Պետք է մի միտք մշակել, որը կփոխի այն բոլորի մտածողությունը, որոնք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ մեկ ա ոչինչ չի փոխվելու...

Սա շատ վտանգավոր մոտեցում է: Նախ սա հանգեցնում է անտարբերության, երկրորդ՝ մասնատման, երրորդ՝ հիասթափության, քանի որ երբ իրոք ոչինչ չի փոխվում, մարդիկ հիասթափվում են: Ու դա նշանակում է, որ պայքարը նպաստում է հիասթափվածների աճին: Բայց եթե այս մտածողությունը փոխվի, ամեն ինչ կփոխվի: Քանի որ չկա ոչինչ, որը անփոփոխ է: Չկա ոչինչ, որի վրա չի ազդում պայքարը: Փոփոխությունները խորքային են, ու եթե կոնկրետ պայքարի նպատակը չի իրականանում, ապա փոփոխություններ միևնույն է լինում են: Տեղի է ունենում հանրության ձևավորում որպես պահանջատեր հասարակություն, որը կնպաստի նրան, որ հաջորդ անգամ որևէ բան անելուց առաջ անողները կմտածեն, նոր կանեն: Տեղի է ունենում անտարբերության ջախջախում, որը հանգեցնում է բարոյապես մեկ քայլ առաջ անցնող հասարակության կերտման: Մենք նախ պիտի կերտենք բարոյական հասարակությունը, որն էլ իր հերթին կկերտի բարոյական իշխանություն: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի իշխանությունների անբարոյականությունը վարակի մեզ և տանի դեպի կործանում: Մենք պիտի կոտրենք այն սկզբունքը, թե նպատակին հասնելու համար ամեն միջոց արդարացված է: Ոչ, սա կործանարար մոտեցում է: Նպատակին հասնելու համար միմիայն բարոյական, ճիշտ միջոցներն են ընդունելի: Եվ մենք դա կիրառելով՝ պիտի այդ մոտեցումը սկզբունք դարձնենք բոլորի համար՝ այդ թվում իշխանությունների: Մեր առաջնահերթ մեկ խնդիրը բարոյական ապրող կերպար, մարդ ստեղծելն է: Մարդ, որը ոչ մի իրավիճակում չի քծնում, չի գողանում, չի թալանում, չի կաշառվում, չի կաշառում, չի ստորանում, չի նսեմացնում, չի նսեմանում, չի վաճառվում... Մարդ, որն ապրում է ազնիվ, անկեղծ, արարող կյանքով: Մարդ, որը պատրաստ է իր այդ սկզբունքների համար կռիվ տալ կեղծիքի ու անարդարության դեմ նախ և առաջ իր մաքրությամբ: Մենք ենք կերտում մեզ և մեզ առաջ տանողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել