ԶԲՈՍԱՆՔ ՀԱՅԵԼԱՆՄԱՆ ՄԱՅԹՈՎ
Ցուրտը տոտիկ-տոտիկ քայլում է ինձ հետ, խայտում է կողքիս, որպես մի աղջնակ՝ ժիր, չարաճճի: Անտես է նա մտքերիս նման՝ վկա է նրան այն գոլորշին միակ, որ պոկվում է շուրթերիցիս ու վերանում վայրկենական:
Մայթերը, որ ծածկված են ձնով, որոնք թաքցնում են հայելացած հատակը, ինչպես որ մարդիկ են թաքցնում իրենց գիշատիչությունը բարետես կաղապարով, դատարկ են ու մոռացված: Այնտեղ եմ միայն ես ու ցուրտը, որ ուղեկցում է ինձ այս դատարկության մեջ:
Ժամանակին այստեղ այնքան կանչող էր, որ մենք էլ էինք գալիս ճեմելու, մենք՝ ես և նա. իմ երազներում: Իսկ հիմա չկա մենքը՝ կամ միայն ես ու իմ նորահայտ ընկերը՝ այն փոքրիկը, որ խայտում է շուրջս: Զգում եմ՝ ինչպես է փորձում բռնել ձեռքս՝ այնպես ինչպես աղջնակը կբռներ հուսալի ձեռքը, որ չընկնի սառցակալ գետնի վրա:
Քայլում ենք՝ ես իմ հուշերով, իսկ նա ինձ իր սառցե թաթիկներով սառեցնելու համար, ճիշտ է, նա չի հասկանում, որ մրսած եմ արդեն, բայց ոչ սառը թաթիկներից, այլ սառը սրտերից, որոնք ինձ վանել են միշտ ու ստիպել մրսել զուտ նրանց ջերմացնելու ցանկությանս համար:
Սառած է հատակը, որ թաքնվում է ձյան տակ: Նա կարծես խնամքով թաքնված հայելի լինի, որ իր մեջ կրում բազում ածելիներ, այնպես, ինչպես իմ շուրջը գտնվող որոշ մարդիկ, ովքեր միայն արտաքինով են մարդանման:
Հիշում եմ, թե ոնց էր զրնգում այս փողոցը բազում սիրո բառերից, որոնք ասվում էին այնպես, որ հավատում էիր դեռ ապրող անկեղծությանը: Բայց դրանք ընդամենը պատրանք էին:
Երբ ասում են, թե աղջիկներն են սիրում ականջներով, ես այլևս չեմ հավատում: Այդ մենք ենք սիրում ականջներով էլ, աչքերով էլ, երբ սկսում ենք լսել միայն նրանց ու դառնալ կույր, որ շարժվում է միայն ուղեցողի օգնությամբ:
Այդ իրականությունը նման է այս մայթին ու իմ նորահայտ բարեկամին, որը ինչպես և մյուսները, նախ և առաջ, ինձ սառեցնելու նպատակ ունի: Չգիտեմ, գուցե նրան ինչ-որ բան հաջողվի, բայց մի հարստություն ունեմ իմ մեջ, որին ո՛չ նրանք, ո՛չ էլ նա չի կարողանա սառեցնել, քանի դեռ հավատը, մարդկայինը ու լուսավորը գույություն ունի: Եվ թող հազար նման մայթեր լինեն, որտեղ սահում եմ հայելանման գետնին, մեկ է, քանի հայելին ինձ ցույց կտա ես չեմ ընկնի հատակին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել