Երևի դասերից ջախջախվելուց հետո տուն վերադառնալուց ավելի հաճելի բան գոյություն չունի: Նույնիսկ եթե դասերդ ավարտում ես երկուսին, բայց տուն հասնելու ես միմիայն հինգին...  Երբ զգում ես, որ ոտքերդ այլևս չեն բարձրանում այդ չորս հարկը, բայց այն բաղձալի պահը, որ տան հաճույքը զգալու ես, այդ հարկերը դարձնում են թեթևության սահք, աննկատ շարժում և բավարարվածություն...
Իսկ մինչև տուն հասնելը դեռ հարկավոր է քայլել, շարժվել, խոսել ու լսել, գոռալ ու երգել, մոռանալ ու հիշել...
Վերադառնում էինք տուն.
արևը դեռ մայր չէր մտել.
մայր չէր մտել, բայց աչքերս էր տանջում... մայր մտնեիր, էլի՜՜՜...
Ձյուն էր, շատ ձյուն...
սպիտակ էր... ոչինչ չէր երևում... աչքերս,  չգայիր, էլի ՜՜՜...
Մեքենան չէր գնում...
Վարորդն էր մեղավոր... այսօրվա հաճախորդների թիվն էր հաշվում. ուշադրություն էլ չէր դարձրել, որ քշում է ավելի դանդաղ, քան ես՝ իմ անտեղյակ  և անցանկողունակ տեսակովս կփորձեի երբևէ մեքենա վարել...
Ինչքան վարորդը դանդաղեցնում էր  արագությունը՝ մտքի արագությունը հասցնելով անցանկալի չափերի, ես ավելին ու ավելի էի ընկղմվում այն մեծագույն արվեստի մեջ, որ կոչվում է բնություն...
Սպիտակ էր, սպիտակ, բայց մի պահ ամեն ինչ սևացավ...
Փոքրիկ ագռավ էր ընկած այդ սպիտակի վրա...
Սպիտակը տանում էր այն անցանկալի սևը...
Տանջվում էր, երևի գոռում (չէր լսվում), ագռավային կյանքն էլ երևի կյանք չէ)))
Գոռում էր, բայց ես չէի լսում... ընկերներն էին լսում, այն մյուս սև ագռավները, որ երբեք էլ նրան չէին ճանաչել, բայց փոքրիկ ձայնը նրանց բերել էր այն ագռավին օգնության.... այն ագռավները, որ մարդիկ  տանում են միայն սևավոր գոյության համար....
Նրանք գոռում էին, թռնում այս սպիտակից այն սպիտակը... չէին սևացնում... օգնում էին, գոռում (երևի օգնություն էին խնդրում), թռնում էին մի տեղից մյուսը ՝ ճախրելով սպիտակի վրայով, չթողնելով սևը...
Սպիտակ էր ամեն բան...

Քայլում էի փողոցով...
Առավոտ էր...
Վաղ առավոտ, լուսինը ավելի մեծ երևի չէր էլ եղել... Մի քանի հոգի այս մայթից այն մայթն էին անցնում  (ուր էին գնում ՝ չհասկացա)
Ցուրտ էր, շա՜տ  ցուրտ... սպիտակ էր ... ամեն բան երևում էր... աչքերս էլ չէին ցավում... երևի պիտի ցավային  )))...
Երկու տղա էին քայլում... առավոտյան վաղ ծիծաղում էին, ամենատափակ հումորներ անում, բղավում էին, տանջահար ու անհետաքրքիր մտքեր փոխացնում միմյանց կաղապարված ուղեղներին...
Ցուրտ էր... սառույց... 
Փորձում էին ճանապարհն  անցնել...
Գոռում էին ու երգում... բոլորը քնած էին... չանցան ճանապարհը...
Մնացին երգերն ու գոռոցները, հումորներն ու կիսատափակ ուղեղները...
Ոչ ոք չհասավ օգնության, ոչ ոքի էլ չհետաքրքրեցին նրանց, ոչ ոք չի սիրում ուրիշին, բացի իրենից...
Մնացել էր սևը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել