Սիրելի բարեկամ, իհարկե գեղեցիկ է նայել, թե ինչպես են մարդիկ և միգուցե դու նույնպես, զգուշությամբ տուն տանում եկեղեցուց վառված մոմը` զգուշանալով, որ այն չմարի: Ես հասկանում եմ քեզ, որ դու դրա մեջ ինչ-որ խորհուրդ ես տեսնում և դա այդպես էլ կա, թեև մեծամասամբ սխալվում են, կարծելով, որ այդ լույսը աչքի հուլունքի կամ ձիու պայտի, կամ էլ փուշի զորությունն ունի, որը կարող է պահապան լինել կամ էլ հաջողություն բերել իրենց ընտանիքներին: Դա սնոտիապաշտություն է, սակայն թույլ տուր քեզ ասել, որ այդ լույսը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է խորհրդանշում, քանի որ Հիսուսն ինքն այս խավար աշխարհի լույսն էր, ով եկավ՝ ծնվեց իբրև մանուկ, և ով էլ դարձավ այս աշխարհի մեղքերի քավությունը, նա խաչի վրա մահացավ քո փոխարեն, որ դու իրեն հավատալով, հավիտենական կյանք ստանաս: Ինձ համար տարօրինակ է տեսնել, թե ողջ տարին մեղքերի մեջ ապրող մարդիկ ինչպես են այս օրերին կերպարանափոխվում, իրենց վրա հագնելով սրբության կերպարը՝ ձևանում կրոնավոր և կրոնապաշտ, մարդիկ, ովքեր ողջ տարին մեղանչել են Աստծո դեմ, հանկարծ այս օրերին փորձում են ցուցադրել իրենց հավատքը: Չեմ ասում, թե իրենք հավատ չունեն, բայց իրենց ապրած կյանքը ցույց է տալիս, որ այդ հավատը փրկարար չէ, այլ շահույթ հետապնդող, այսինքն՝ մարդիկ կարծում են, որ իրենց հավատի համար Աստված պարտավոր է կատարել իրենց ցանկություններն ու կամքը: Ասեմ իմացիր, որ Աստված կախարդական փայտիկ չէ, կամ ոսկե ձկնիկ, ում կարելի է ցանկություններ ներկայացնել և պահանջել դրանց իրականացումը:
Սիրելիս, Քրիստոս ծնավ և հայտնվեցավ, օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը: Թող որ Հիսուս մանուկը ծնվի քո սրտում, պահիր և փայփայիր նրան ողջ կյանքումդ և ոչ թե տոնից տոն, առիթից առիթ: Հիշիր՝ հաջորդ անգամ Հիսուսը կգա ոչ թե որպես մանուկ, այլ որպես դատավոր՝ դատելու այս աշխարհն իր մեղքերի համար: Թող որ այս խորհուրդով և նշանակությամբ այդ լույսն այս երեկո լուսավորի ձեր բնակարանը և իրական ծնունդը օրհնություն լինի քո և քո ընտանիքիդ համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել