22-ամյա Բուրաստանը Շիրակի Մարզի Կաքավասար գյուղից է, սակայն արդեն երեք  տարի է ինչ Երևանում է բնակվում, ուր տեղափոխվել է համալսարանական կրթություն ստանալու նպատակով:

Նրա խոսքերով Կաքավասարի ողջ բնակչությունը 130 հոգի է կազմում: Մարդկանց մի մասը զբաղվում է անասնապահությամբ, իսկ հիմնական աշխատուժը` արտագնա աշխատանքներով:

 «Միայն անասնապահությամբ  չես կարող հոգալ ընտանիքիդ տարրական պահանջները: Վարելահողերը շատ չեն, եղածներում էլ ոռոգման խնդիր կա, որից բացի հողատերերը հարկեր են վճարում, և նույնիսկ այն դեպքում, երբ այդ հողերը չեն օգտագործում»,-նշեց մեզ հետ զրույցում Բուրաստանը` հավելելով, որ սրանք են պատճառները, որ գյուղը դատարկվում է. «Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ աղջիկները վաղ տարիքից ամուսնանում են` լքելով գյուղը»:

 «Գյուղում բացի մանկավարժությունից ուրիշ մասնագիտությամբ չես աշխատի, իսկ ես տեսնելով տատիկիս ու մայրիկիս օրինակը, հեռու մնացի մանկավարժի առաջ դրվող պատասխանատվությունից: Դա ամենադժվար ու անշնորհակալ մասնագիտությունն է»,- վստահեցնում է 22-ամյա Բուրաստանը: Նրա հեռանկարները նույնպես իրեն գյուղից դուրս են տանում: ԲՈՒՀ-ում նա ընտրել է «միջազգային հարաբերություններ» բաժինը:

 «Ավարտելուց հետո կփորձեմ ուսումս շարունակել դրսում»,-խոստովանում է նա, սակայն ցավում, որ այդպես է վարվելու: Ցավալի է, որ գյուղի սոցիալական պայմանները այդպես են ստիպում վարվել. «Չգիտեմ` կվերադառնամ գյուղ, թե ոչ…: Ապագաս դեռ մշուշոտ է, բայց իմ սիրտը լեռներում է…»:

 Հայկ Կիսեբլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել