Հաճախ, միամիտ կամ միտումնավոր կերպով, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ: Երբ 1933 թ.-ին, Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են»:

Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: «Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթ-բեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում...»: Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սեւ պատանքներ էին կրում («պատանակրաց» արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում «Սեւ շապիկավորների» իր շարժումը:
Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմնականում միայն նրանումն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը: 
Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկությ ան քարոզներից:
Հիտլերը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բո՛ւն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը: Հիտլերը հրեաներին դիտում է իբրեւ մարդկության չարիք, մշակութակործան տեսակ, եւ հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ գրավում է առանցքային տեղ: Նժդեհի մոտ այն իսպառ բացակայում է: Նա Ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս, հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է մեր հայրենիքի մեծ մասին:
Թերեւս, այսքանն էլ բավարար է՝ նկատելու Ցեղակրոնության եւ նացիզմի ակնհայտ սկզբունքային տարբերությունները: Համոզիչ չեն նաեւ Համաստեղի այն խոսքերը, թե «իր (իմա՛ Նժդեհի,- Մ. Լ.) ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուրդեն կուգար»: Թեեւ Նժդեհը հարգալից էր արտահայտվում Սիոնականության (ինչպես եւ այլ հայրենատիրական, ազգայնական շարժումների) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը Հայ ցեղն է՝ իր ողբերգականով ու հերոսականով:
«Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի եւ չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՚ն, այլ ոչ փոխառնված արժեքներով»:
Չկա՛ հայկական ֆաշիզմ կամ նացիզմ, կա՝ իտալական ֆաշիզմ, գերմանական նացիզմ, հրեական սիոնիզմ, կա՛ հայկական Ցեղակրոնություն:
Հաճախ, միանգամայն անհիմն, պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձեւավորվել է Ֆ.Նիցշեի գաղափարների ազդեցությամբ: Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռակային ոճը, իրոք, որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման եւ բարոյախոսության սկզբունքային տարբերությունն եր:
Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցքը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրեւ նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը Ցեղն է, եւ ցեղամարդը միջոց է Ցեղի համար: Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որեւէ զիջում քրիստոնեությանը եւ չի ընդունում որեւէ բարեփոխում նրանում: Նժդեհը քրիստոնեամերժ չէ եւ խնդիր է դնում Հայ եկեղեցու վերագնահատման: Նիցշեն նաեւ Աստվածամերժ է, իսկ Նժդեհն ընդունում է Աստծո գոյությունը:
- Հրի՛ր ընկնողին,- ասում է Նիցշեն:
- Չարժե եւ չի՛ կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը,- ասում է Նժդեհը :
Կարծում ենք, ասվածը բավական է՝ զերծ մնալու անհիմն եզրակացություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել