Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված սպանության փորձը Ամանորից առաջ տհաճ անակնկալ էր հատկապես Արցախում: Միջադեպի առնչությամբ հասարակության շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվում, ոչ պակաս ակտիվ է ԼՂՀ դատախազությունը, որը տոնական օրերին ևս, միջադեպի ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում:

Միջադեպից մի քանի օր անց, նախ ԼՂՀ դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «սպանության փորձի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանականերում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք»:

Ապա հաղորդեց, որ «ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու գործով կասկածյալներ են ի հայտ բերվել:

Այս պահի դրությամբ «մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար», մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

ԼՂՀ դատախազությունն արդեն հաղորդել է այս գործով երկու անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրվելու ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, սակայն պետք է նշել, որ այս գործում հիմնական ինտրիգն է` պարզել միջադեպի բնույթը` քաղաքական, թե կենցաղային:

Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Վիտալի Բալասանյանը ոչ միայն ԼՂՀ ՊԲ պաշտոնաթող գեներալ է (մարտական փայլուն ուղի է անցել, տևական ժամանակ եղել է ՊԲ հրամանատարի տեղակալը), այլ ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր է, իսկ 2012 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր ու ընտրություններում բավականին շատ ձայն էր հավաքել (մոտ 33 տոկոս):

Նախագահական ընտրություններից արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ Վիտալի Բալասանյանը նկատմամբ հասարակությունը բավականին մեծ համակրանք ունի, ինչն արտացոլվել էր ընտրություններում նրա օգտին քվեարկված ձայներով, սկսվեցին տեղեկություններ շրջանառվել վերջինիս կողմից քաղաքական ուժի ստեղծման մասին:

Քաղաքական կապիտալի պահպանման ու Արցախում բազմակուսակցական համակարգի կայացման առումով, կուսակցության ստեղծումը բավականին ռացիոնալ որոշում կլիներ, սակայն ի վերջո, Բալասանյանը ինչ-ինչ պատճառներով հետ կանգնեց այդ մտքից:

Թե որն էր Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու բուն պատճառները, դեռևս հստակ չէ, գործը դեռևս ընթացքի մեջ է, իսկ վարկածները բազմաթիվ են: Սակայն այս պահին կարող ենք ֆիքսել, որ քաղաքական հաշվեհարդարի վարկածը իրատեսական չէ, քանզի քաղաքական առումով Վ. Բալասանյանի քաղաքական գործունեությունը, կարծես թե, սահմանափակվում է վերջինիս խորհրդարանական գործունեությամբ: Այս տեսանկյունից, նրա գործունեությունը վտանգ չի ստեղծում ո՛չ Արցախի գործող իշխանության, ո՛չ էլ իշխանության հավակնություն ունեցող այլ քաղաքական ուժերի համար:

Մի բան հստակ է. այն ընտրազանգվածն ու այն աջակցությունը, որն ուներ Բալասանյանը 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, այլևս անցյալում է, քանզի այդ ընտրություններում ստացած ձայները քաղաքական կապիտալի վերածելու հնարավորությունը մնացել է անցյալում: Այսօր նա շարունակում է մնալ որպես հերոս, մարտական հիանալի ճանապարհ անցած հայ ժողովրդի զավակ, բայց ոչ երբեք այնպիսի քաղաքական գործիչ, որի հետ հասարակությունն այնպիսի հույսեր է կապում, ինչպիսին որ կապում էր 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել