Մեր անկումը գնալով ավելի ու ավելի է խորանում, քանզի մեր հնարած աշխարհում, մարդկային բոլոր ճշմարիտ արժեքներն ու առաքինությունները փոխարինված են նրանց նմանակեղծիքներով… Այսօր ԼԻՆԵԼՈՒՆ փոխարինելու է եկել ձև անելը, լինելու մասին խոսելը, լինելու սովորութային ծեսը պահելը… Այսպես, քրիստոնյա լինելը փոխարինված է եկեղեցի այցելելով, աղոթք լսելով ու մոմ վառելով, բարոյականությունը՝ այդպիսի կեցվածք ընդունելով և այլոց բարոյականության դասեր տալով, հայ լինելն՝ ընդամենը կուրծք ծեծելով, ամեն հայկականը ներսում պղծած, դրսանց Նարեկացուց ու Թումանյանից խորաթա անելով, ազգային արժեքները պահպանելու կոչեր հնչեցնելով… Արտաքուստ պահելով ձևը՝ ներքուստ մենք ոչ քրիստոնյա ենք, ոչ բարոյականությունից ենք խաբար և ոչ էլ հասկանում ենք, թե ինչ է հայը և որն է նրա առաքելությունը: Մենք ապրում ենք ձևի ու ձևականությունների մի աշխարհում, որտեղ ամեն մարդ ինքը՝ ինքը չէ, այլ դեր է կատարում… Հայրենասերի ու բարեպաշտ քրիստոնյայի, ազգանվեր պետական գործչի ու հասարակական ազնվագույն ակտիվիստի, անկաշառ դատավորի ու հայության փրկության նվիրյալ մտավորականի… Մենք որպես Մարդ և որպես Ազգ մոռացության ենք մատնել մեր լինելության Գլխավոր նպատակը, տիեզերական մեր Առաքելությունը, դավաճանել ենք մեր բոլոր հին ու նոր աստվածներին և սուտումուտ օտար լապտերների լույսը որպես ուղենիշ կարծելով, քառատրոփ այդ ուղությամբ ենք ընթանում՝ էլ ավելի հեռանալով մեզ համար նախանշված միակ ճշմարիտ ՈՒղուց, մեր ինքնությունից: Սա է մեր այսօրվա ողբալի վիճակի գլխավոր պատճառը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել