Գևորգ ՊետրոսյանAllturkey.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ շատ հստակ է՝ նա և իր երկիրը պատրաստվում են 2015 թվականին՝ փորձելով մեղմել դրա ազդեցությունը միջազգային մակարդակով։

2011-2013 թվականներին Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից պասիվ կեցվածք ընդունած թուրքական կողմը նոյեմբերից միանգամից սկսեց խոսել Հայաստանի հետ հարաբերություններից, թուրքական մամուլը սկսեց դրա մասին ավելի հաճախ գրել, դրան հետևեց նաև Դավութօղլուի որոշումը՝ այցելել Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին։

Իհարկե, այս ամենը միամիտ, պատահական ու ինքնաբուխ չէ, և սա միայն գործընթացի սկիզբն է։ Սպասել է պետք ավելի հետաքրքիր, բարձրագոչ ու ուշագրավ զարգացումների, մանավանդ 2014 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ Թուրքիան իր բոլոր նմանատիպ քայլերով փորձելու է ՑՈՒՅՑ ՏԱԼ, թե փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ու ԼԱՎԱՑՆԵԼ։ Իսկ երբ 2015 թվականին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ակտիվանա, թուրքական կողմը կփորձի ցույց տալ, թե այս կամ այն երկիրը, որը քայլ է կատարում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, կարող է խանգարել հայ-թուրքական մերձեցման ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, և այդ կերպ միայն վնասելու հայերին ու թուրքերին իրենց խնդիրներն ինքնուրույն լուծելու ճանապարհին։

Թուրքերն այս սխեման կիրառել են 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրություններից հետո, այժմ նույնպես կփորձեն ավելի լավ մտածված ու մշակված տարբերակով շարունակել դա։

Այնպես որ, պետք է հասկանանք, թե Թուրքիայի ակտիվությունը Հայաստանի հարցում ինչի հետ է կապված, իսկ այն մեծապես կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու հետ, այն էլ՝ 2015-ին ընդառաջ, երբ սպասելի է միջազգային հանրության կողմից թուրքական ոճրագործության դատապարտման տեմպերի աճ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել