«Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք»։ Այս խոսքերի հեղինակը Վազգեն Սարգսյանն է, որոնց հետ դժվար է չհամաձայնել։ Բայց այսօր նույն այդ հովիվը, արհեստավորն ու բանաստեղծը մեծամասամբ կամ սոցիալապես անապահով են, կամ լքել են Հայաստանը, հաճախ իրենց ընտանիքների ու ապագա զինվորների հետ։ Ես վստահ եմ, որ եթե մենք կրկին ներքաշվենք հարկադրված պատերազմի մեջ, կրկին կհայտնվեն հայրենասեր կամավորներ, բայց այսօր մենք ունենք կազմակերպված բանակ, որում չնայած խնդիրները բազմաթիվ են, զինակոչիկների թիվը գնալով նվազում է, այնուամենայնիվ, Ազգային բանակը թերևս մեր ամենակարևոր ձեռքբերումն է՝ անկախությունից ի վեր։ 
Այսօր, որքան էլ վերամբարձ խոսքեր նվիրենք մեր բանակին, մենք դեռևս ունենք չլուծված ԼՂՀ հիմնախնդիր։ Իսկ լուծման ճանապարհը որքան էլ լինի դիվանագիտականը, մեր հաջողությունը դիվանագիտության ոլորտում մեծապես կապված է բանակի հզորության ու մարտունակության հետ, որից երիտասարդները չեն խուսափի ու պատվով կկրեն ՀՀ ԶՈւ համազգեստը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել