Շանթի մասին չէի ուզում խոսել: Ինքս ինձ տաբու էի դրել: Ինչ որ ասելու էի` իրա դեմ էր դուրս գալու, չէի ուզում: Մանավանդ` խիղճս տանջում ա, որ չկարողացա հետը կարգին խոսել նոյեմբերի 5-ից առաջ: Փորձեցի, բայց զրույցը չստացվեց, անմիջապես վեճի վերաճեց ու շարունակելն անիմաստ դառավ: Չնայած, ճանաչելով Շանթի բնավորությունը, աննշան էր հույսը թե հնարավոր կլիներ իրան հետ պահել որոշածից, բայց մեկ ա` խիղճս տանջում ա:

Բայց ինչ էլ լինի, հիմա արդեն հաստատ զգում եմ` լռելը ճիշտ չի: Ազնիվ չի լռելը: Պետք ա ասեմ՝ ինչ որ մտածում եմ:

Շանթ, քո ազնվությանը չեմ կասկածում: Բայց գործողությունը, որ դու կատարեցիր եւ անվանեցիր հեղափոխություն, աշխատում ա հօգուտ Սերժի:

Դու հայտարարում ես հեղափոխություն, հայտարարում ես, թե Բաղրամյան 26-ը վառելու ես, գնում նստում ես Ազատության հրապարակում, որ քո հետ հեղափոխություն անել ցանկացողները միանան, մի քանի օր նստում ես, պարզ ա դառնում, որ միացողները քիչ են, շատ քիչ, էդ քչերով երթ ես անում, փայտերով, քարերով ու մարգանցովկա բրոնզով շարժվում ես դեպի Բաղրամյան 26, երթի հենց սկզբում սադրանք ա լինում, պայթյուններ են լինում, փայտերով սկսում ես սադրիչին ծեծել, ոստիկանները, որոնք մինչեւ էդ, անգամ երբ իրանց քթի տակ հայտարարում էիր Բաղրամյան 26-ը վառելու մասին, չէին միջամտում, էս անգամ միջամտում են, քեզ ու երթի շատ ուրիշ մասնակիցների ձերբակալում են, դու բանտում հացադուլ ես հայտարարում, ի պաշտպանություն քեզ երթեր են կազմակերպվում, բայց միացողները քիչ են, հենց սկզբից քիչ են ու չեն ավելանում:

Ի՞նչ ա սա նշանակում:

Քո կատարած գործողության տրամաբանության մեջ սա նշանակում ա, թե դու հեղափոխություն ես հայտարարել, կյանքդ վտանգի ես ենթարկել, իսկ հայ ժողովուրդը վախկոտ ա, քո հեղափոխությանը չի միանում: Դու ազնիվ ես, հերոս ես, իսկ հայ ժողովուրդը վախկոտ, ստոր ամբոխ ա:

Հենց էս ձեւով էլ քո համակիրներից շատերը մեկնաբանում են կատարվածը, Շանթ: Եւ դու էլ, նոյեմբերի 5-ի երթից առաջ, հիշում եմ՝ մոտավորապես նույնն էիր ասում, ասում էիր` ով բոզ չի, կմիանա ինձ: Ինչից հետեւում ա` չմիացողները բոզեր են: Իսկ եթե բոզեր են, ուրեմն արժանի են Սերժին: Ուրեմն Սերժը մեղավոր չի, ուրեմն հայ ժողովուրդ ա մեղավոր:

Բայց հայ ժողովուրդը մեղավոր չի ու վախկոտ էլ չի: Իրա վախկոտ չլինելը հայ ժողովուրդը վաղուց ա ապացուցել թե՛ պատերազմում, թե՛ դրանից հետո` ոտքի կանգելով ամեն անգամ, երբ իրավիճակը փոխելու ռեալ հնարավորություն ա տեսել: Եթե մարդիկ ոտքի չկանգնեցին քո կոչով, էդ չի նշանակում՝ իրանք վախկոտ են, էդ նշանակում ա` դու չկարողացար իրանց համոզել, որ քո առաջարկած պայքարը ռեալ ա լինելու, որ քո առաջարկած ձեւով` հաղթելու հնարավորություն կա:

Ու բոլորովին զարմանալի չի, որ մարդիկ չհամոզվեցին, որովհետեւ իսկապես դժվար ա պատկերացնելը, թե դու ինչ ձեւով էիր պատրաստվում Բաղրամյան 26-ը գրավել, կագեբեն գրավել, էնվեդեն գրավել, դատախազությունը գրավել եւ բանտերի դռները բացել, բոլորին բաց թողնել, ոնց որ հայտարարեցիր լրագրողների առաջ: Եթե անգամ հարյուր-հազարավոր մարդիկ լինեին քեզ միացած, հեչ հասկանալի չէր, թե դու ոնց էիր դա անելու, քանի որ ամեն երկրում էլ իշխանությունը կկրակի մարդկանց վրա, որոնք հայտարարել են, թե գրավելու են նախագահականը, ազգային անվտանգությունը, ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունը:

Իմ արվեստաբան եւ արվեստագետ ընկերներից ոմանք քո արարքը մեկնաբանեցին որպես արտիստիկ ժեստ, քո հեղափոխությունը` սիմվոլիկ հեղափոխություն: Գուցե հենց տենց էլ կա, գուցե քո հեղափոխությունն իսկապես սիմվոլիկ բնույթ ունի, բայց ափսոս, որ ընտրված ժեստը սիմվոլացնում ա միայնակ հերոսի եւ ստոր ամբոխի հակադրությոնը, որը էսթետիկ առումով հնացած ա, իսկ քաղաքական առումով` աշխատում ա հօգուտ Սերժի եւ ի վնաս Հայաստանում փոփոխություններ կատարելու իրական հեռանկարի:

Իսկ էդ հեռանկարը կա, իրական ա, վստահ եմ` շատ շուտով հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, երբ որ էդ հեռանկարը պարզորոշ երեւա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել