«Ազգ»-ը գրում է.

«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի եւ այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապադատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»:

Եթե դուք կարծում եք` որեւէ ընդդիմադիր քաղաքական գործչի կամ ուժի հայտարարություն է վերոբերյալը, ապա կարող ենք միայն ասել, որ դուք խորապես սխալվում եք: Այս գնահատականը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանինն է, ով մեր կարծիքով լիովին ճշմարտացի լինելով իր գնահատականներում, այնուամենայնիվ մի փոքր սխալվել է, քանի որ պետության տարբեր կառուցվածքներում առկա մեղքերը վերագրել է միայն մեկ համակարգի:

Միայն դատական համակարգի խնդիրները վերհանելուն ձեռնամուխ լինելով` ողջ երկրի համակարգային խնդիրները նա փաստորեն վերագրում է Վճռաբեկ դատարանի երեք պաշտոնյայի, որոնք, բոլորն էլ գիտեն, միայն օրենսդրությամբ եւ թղթի վրա են անկախ, իրականում կախված են մեր երկրի ողջ օլիգարխիկ հիերարխիայից, ինչպես եւ ցանկացած այլ համակարգ ու բնագավառ:

Բոլոր դեպքերում արժանին մատուցենք արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, որ ներկայացվեց երեկ, եւ առանձնացնենք այդ զեկույցի մի քանի առանցքային եզրահանգումներ` այդպիսով սատար կանգնելով միտումին:

Զեկույցը կազմելու համար ուսումնասիրվել են 2012-2013 թթ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդուված 270 գործ, 200 վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումները, վերջին 9 տարվա Արդարադատության խորհրդի որոշումները եւ այլն:

Դատական համակարգի կոռուպցիոն մեխանիզնի վերաբերյալ բաժնում հարցումների արդյունքում, պատկերացրեք, դատական վճիռ ապահովելու կաշառքների սակագներն են պարզվել ու նշվել զեկույցում` 500-10000 դոլար առաջին ատյանի վճիռների կաշառքն է, 2000-15 000 դոլար Վերաքննիչ դատարանինը, 10 000-50000 հազար դոլարՙ Վճռաբեկ դատարանինը: Այնուհետեւ նկարագրված են կաշառք տալու եւ վերցնելու մեխանիզմները, որոնք, կարծում ենք, դատական համակարգի հետ գործ ունեցած յուրաքանչյուր քաղաքացի այսպես թե այնպես գիտե: Զեկույցում նշված է «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր- 2013» հարցման այն թիվը, ըստ որի հարցվածների 69 տոկոսը կարծում է, որ համակարգը կոռումպացված կամ ծայրահեղ կոռումպացված է:

Նկարագրված են նաեւ դատավորներին ճնշելու ու ենթարկեցնելու ձեւերը` Վճռաբեկի դատավորներին ստորադաս ատյանների դատավորների կցվածությունից սկսյալ (նախկին խորհրդային ձեւերն, ուրեմն, փաստորեն պահպանվել են) մինչեւ տարբեր դասակարգման գործերի վերաբերյալ վճիռների համաձայնեցում: Ընդ որում` ստորադաս ատյանի դատավորները ներքին ընդվզում ունեն Վճռաբեկի նման ճնշումների դեմ, քանի որ նրանք հաճախ վերածվում են տեխնիկական աշխատանք իրականացնող կամակատարի, իսկ չենթարկվողները պատժվում են: Ահա քեզ մեր «անկախ» դատարանների ու դատավորների պատկերը` այս անգամ ՄԻՊ զեկույցում:

Շրջանցենք զեկույցի` արդարադատության խորհրդում առկա խախտումների եւ երկակի ստանդարտների մասին բաժինը` մեկ ուրիշ անգամ այնտեղ ներառված օրինակներից կարելի է մատուցել: Բուն` Վճռաբեկ դատարանում առկա խախտումներին եւ կրկնակի ստանդարների առումով (մի դատարան, որն գործառույթն է ուղղել ստորադաս դատարանների թույլ տված սխալները) ըստ զեկույցի` հիմնական խախտումները, երկակի ստանդարտներն ու իրավական կամայականությունները կատարվում են բողոքները վարույթ ընդունելու փուլում, Վճռաբեկը բողոքը վարույթ ընդունելու փուլում խախտում է բողոքը վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանելու հստակ պահանջը, վճռաբեկ բողոքների մեծամասնությունը վարույթ չի ընդունում:

2012 թվականին Վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական պալատը 2926 վճռաբեկ բողոք է ստացել, մակագրված 2733 բողոքներից 2474-ը կամ 90,5 տոկոսը վերադարձվել է: Քրեական պալատից վերադարձվել է վճռաբեկ բողոքների 88, 1 տոկոսը, 5,07 տոկոսը թողնվել է առանց քննության, իսկ վարույթ ընդունվել է 6,6 տոկոսը: Փաստորեն` բողոքները վերադարձվում են առանց վերադարձման որոշման պատճառաբանման պահանջի ապահովման: Զեկույցում օրինակներով եւ օրենսդրական հիմքերով քննարկվում են այս եւ այլ տիպի խախտումները եւ նշվում, որ մի շարք դեպքերում վերադարձված գործերն վարույթ է ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Ասենք, որ «Ազգի» խմբագրին ուղարկված զեկույցի տիտղոսաթերթին Կ. Անդրեասկյանը գրել էր. «Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը, մեղավորները եւ ապացույցները ներկայացված են այս զեկույցում: Խնդրանքս մեկն է` կենտրոնանանք այս ցավոտ խնդրի վրա»: Համաձայն ենք, կենտրոնանանք, միայն թե ճիշտ թիրախի ու ճիշտ պրոբլեմի վրա, քանի որ դատական համակարգի կոռումպացվածությունը պարզապես շղթայի օղակներից մեկի մասին խոսակցություն է, այնտեղ ինչ-որ բան փոխելու համար պետք է առհասարակ կամք դրսեւորել եւ փոխել իրերի դրվածքը երկրով մեկ, փոփոխությունների ավելի ընդգրկուն մոտեցմամբ: Կ. Անդրեասյանի մյուս նոուհաուն այն էր, որ իր գրասենյակի մուտքի առաջ էր դիմավորում լրագրողներին ու մեկ առ մեկ նրանց նվիրում զեկույցն իր մակագրությամբ, «Ազգին» եւս մակագրված նույն տեքստով:

 Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել