Այսօրվա մեր իրականությունը չափազանց բարդ ու հուսահատեցնող է: Խորհրդային հասարակության համար, որպես կեցության առանցք էին հայտարարված, կրկնում եմ, միայն հայտարարված, գաղափարներ, որոնք իրենց էությամբ չափազանց մոտ էին մարդ մարդու սակրալ էությանը, որոնք մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, ազնվության, արժանապատվության, ճշմարտության և այլ, մարդուն չափազանց հարազատ,նրա կողմից ընդունելի հավերժ գաղափարներ էին հանդիսանում: Սովետը, ինչ խոսք, չափազանց վատ բաներ է արել, առաջին հերթին իր իսկ ժողովրդի նկատմամբ, բայց նա երբեք վատ բան չի սովորեցրել: Մանկապարտեզներից սկսած մարդկանց քարոզել է վերը թվարկված գաղափարները, ավելին, ցանկացողներին, անգամ թույլ է տվել ապրել այդ երանելի արժեքային համակարգում: Մարդկանց այդ մասն էր, որ սոցիալական առավել վատ վիճակում էր, քանզի չգրված` “ես քեզ, դու ինձ”, օրենքներով չէր կարողանում ապրել, շարժվում էր միայն իր երազած` ճշմարիտ արժեքային համակարգի օրենքներով: Սակայն այս մարդիկ մեծամասնություն էին և Սովետը քանդողները հենց նրանց օգտագործեցին այդ նպատակի համար, խոստանալով այդ մարդկանց ապրեցնել իրենց երազանքների երկրում, որի անունն է Երկիր Դրախտավայր: Սկսված փոփոխությունները, դժբախտաբար, որքան էլ տարօրինակ թվա, մարդկանց ավելի հեռացրին ճշմարիտ մարդու իրենց պատկերացումներից, քանզի այս տարիների ընթացքում ամեն բան` կրթական համակարգը, պատմության վերանայված և “շտկված” շարադրանքը, մասսայական մշակույթը, ֆինանսական և տնտեսական փոխհարաբերությունները, ինֆորմացիայի միջոցները, մարդկանց քաղաքական գործունեության ուղղվածությունները և այլն, ծառայեցին և այժմ էլ ծառայում են մեկ միասնական և կարևորագույն նպատակի` մարդուն վերածել մի ցանկասեր, միայն սպառելու մասին մտածող արարածի, որը միաժամանակ զրկված լինելով ինքնուրույն որևէ բան ընտրելու կարողությունից, իր կյանքը կդիտի որպես մի հաճելի ատրակցիոն, որպես միայն զվարճանքներով հագեցած մի ընթացք, որտեղ բոլոր իրական իդեալները` սերը, բարոյականությունը, առաքինությունը, բարին, ճշմարտությունը, ընկերությունը, փոխօգնությունը և ճշմարիտ մարդու էությանց բխող այլ արժեքները կամ գոյություն չունեն, կամ մարդկության առաջընթացը խոչնդոտող հետամնացության արտահայտություն են և կամ փոխարինված են իրենց հակոտնյաներով: Փաստորեն այն մարդն այլևս գոյություն չունի: Եվ եթե մի փոքր պատկերավոր նկարագրելու լինեմ ապա կասեմ հետևյալը.

Հետխորհրդային այս տարիները մեզանում ընթացան վիշապին սպանելու մասին հայտնի առասպելաբանական սցենարով: Մենք աներևակայելի դյուրին ազատվեցինք տարիներ շարունակ մարդկանց կեղեքած վիշապից` Խորհրդային Միությունից: Նրան հաղթելը, մարդկանց չափազանց հեշտ տրվեց, որովհետև մարդիկ վիշապի պահվածքին հակառակ գաղափարների կրողն էին, համախմբված էին այդ գաղափարների շուրջ, իսկ չար վիշապն իրենցից դուրս էր, օտար էր, արդեն ծեր ու տկար էր, անգամ խղճմտանքի էր արժանի, քանզի մարդկանց սովորեցրել և ցանկացողներին նաև թույլ էր տվել չզինվորագրվել իրեն, ներքուստ բարի, առաքինի և ճշմարիտ մարդ մնալ: Եվ նրան հաղթելու համար, պարզվեց ոչինչ անել հարկավոր չէր, ընդամենը անհրաժեշտ էր բոլորով միասին արտասանել ուխտադրյալ “մենք լքում ենք քեզ” խոսքերը և վերջ: Սակայն դրանից հետո, մեր իդեալները վերականգնելու և դրանց համապատասխան կյանքով ապրելու փոխարեն /ինչի համար որ սպանել էինք վիշապին/ մենք գնացինք բոլորովին այլ ուղիով, մեր մարմնավոր կարիքները համարեցինք առաջնային, դրանց բավարարումը դարձրինք գերագույն նպատակ և ինքներս էլ չզգացինք, թե ինչպես կամաց-կամաց, աննկատ ամեն մեկիս ներսն է սղոսկում մեր կողմից պարտության մատնված վիշապից ավելի զորավոր մի գիշատիչ գազան, իրական մի հրեշ, որին հաղթելը հազարապատիկ ավելի բարդ ու դժվարին է լինելու, քանզի այդ հրեշը մեր էության մասն է արդեն դարձել, մեզ հետ նույնացած է, մեզանից անբաժան է ու անխզելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել