Հանճարեղ Փարաջանովի վերջին հանճարեղ ֆիլմը՝ Աշուղ-Ղարիբ: 1988թ., «Վրացֆիլմ»՝ նկարահանված ազերական ժողովրդական հեքիաթի մոտիվներով վաղամեռիկ հանճար Միխայիլ Լերմոնտովի գրած համանուն գործի հիման վրա: Շեշտեմ՝ 1988-Ղարաբաղ-շարժում-միացում-Սումգայիթ-Աղդամից Ստեփանակերտ արշավող ազերի խուժան..... և... հայ-վրացական համատեղ փառաբանութուն նույն ազերիների ավանդությանն ու պատմությանը, կենցաղին ու տարազին, խոսքին ու երգին... Մի խոսքով, այսպես հանճարեղ կարող է լինել միայն Փարաջանովը. ծայրից ծայր՝ պատկերի, կադրի, գույնի, կերպարների, սիմվոլների, ասելիքի ու մտորելիքի աներևակայելի հրավառություն ու շքահանդես, տարափ ու հեղեղ, խրախճանք ու փոթորիկ... և..., կրկնեմ, հայ-վրացական միաձայն փառաբանություն ու գովք ազերական ավանդույթին ու պատմությանը, կենսակերպին ու հագուկապին, բառին ու երաժշտությանը, ի վերջո, երկրին ու մշակույթին...
Այսօր նորից դիտեցի, ինչպես տարիներ առաջ՝ առաջին անգամ, ձայնն իջեցնելով համարյա մինչև վերջ, ստուգելու համար առաջին դիտման տպավորությունը: Դիտեցի ափսոսանքով ու ցավով. մեր հազար ու մի հեքիաթները հազար ու մեկ անգամ ավելի հարուստ ու իմաստուն խորհուրդ ու պատգամ ունեն, որ հայ հանճար Սարգիս Փարաջանյանի հրաշագործությամբ այսօր կարող էին մեզ տանել դեպի Մեր անցյալն ու հերոսները, Մեր երգերն ու բառուբանը, Մեր իմաստություններն ու կորսված արժեքների խորխորատները...
Եթե չեք դիտել, դուք էլ անպայման դիտեք այս գլուխգործոցը, եթե կարող եք՝ նորմալ ձայնով. ես չկարողացա...
Չգիտեմ՝ ինչի մասին էր Փարաջանովի՝ այդպես էլ անավարտ «Խոստովանություն» ֆիլմը, բայց, չգիտեմ՝ ինչու, թվում է՝ նա այդ ֆիլմով տալու էր այս հարցերի պատասխանը, և դա ոչ միայն խոստովանություն էր լինելու, այլև՝ ապաշխարություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել