«Իմ սիրտը լեռներում է»: Վիլյամ Սարոյանի հանրահայտ պիեսի այս գեղեցիկ վերնագրով էլ որոշեցի սկսել իմ հոդվածը, քանի որ այն հրաշալիորեն խորհրդանշում է նյութը, ինչի մասին ուզում եմ գրել այժմ:

Իմ մշտական ընթերցողները գիտեն, որ «Ապրելու իրավունք» գիտահանրամատչելի գրքիս շնորհանդեսից հետո սկսվել է իմ` որպես գրողի և ընթերցողներիս միջև հանդիպումների մի ուրույն շարք: Եվ ահա ևս մեկ հիշարժան հանդիպում կայացավ հունիսի 19-ին, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում:

Սիրելի՛ բարեկամներ, ես առիթ ու պատիվ եմ ունեցել «Ապրելու իրավունք» գիրքս ներկայացնելու գիտական տարբեր լսարանների առջև, ինչպես նաև բազմաթիվ առանձին գիտնականների, գիտնական տեսաբանների, բնության վերաբերյալ տեսական արժեքավոր գիտելիքներով զինված հետազոտողների: Բոլորովին վերջերս ես պատիվ ունեցա գիրքս ներկայացնելու Երևանի Մխիթարյան կրթահամալիրում, ինչի մասին կարող եք կարդալ իմ մանրամասն անդրադարձը:

Սակայն գրքիս ներկայացումը դրանով չի սահմանափակվում, քանի որ հիմնական հասցեատերերի շարքում են, իհարկե, նաև նրանք, ովքեր իրենց գործունեությամբ ոչ թե տեսական, այլև ուղղակի առնչություն ու կապ ունեն բնության հետ: Այդպիսի մարդկանց թվին են պատկանում, առաջին հերթին, բնապահպանները: Հենց նրանց կողմից կազմակերված կոնֆերանսի ժամանակ էր, որ կայացավ գրքիս շնորհանդեսը:

Սակայն բնապահպաններից բացի կան բազմաթիվ այլ բնագավառներ, որտեղ մարդիկ իրենց գործի կամ սիրելի զբաղմունքի բերումով կապված են բնության հետ, շփվում են նրա հետ: Այդպիսի մարդիկ են, օրինակ, ալպինիստները, լեռնային տուրիզմով, արշավներով զբաղվող մարդիկ, որոնց համար վայրի բնաշխարհը ոչ միայն գեղատեսիլ վայրեր են, այլև ամենօրյա հետաքրքիր ու տքնաջան աշխատանք և բազում դժվարությունների հետևողական հաղթահարում: Ալպինիզմը դրանով զբաղվողների համար ոչ թե սոսկ նախասիրություն է կամ սիրելի զբաղմունք, այլև հոգու գործ, տարերք, նոր մարտահրավերների գնահատում, նոր բարձունքների նվաճում և այդ ճանապարհին կամային որակների թրծում ու փոխանցում մյուսներին: Բնության հետ այս անխախտ կապը ներշնչանքի մեծ աղբյուր է: Բնության նկատմամբ սիրո առկայությունը լավագույն գրավականն է այս մարդկանց հետաքրքիր ու ադրենալինով հարուստ գործում: Ամեն անգամ նոր հայտագործություններ, ամեն անգամ բնության հրաշքների բացահայտում, բնության դժվարամատչելի անկյունների հաղթահարում, սեփական կենսագրության մեջ հերթական հաղթանակի գրանցում: Հիրավի, նրանց սիրտը լեռներում է: Այս խիզախ, ազատ մտքով ու հոգով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է դնել քո առջև բարձր նշաձող, դժվար խնդիր և այդ խնդիրն հաղթահարել պատվախնդրորեն, ջանք չխնայելով, հավատալով հաջողությանը և սեփական ուժերին:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել