Ամեն տարի՝ Նոր տարին դիմավորելուց առաջ, անհատական մակարդակից մինչև ինստիտուցիոնալ վերաիմաստավորվում ու գնահատվում է անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները, ինչպես նաև տեսակավորվում է չարված գործերն ու կիսատ թողածը: 

Հայաստանն այս անցնող տարին սկսեց համապետական ու մայրաքաղաքային ընտրություններով: Զերծ մնալով որևէ գնահատական տալուց՝ պետք է փաստենք, որ ընտրությունների անցկացման որակի մեջ գրանցեցինք առաջընթաց, ըստ միջազգային ու տեղական պատասխանատու կազմակերպությունների ու անհատների: «Բարևի» արևի փայլատակումն ունեցավ իր տրամաբանական մայրամուտը: Քաղաքացիական շարժումների ակտիվության պակաս գրեթե չզգացվեց: Մշակույթի ու արվեստի բնագավառում ունեցանք անդառնալի կորուստներ: Գրանցեցինք շոշափելի առաջընթաց «եվրա» ինտեգրման ճանապարհին բոլոր իմաստներով` և՛ եվրոպական մեծ ընտանիքի հետ համագործակցության, և՛ Եվրասիական տնտեսական միավորմանն ինտեգրվելու առումով, մասնավորապես` Մաքսային միությանն անդամակցելու իմաստով: Դեռ կհասցնենք տեսնել քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային ինստիտուտների նոր տարվա, նորովի ու թարմացած գործառնությունը կամ տրանսֆորմացիան: Այնպես է ստացվել, որ ինչպիսի գործունեություն էլ ծավալենք անհատից մինչև պետություն, այնուամենայնիվ, գործողության մեջ քննադատ ենք, իսկ սեղանի շուրջ գովասան: Ամենևին չծանրացնելով իրադարձային թվարկումները՝ նշենք, որ յուրաքանչյուր հայի համար մեծ դրական ցանկությունը «ողջ լինելն» է, որը շատ ենք լսում կենացային մակարդակում ամանորյա սեղանների շուրջ: 

Ի դեպ, ամանորյա սեղանների ու բարեմաղթանքների մասին: Տարին ամփոփող այս տոնակատարությունը թեև նշվում է տարատեսակ ճոխություններով ու հնարամիտ «կոկորդիլոսային» նորամուծություններով, սակայն ամենաէականն այս ամենի մեջ միասնությունն է, որ ամբողջ հանրությունը այդ օրը միասնական կերպով դիմավորում է նոր տարին` ճանապարհելով հինը: Նույնիսկ այդ միասնությունը դրսևորվում է նախատոնական սեղանները լցնելու առևտրի մեջ: Բոլորն առևտուր են անում, նույնիսկ նրանք, ովքեր մտածում են դրա մասին: Սակայն այս ճոխությունից զատ պետք է նաև փոխանցենք միմյանց այն գիտակցումը, որ ամանորյա այս անցնող տարում ներենք, մոռանանք, թերթենք այն բացասական էջերը, որոնք մեզ կխոչընդոտեն եկող տարվա մեր գործառնությունները իրացնելու ժամանակ: Ինչպես նաև այն գիտակցումը, որ մեր խնդիրների մեջ չմեղադրենք ոչ մեկին, բացի մեզանից: Մեղադրելը հեշտ, բայց ոչ արդյունավետ ճանապարհ է խնդիրները հաղթահարելու գործում: Ուստի պետք է գործել, քանի որ յուրաքանչյուրիս մեջ նստած է այն ակտորը, որին աշխուժություն հաղորդելուն ազդակ է պակասում: 

Յուրաքանչյուր հայի ցանկանում եմ կամք ոչ թե դեպի անհատը, այլ դեպի հանրույթը կողմնորոշվելու ու գործելու համար: 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել