Ձմեռվա մեկնարկն ու առաջին ձյունը ստիպեցին տրանսպորտի ուղեվարձի սակագների խնդրից սահուն անցում կատարել փողոցներն ու մայթերը ձյան ծածկույթից մաքրելու ու աղ-ավազ լցնելու խնդրի քննարկմանը:

Ո՞րն է հասարակության պահանջը քաղաքային իշխանությունից. քաղաքացին կարծում է, որ քաղաքային իշխանության առաջնային խնդիրներից է փողոցների ու մայթերի մաքրումն ու վարորդների և հետիոտների համար անվտանգ տեղաշարժի հնարավորության ստեղծումը: Ընդ որում, շարքային քաղաքացուն առհասարակ հետաքրքիր չէ, թե ինչպես, ինչ միջոցներով ու ինչ ռեսուսրների հաշվին քաղաքապետարանն այդ խնդիրը կկատարի: Շարքային քաղաքացին համարում է, որ ուղղակի կամ անուղղակի ձևով վճարում է նույն քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը, որը սնվում է իր գրպանի հաշվին, պարտավոր է որակյալ ծառայություն մատուցել իրեն, այս դեպքում` փողոցները ձյան ու սառույցի շերտից ազատելու ձևով:

Ի՞նչ է ասում քաղաքային իշխանությունը. քաղաքապետարանը քաղաքացու պահանջը բավարարելու նպատակով փողոց է դուրս բերել 128 միավոր տեխնիկա, որոնք շուրջօրյա ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում երևանյան փողոցներում, բակերում, մայթերին, և այն գտնվում է քաղաքապետի անմիջական վերահսկողության տակ: Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված են նաև այն ձեռներեցները, որոնք խանութներ կամ այլ սպասարկման օբյեկտներ ունեն ու պարտավոր են օրենքով նախատեսված կարգով մարքել իրենց օբյեկտների հարակից տարածքը. աշխատանքներին ներգրավված են նաև կամավորներ:

Ունենք իրավիճակ, երբ քաղաքապետարանը քաղաքացուն ծառայություն մատուցելու համար փողոց է դուրս բերում իր ողջ տեխնիկական ռեսուրսը (որոշ դեպքերում` նաև տեխնիկա վարձակալում մասնավոր ընկերություններից), սակայն տարիներ շարունակ չի կարողանում գոհացնել շարքային երևանցուն:
Տարիների փորձից, նվազագույնը ի՞նչ եզրակացություն պետք է աներ քաղաքապետարանը. Տեսանելի է, որ առկա տեխնիկական պարկը, մեծամասամբ, ֆիզիկական ու բարոյական մաշվածության խնդիր ունի, որի պայմաններում դժվար է անհրաժեշտ արդյունք ապահովել, որքան էլ դրանք ողջ գիշեր աշխատեն: Այս իրավիճակում, քաղաքացուն այդքան էլ հետաքրքիր չէ, թե որքան տեխնիկա է փողոց դուրս բերվել կամ դրանցից յուրաքանչյուրն ինչ ծավալի աշխատանք է իրականացրել. չի բացառվում նաև, որ աշխատանքի արդյունավետ իրականացման խնդիր կա (նաև կադրային առումով): Ստեղծված իրավիճակում քաղաքապետարանը պետք է ճանապարհներ փնտրի` տեխնիկական պարկը համալրելու այնպիսի արդիական տեխնիկայով ու համապատասխան կադրերով, ինչը հնարավորություն կտա որակյալ ծառայություններ մատուցել:

Շարքային երևանցու համար ամենից դժվար ընկալելին այն է, որ տարիներ շարունակ նույն խնդիրը կրկնվում է, սակայն հարցին այդպես էլ արդյունավետ լուծում չի տրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել