Այսօր հայկական բլոգներից մեկում հրապարակում էր լույս տեսել, որտեղ հեղինակը մեղադրել էր հայտնի հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանին՝ նրա վարած «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի հյուրերի ու հաղորդման անձնակազմի հետ կոպիտ վարվելու մեջ: Թեման շատ արագ զարգացավ և մեծ քննարկումների տեղիք տվեց: Հավատարիմ մնալով մեր սկզբունքին՝ արտահայտվելու հավասար հնարավորություն տալ բոլոր կողմերին, BlogNews.am-ը կապ հաստատեց Հրաչի հետ՝ պարզելու՝ որքանով է ասվածը համապատասխանում իրականությանը: Ի դեպ, այդ պահին նա գտնվում էր արտերկրում՝ հանգստի մեջ, բայց սիրով համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին:
- Հրաչ, չնայած երկրում չես, բայց վստահ եմ՝ կարդացել ես հայտնի գրառումը քո վարքի մասին կադրից դուրս: Ինչպե՞ս կմեկնաբանես:
-Այո, կարդացել եմ և, անկեղծ ասած, ինձ նախ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է այդ հոդվածը այսօր լույս տեսնում: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, իսկ իմ հիշողությունն ինձ երբեք չի դավաճանում, «Կիսաբաց լուսամուտները» վերջին անգամ նկարահանումներ ունեցել է դեկտեմբերիր 15-ին, և եթե նա վիրավորվել է, ապա ինչո՞ւ է սպասել մոտ 25 օր՝ այս կերպով իր վիրավորվածությունն արտահայտելու համար: Երկրորդը. վերջերս նման մի հոդված էլ գրվել էր իմ լավ գործընկեր Նազենի Հովհաննիսյանի մասին, որը դուք կրկին վերահրապարակել էիք: Այս ամենը շատ ստահոդ է ինձ համար: Ես, իհարկե, պատրաստ եմ քննադատության, որը հնչում է անձամբ իմ հասցեին և, այսպես ասած, կոփված եմ, բայց վիրավորվում եմ, երբ ինձ մեղադրում են իմ գործընկերներին, իմ թիմի անդամներին վիրավորելու ու նեղացնելու մեջ, մինչդեռ այդ մարդիկ ինձ հետ հավասար և գուցե ինձանից էլ ավելի ջանք են թափում, որ ծրագիրն իրականա, և ինչ-որ մեկն առավոտյան արթնանում է ու որոշում է այդպիսի բաներ գրել... Եթե սա համապատասխանում է իրականությանը, և նման բան եղել է «Կիսաբաց լուսամուտների» ժամանակ, ապա ես հրավիրում եմ այդ հեղինակին «Կիսաբաց լուսամուտների» և պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել նրանից: Ամեն դեպքում, ցանկացած ոք հնարավորություն ունի ներկա գտնվելու «Կիսաբաց լուսամուտների» նկարահանումներին և իր աչքով տեսնելու, թե ոնց է ամեն ինչ կատարվում, և ով` ում է իրականում փորձում վիրավորել:
- Հետևելով նյութի մեկնաբանություններին՝ կարելի է տեսնել, որ այս բլոգերը միակը չէ, ով քեզ մոտ նման վարք է նկատել: Շատերը (ի դեպ, արդեն իրենց դեմքով ներկայացող օգտատերեր) գրում են, որ ներկա են եղել «Կիսաբաց լուսամուտների» նկարահանումներին և նույնպես վիրավորված են քո վարքից: Այս մասին ի՞նչ կասես: Նրա՞նք էլ են ստում:
- Ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ, ովքեր նման մեկնաբանություններ են գրել, պարզել, թե կոնկրետ ինչ դեպք է եղել, որ մարդկանց մոտ նման տպավորություն է ստեղծվել: Կարող եմ ասել, որ «Կիսաբաց լուսամուտների» նկարահանումների ժամանակ մթնոլորտը լարված է լինում և հնարավոր է՝ նկարահանումների ժամանակ ենթատեքստից ինչ-որ խոսքեր, արտահայտություններ ու իրադրություններ պոկել, ապա, իհարկե հնարավոր է, որ այդպիսի տպավորություն ստեղծվի: Ամեն դեպքում ինձ էլ, ձեզ էլ խորթ չէ այդ ենթատեքստ ասվածը և հասկանալի է, թե ինչ թյուրըմբռնումներ կարող են լինել, եթե արհամարհենք դա: Ես պատրաստ եմ այդ մեկնաբանություններում գրված յուրաքանչյուր դեպքն առանձին քննարկել, որովհետև ես չեմ կարծում, որ հասարակությունը պետք է վիրավորված լինի: Մարդիկ որևէ տեղ գնան ու իրենց վիրավորե՞ն: Եթե այդպես լիներ, ապա մենք պարզապես մարդիկ չէինք ունենա, ովքեր ամիսներ շարունակ գալիս ու նստում, հաճույքով նայում ու մասնակցում են ծրագրին:
- Վերադառնալով նույն մեկնաբանություններին՝ կնկատենք, որ բազմաթիվ մարդիկ գրում են, որ այս ամենի պատճառն այն է, որ դու աստղային հիվանդություն ունես: Ճի՞շտ են նկատել:
- Անկեղծ ասած, ես չեմ կարող ասել, որ իմ աստղայինը չի տարել: Ես աշխատել եմ շատ երիտասարդ տարիքից` 16 տարեկանից, ու իմ աստղայինը տարել է, բայց ի տարբերություն շատերի, հետ էլ է բերել: Չգիտեմ, գուցե կողքից նայողի մոտ նման տպավորություն էլ լինի, բայց ինձ հետ մեկ-երկու բառ փոխանակելուց հետո յուրաքանչյուրն էլ կտեսնի, որ նման բան չկա: Ամեն դեպքում, ես չեմ, որ պետք է ասեմ՝ արդյոք դա այդպես է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ ես շատ ուշադիր եմ դրա հանդեպ ու ինձ համար ծիծաղելի է այդ «աստղայինը տարած» ասվածը: