  Հայաստանում, էդքանն ա Հայաստանը: Ու որովհետեւ քիչ են մնացել` ամեն մարդ հաշիվ ա, ամեն մարդ` հազար ոսկի: Ու որովհետեւ ամեն մարդ հազար ոսկի ա` դրանց բոլորի գումարն ա Հայաստանի Հանրապետությունը ու չի կարող աղքատ լինել: Բայց աղքատ ա: Որովհետեւ տրամաբանությունն ուրիշ բան ա, իրականությունն ուրիշ: Որովհետեւ մարդը Հայաստանում  հաշիվ չի, ու Հայաստանի Հանրապետությունն իրականում ոչ մի հանրապետություն էլ չի:
Ես գնացել էի, որ Թուրքիան տեսնեմ, Թուրքիան կար ու ես Թուրքիան տեսա: Ես գնացել էի, որ տեսնեմ հայոց առաջին մայրաքաղաքը, բայց հայոց առաջին մայրաքաղաքը չկար, ու ես տեսա դրա Բացակայությունը: Ու երբ որ հայկական Վանի բացակայության եւ քրդերի ներկայության միջով նայում էի Երեւանին, տեսա որ Հայաստանը կար, բայց օր առ օր ու ժամ առ ժամ փոքրանում էր:
2004 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել