Բաց նամակ հայ ժողովրդին.

Իրականում, ես քո համար ոչինչ չեմ արել` շոշափելի ոչինչ: Ապրել եմ իմ համեստ կյանքը, ինչպես դու կասեիր, «աջս քաշած»: Ընտանիք, ընկերներ, աշխատանք...միշտ մտածելով, որ եթե չեմ կարողանում օգնել շրջապատիս մարդկանց, գոնե պիտի աշխատեմ չխանգարել նրանց: Այո, ես հերոս չեմ: Ու չեմ էլ ձգտել լինել այդպիսին: Բայց միշտ փորձել եմ իմ ամենօրյա նիստուկացով, վարքով, կյանքով անել այնպես, որ իմ երկիրը, մեր երկիրը մի փոքր ավելի լավը լինի քան թե կլիներ առանց ինձ...
Որտեղ էլ լինեմ` միշտ հպարտացել եմ, որ հայ եմ ու միշտ հիացել հայ ժողովրդով` քեզանով, քո էությամբ, քո գոյությամբ, քո պատմությամբ, քո թողած մշակույթով...հիացել եմ ու միշտ զարմացել: Այսօր էլ, երբ Ազատության հրապարակում արդարացիորեն բողոքում ես սոցիալական խնդրի դեմ, այն դեպքում երբ Հայաստան պետության ինքնիշխանության դեմ ոտնձգությանը կանխելուն ուղղված բողոքի ակցիային հինգ հարյուր ոստիկանից ու հազարհինգհարյուր քաղաքացուց ավելի մարդ չի մասնակցում, ես զարմանում եմ
...Զարմանում եմ ու մտածում, որ եթե հազարամյակներ շարունակ տարբեր խնդիրների մեջով անցնելով պահպանել ես քո ինքնությունը, էս մի քաքից էլ դուրս կգաս, իմ հետ լինի, թե առանց ինձ...
...Ես քո համար ոչինչ չեմ արել, ու լավ չի, որ հերոս չեմ, որ ես` ապրելով ընտանիքիս, ընկերներիս ու գործընկերներիս համար, չեմ կարող քո համար կյանքս տալ՝ հասկանալով, որ քո առաջընթացին կյանքերից բացի, ուրիշ ոչինչ չես ընդունում...

Հայ Մարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել