Նախորդ գրառումիցս հետո լավ կամրադ Նաիրի Պետրոսյանը էդ թեմայով մի հետաքրքիր հոդվածի հղում տվեց՝ խոսուն վերնագրով. «Ինչպես է համացանցը սպանում աշխարհի լեզուները»։ Ըստ հոդվածի հեղինակ լեզվաբան Անդրաշ Քորնայիի (András Kornai) կանխատեսումների՜ աշխարհում առկա 7,776 լեզուների 5 տոկոսը միայն համացանցում կգոյատևի՜ սույնով հանգեցնելով մնացած 95 տոկոսի մոռացմանը։ Առանց հետազոտության մեթոդոլոգիայի մեջ խորանալու էլ կարելի է հստակ ընկալել էս սահմռկեցուցիչ կանխատեսման իմաստը. լեզուն կա, քանի դրանով խոսող-գրող կա։ Աշխարհի բոլոր լեզուներով խոսող-գրողների գնալով ահագնացող քանակը դադարում է գրել ավանդական թղթին՝ ավանդական գրիչով ու նախընտրում է ստեղնաշարը։ Սա անժխտելի փաստ է։ Ես, օրինակ, ստեղնաշարով մի քանի անգամ արդյունավետ եմ տեքստ հավաքում, քան դա կանեմ գրիչով։
Եթե գրիչով կարող ես գրել, ինչպես ուզես և ինչ լեզվով ուզես, ապա ստեղնաշարի դեպքում կախվածություն կա որոշակի տեխնիկական հնարավորություններից։ Մասնավորապես՝ հայերեն գրելու համար առնվազն պետք է ունենաս հայերեն տառատեսակ, հայկական ստեղնաշար և հայերեն գրելու ցանկություն։
Եթե համակարգիչներում հայկական տառատեսակի խնդիր կա` կարելի է ասել, չկա, ապա կապի ու հաղորդակցության շարժական սարքերում (հեռախոսներ, խելախոսներ, պլանշետներ) այս խնդիրն էական նշանակություն ունի։
Խնդիր կա նաև հայերեն ստեղնաշարերի ու հայերեն գրելու ցանկության հետ։ Ընդ որում, էս գործոններից առաջինի հետ կապված երկարաժամկետ խնդիրները բացասական առումով, վաղ թե ուշ, արտացոլվում են երկրորդի վրա։ Երբ պետական համալսարանի շենքի պատին մի սիրահարված տղա իր սիրած աղջկան սիրո խոստովանություն է անում տրանսլիտով՝ a la «Anul, yes kez sirum em» կամ դրա նման մի ուրիշ տեքստով, ապա էստեղ ականատեսն ենք շատ ավելի խորացված ու արմատացած խնդրի, քան ստեղնաշարի կիրառման տեխնիկական անհնարինությունն է։ Պարզ է, որ երիտասարտդների շրջանում սա հատկապես վերաբերում է հաղորդակցության շարժական միջոցներին։ Հենց մենակ հայերեն sms գրելու հնարավորության բացակայությունը հեռախոսների հիմնական ու ամենատարաված մոդելներում հերիք է։
Վերը նշված լեզվաբան Քորնայի հետազոտության մանրամասներում առանց խորանալու էլ կարող եմ պնդել, որ իր ուսումնասիրության արդյունքների ահազանգած վտանգը հենց էս՝ «Anul, yes kez sirum em» արտահայտության մեջ է, ավելի ճիշտ՝ էդ արտահայտության արտահայտման ձևի մեջ։ Երիտասարդն իր խոսքերը վրձնով գրելիս ընտրել է լատինատառը։ Երիտասարդը սպիտակ ագռավ չէ. շատերն են էդպես։ Ահա տեխնիկական միջոցների բացակայության պատճառով գրելու մշակույթի փոփոխության մի ակնառու օրինակ։
Ի՞նչ անել։
ՖԲ կամրադ Նորայր Չիլինգարեանը Իրանի շատ արդյունավետ փորձով կիսվեց, պատմելով, որ երբ առաջին բջջային հեռախոսները հայտնվեցին, դեռ պարսկերեն գրելու հնարավորություն չկար ու հետո, երբ ստեղծվեց էդ հնարավորությունը, մարդիկ արդեն սովոր էին պարսկերեն չգրել։ Եվ այնտեղի օպերատորները պարսկերեն գրված sms հաղորդագրությունների գինը հինգ անգամ էժանացրեցին։ Լատինատառ պարսկերենը հեռախոսներից վերացավ։ Հազար կոչ ու լոզունգ արժի։ Կարելի՞ է սա Հայաստանում կիրառել։ Վստահ եմ՝ այո։ Կօգնի՞։ Վստահ եմ՝ այո՛։
Նմանատիպ հստակ ու նպատակաուղղված մի երկու դյուրին քայլ էլ, ու համակարգիչների և հեռախոսների ստեղնաշարերը պարտադիր հայերեն տառեր կպարունակեն (սրան բազմիցս անդրադարձել եմ)։ Թե որ շարվածքով, ինչ հերթականությամբ՝ արդեն տեխնիկական հարց է, մասնագետների քննարկման ու վերջնական որոշման թեմա։
Մի բան արեք, էլի, հարգելի ոլորտի համակարգողներ, մեծ ու փոքր պետեր, ՏՏ ոլորտի զարգացման մասին ճամարտակողներ… Mi ban areq