«Ազգ»-ը գրում է.

Միջին Արեւելքը դյուրավառ մի տակառ էՙ պատրաստ պայթելու ամենադույզն կայծից: Իսկ Բուշ-Չեյնի վարչակազմը ոչ միայն չխուսափեց այդ կայծը առաջացնելուց, այլեւ դիտավորյալ եւ անխնա կերպով պատերազմ սանձազերծեց Իրաքի դեմ, որը մինչեւ օրս արյան մեջ լողում է: Մենք դեռ շա՜տ պետք է սպասենք այն օրվան, երբ իրականություն կդառնա Չեյնիի կանխագուշակումը, որ Իրաքի ժողովուրդը մի օր ծաղիկներով կդիմավորի նախահարձակներին:

Ընդհանուր առմամբ, վերոնշյալ հրձիգների ստերի հիման վրա նախաձեռնված պատերազմը խլեց ավելի շատ քաղաքացիների կյանքեր, քան բռնակալ Սադդամ Հուսեյնը երբեւէ կարող էր սպանել: Ավելին, այդ պատերազմի հետեւանքով սպանվեցին 4.500 երիտասարդ ամերիկացիներ, իսկ 50 հազարն էլ վիրավորվեց եւ հաշմանդամ դարձավ, ֆիզիկապես կամ մտավոր հաշմանդամ, ավելորդ բեռՙ ամերիկացի հարկատուների համար:

Իրաքյան պատերազմը 3 տրիլիոն դոլար արժեց եւ ծնկի բերեց Ամերիկայի տնտեսությունը: Պոլ Վոլֆովիցի եւ նրա նոր պահպանողականների (neo con) խմբավորումը մոգոնեց այդ պատերազմը Իսրայելի հանդեպ սպառնալիքները ոչնչացնելու նպատակով: Սադդամ Հուսեյնը ոչ սպառնացել էր, ոչ էլ կարող էր սպառնալ Միացյալ Նահանգներին:

Կարծիք կա, որ Չեյնիի ծրագիրն էր պատերազմի հաջողության դեպքում ընդարձակել այն եւ դրանում ներառել Իրանին ու Սիրիային: Բարեբախտաբար «ծաղիկներով դիմավորվելու» փոխարեն նա ստիպված եղավ հեռանալ Սպիտակ տնից, թողնելով, որ նախագահ Օբաման գլուխ հանի ստեղծված խառնաշփոթից: Վերջինս փորձում էր գործել համաձայն իր նախընտրական խոստումների, որոնք պետք է առավել խաղաղ իրավիճակներ ստեղծեին աշխարհի անհանգիստ տարածաշրջաններում: Սակայն իր երկրորդ պաշտոնավարության կեսին նա դեռ բազմաթիվ ներքին հարցեր ունի լուծելու: «Օ Բամա Քերը» (o bama care)ՙ առողջապահության բնագավառի իր ծրագիրը վտանգված է, ներգաղթի օրինագիծը դեռեւս անորոշության մեջ է, մնացած ներքին խնդիրներն էլ հերթի են սպասում:

Ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումի դրժումը, ճիշտ է, չի անդրադառնալու խաղաղության կողմնակցի իր կերպարի վրա, սակայն հուսախաբ է անելու (եւ արել է) հայկական համայնքին: «Նյու Յորք թայմսում» Մարկ Լոդլերը գրում է. «Ամերիկացիների չափազանց հոգնածությունը պատերազմներից ուժեղացրել է բանակցային լուծումներ գտնելու Օբամայի բնազդը:

Սպիտակ տան պաշտոնյաները առաջ են քաշում այն միտքը, որ նախագահը միշտ էլ ծրագրել է հասնել խաղաղության հաստատման այս կետին եւ դրան նախորդած ամեն ինչը (Աֆղանստանում զորքերի տեղակայում, Բեն Լադենի սպանություն եւ այլն) եղել են պարզապես իր նախորդների հետքերի մաքրման գործողություններ»:

Մաքոքային դիվանագիտության շնորհիվ պետքարտուղար Ջոն Քերրին կարողացավ ի վերջո բանակցային սեղանի շուրջը նստեցնել իսրայելցիներին եւ պաղեստինցիներին, չնայած դեռ անողաքաբար առաջ է տարվում Արեւմտյան ափի բնակեցման գործընթացը հակառակ իսրայելցիներին ուղղված նրա հորդորանքներինՙ դադարեցնելու գաղութաբնակեցումը: Դեռ պարզ չէ, թե ուր կտանեն այդ բանակցությունները կամ ինչ արդյունք կունենան, սակայն կողմերն առնվազն, երկար դադարից հետո, դարձյալ խոսում են միմյանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել