«Իրատես de facto» թերթը գրում է.

«Երեկ Հայաստանի օրենսդիր մարմնում իրավիճակը ջրի երես հանեց խորհրդարանական մեծամասնության տխուր պատկերը: Փոքրաթիվ ընդդիմությանը, կարելի է ասել, հաջողվեց հաղթել մեծամասնությանը, քանի որ, ըստ էության, տապալվեցին ԱԺ-ի աշխատանքները: Ընդդիմությանը հաջողվեց իր ձեռքը վերցնել իրավիճակի տնօրինումը եւ զարգացումները տանել իր սցենարով, իսկ ՀՀԿ-ն ինքնաբերաբար ենթարկվեց այդ խաղին, առանց որեւէ հակափաստարկի: Նախ, դահլիճում պետք է ունենալ ընդդիմության հարվածները դիմագրավողներ ու հակադարձողներ, սակայն հանրապետական խմբակցությունում դրա դեֆիցիտն ակնհայտ է:

Հերիք չէ, ընդդիմությունն ու «այլընտրանքային» ԲՀԿ-ն մատների վրա խաղացրին խորհրդարանական մեծամասնությանը, նաեւ սեփական կուսակիցները թիկունքից հարվածեցին ԱԺ խոսնակին: Միայն կոճակ սեղմելու համար խորհրդարան «աշխատանքի» եկած պատգամավորները քսան րոպե չէին կարող նստել իրենց տեղում, կամ էլ շատ կարեւոր գործերով բացակայում էին: Այստեղ մի կարեւոր դրվագ. պատգամավորներին «բերման ենթարկելու» գործը խմբակցության ղեկավարի պարտականությունների ոլորտում է, իսկ ՀՀԿ «բազմաչարչար» Գալուստ Գրիգորիչը, մեղմ ասած, բավականին «ծերացել» է այս գործի համար: Ոչ միայն չի հաջողվում սեփական թիմակիցների ներկայությունն ապահովել ԱԺ-ում (ի դեպ, նույն վիճակն է արդեն որերորդ անգամ), այլեւ խմբակցության ներկայացուցիչները չգիտեն իրենց անելիքը: ՀՀԿ խմբակցությունում կարգապահական ամենաթողություն է: Հարց է առաջանում՝ բա դուք ինչի՞ համար եք այդտեղ: Ո՛չ օրենք եք մշակում, ո՛չ ելույթ ունենում, ո՛չ քննարկումների մասնակցում։

Մեր տեղեկություններով, այս իրավիճակի մասին ամենայն մանրամասնություններով տեղեկացվել է Սերժ Սարգսյանը: Երեկվա իրադարձություններն էլ նրա «մանրադիտակի» տակ են եղել: Նույն աղբյուրի համաձայն, նախագահը բավականին լուրջ դժգոհություն ունի խորհրդարանում տեղի ունեցածի առնչությամբ, մասնավորապես նրան խիստ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ընդդիմության ներկայացուցիչները ամբիոնից իր հասցեին ամենաթունդ քննադատություններն են հնչեցնում, իսկ ՀՀԿ-ում մի կենդանի շունչ չկա, որ արժանի պատասխան տա: Ընդդիմությանը հակահարված տալու համար «բերվածներն» էլ ամենեւին հավես չունեն ի կատար ածելու իրենց «առաքելությունը»: Գալուստ Սահակյանն էլ ավելի լավ է ելույթ չունենա, թե չէ ավելի վատ բան է ստացվում: Չի բացառվում, որ երեկվա իրադարձությունների առնչությամբ Սերժ Սարգսյանը «մի նիստանման բան» անի ու մեկիկ-մեկիկ թվարկի, թե ով իր տեղում չէ:

Այնպես որ, չպետք է բացառել, որ գալիք տարում Սերժ Սարգսյանը խորհրդարանի առնչությամբ կտրուկ որոշումներ կկայացնի` աչքի առաջ ունենալով այսօրվա քաոսային իրավիճակը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել