ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2014/2015 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համարՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2014/2015 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս  նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2014/2015 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը 2014/2015 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար:

ք. Երևան «27  դեկտեմբերի 2013թ.»

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2014/2015 թվականների մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի  առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:

Նախատեսված է, որ նոր` 2014/2015 թվականների մրցաշրջանը կսկսվի 2014 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով` իր մեջ ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս, ամբողջական կերպով կիրառվեց 2013/2014 թվականների մրցաշրջանում առաջին անգամ: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում: Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջանում հասցրել են ձեռք բերել որոշակի փորձառություն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:

Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:

Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման համակարգը և վերահսկողության գործընթացը նպաստում են ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:

Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2013 թվականի հոկտմբերի 30-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2013 թվականի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի  2012 թվականի խմբագրության կանոնակարգի վրա:

Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված որակի ստանդարտի պահանջներին: Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է` տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի համար հստակ սահմանված նպատակներ: 
-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում, օժանդակություն ակումբների գործունեության բարելավման հարցերում և նրանց իրավունքների պաշտպանություն:
-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի արդյունավետության մշտական և շարունակական բարելավում ու մասսայականացում:
-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում:
-ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների անշեղորեն պահպանում;
-Ակումբների արտոնագրման և վերահսկողության շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում և միջազգային կապերի զարգացում:
-Ակումբների և ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի սահմանած որակի չափանիշների ու պահանջների:
-Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև ենթակառուցվածքային ու իրավական հարցերում:
-Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:
-ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման պայմանների բարելավում:

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

-Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակից ակումբներին:
-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման ուղիների մշակում:
-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում և դրանց իրագործման վերահսկում:
-Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, հաշվապահներ, մամուլի քարտուղարներ, անվտանգության և երկրպագուների հարցերով պատասխանատուներ և այլն) պատրաստման և վերապատրաստման հարցերում:
-Արտոնագրերի շնորհում ակումբների մարզիչներին և այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնակարգերի:
-ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարչական Բ, Ա և ՊՐՈ դասընթացների կազմակերպում և անցկացում` ներառելով արտասահմանցի բարձրակարգ մասնագետների:
-Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին, այն է` ենթակառուցվածքային խնդիրներ, խաղերի կազմակերպում և կազմակերպչական ամբողջական օժանդակություն:
-Շփումների կազմակերպում, պահպանում և համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման հարցերում:
-Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և գործնական կիրառման հարցերում:
-ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների և այլ արձանագրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում:
-ՀՖՖ ակումբների փաստաթղթերի և արխիվային նյութերի հաշվառման և վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում:
-Ակումբների գործունեության համեմատական վերլուծության իրականացում և հերթական տպագիր հաշվետվության ներկայացում:
-Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար:
-Բազմակողմանի աջակցություն և խորհրդատվություն ՀՖՖ ակումբներին իրենց ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման հարցերում` համապատասխան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող որակի ստանդարտների:
-ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012թ. խմբագրություն) տեղայնացման և կիրառման աշխատանքների շարունակականություն:
-Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաև պետական և տեղական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ համատեղ:
-ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող տարբեր կանոնակարգերի թարգմանություն, տեղայնացում և տպագրում. մասնավորապես ՈՒԵՖԱ-ի ենթակառուցվածքային և անվտանգության կանոնակարգերի տեղայնացում:
-Ազգային մակարդակով մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի ստեղծում:
-Տեղեկատվական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական և այլ հարցերի վերաբերյալ:
-Օժանդակություն ՀՖՖ ակումբներին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի մշակման, տեղայնացման և իրականացման հարցերում:

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և վերահսկողության գործընթացի առնվազն խնդիրները գալիք  մրցաշրջան համար: Հարկ է նշել, որ դրանք առաձնակի փոփոխության չեն ենթարկվել նախորդ մրցաշրջանների համեմատությամբ, քանի որ դրանք կրում են ամենամյա շարունակական բարելավման և զարգացման բնույթ և ուղղված են միմիայն ոլորտի զարգացմանը:

Կասկածից վեր է, որ, ըստ նշված քաղաքականության կետերի և նպատակային խնդիրների, տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական և մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանն ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի և որդեգրած ուղու ճշմարտացիության մեջ և շարունակելու է լինել հետևողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումը այդ ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել