1912 թվական, նոյեմբերի 15: Պայծառ առավոտ, անամպ երկինք: Հայկական կամավորական գունդը Անդրանիկի և Նժդեհի առաջնորդությամբ անսպասելի գրոհում է թշնամու դիրքերը: Նպատակն էր շփոթության մեջ գցել Յավեր փաշայի մեծաքանակ բանակը՝ մոտ 10 հազար ասկյար, և նրանց սեղմել դեպի Մարիցա գետը՝ դարձնելով լրիվ անմարտունակ:
Բուլղարական զորամիավորումների հրամանատար Պրոդոգերովը բոլորովին չէր սպասում, որ հայկական գունդը առանց նախազգուշացման պիտի բաժանվի իրենցից և մրրիկի պես սուրա դեպի թշնամու հրետանային դիրքերը: Զայրացած հրամայում է Անդրանիկին ետ պահել այդ խելահեղ գրոհից: Պղնձյա շեփորները ճաքած էր, և նրա արձակած ձայնը հեռու չէր գնում:
Հայ կամավորները մրրկասույր արշավում են թշնամու դիրքերի վրա:
-Ուղղություն վերցնել դեպի մոտակա ձորը ..... հրամայում է Անդրանիկը:
Հայկական գունդը մտնում է ձորը: Թշնամու արձակած ռումբերը այլևս իրենցից վտանգ չեն ներկայացնում:
Առասպելական հերոսը, իր քաջերի գլուխն անցած, շեշտակի գրոհով գրավում է թուրքական բանակի դիրքերը:
Յավեր փաշան իր բանակով ընկնում է պաշարման օղակի մեջ:
Առջևից նրան սեղմում են հայ կամավորները, թիկունքից հորդառատ Մարիցա գետն է:

Դրությունը չափազանց ծանր էր և անելանելի: Կամ պիտի դիմադրել՝ կորցնելով մինչև վերջին զինվորը, կա՛մ նահանջել՝ թափվելով ջուրը: Եվ եղան զինվորներ, որոնք զենքերը գցեցին ու նետվեցին ջուրը:
Փախուստ և խուճապ:
Յավեր փաշան որոշում է անձնատուր լինել:
Պատմում են, որ երկուսուկես ժամ է տևում, մինչև որ Յավեր փաշան իր երեք գնդապետներով, 22 սպաներով ու 10-հազարանոց բանակով հանձնվում է՝ լուռ ու գլխահակ կանգնելով հայ-բուլղարական զորքերի առաջ:
Ուղղություն է վերցնում դեպի Փերեջիկ քաղաքը:
-Խնդրում եմ՝ մինչև գերության վայրը հասնելը, թող մեզ ուղեկցեն բուլղարական զինվորները և ոչ հայ կամավորները....-այսպես է դիմում թուրք փաշան:
-Ինչո՞ւ...հարցնում է Պրոդոգերովը:
-Նրանք մեր հին թշնամին են և շատ հնարավոր է, որ նրանցից մեկն ու մեկը հանկարծ խախտի գերու համար սահմանված անձեռնմխելիության միջազգային կարգն ու կանոնը և...-ինչ-որ մի բանից վախեցած պնդում է իր խոսքը Յավեր փաշան:
Երբ այդ մասին տեղեկացնում են Անդրանիկին՝ քմծիծաղ տալով, ասում է.
-Երեսին կուտ կերթա, կամչնան, պարտված տեղն էլ կուզեն ըսել, թե իրենք ինչպես կարող է 200-270 հայ կամավորներին գերիները լինեն .....Գլուխը քարը թող այդպես ըլլա:
-Մեր մտքով էլ չէր անցնում, թե ի՛նչ նպատակն են հետապնդում գերիները,-գլուխն օրորելով ավելացնում է Պրոդոգերովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել