«Ազգ»-ը գրում է.

Երեկ, մինչ ՌԴ նախագահ Պուտինը կժամաներ Հայաստան, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուղեւորվել է Հարավային Կորեա: «Դա հերթական այց չէ, այլՙ ուղեւորություն, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը», գրել է virtualaz.org-ը` Իլհամ Ալիեւի որոշումն ուղղակիորեն պայմանավորելով Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմահենակայանի արդիականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

«Այդ իրավիճակում Ադրբեջանը էլ ավելի ուժեղանալու հերթական քայլն է կատարում»,- մանրամասնել է ադրբեջանական լրատվամիջոցը եւ հիշեցրել, որ Հարավային Կորեայից զենք-զինամթերք գնելու Ադրբեջանի մտադրությունը նախկինում հանդիպել է այդ երկրի արտգործնախարարության դիմադրությանը, որը պաշտպանական գերատեսչությանը խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Հարավային Կովկասի հետագա ռազմականացմանը մասնակցելու քայլերից:

Արդյոք իրավիճա՞կ է փոխվել, պաշտոնական Սեուլը դադարե՞լ է Ադրբեջանի չափազանց ռազմականացումից զգուշանալ` որեւէ տեղեկություն հայտնի չէ: Ադրբեջանական լրատվամիջոցն ուղղակի բաց գրել է, որ պաշտպանության նախարարը մեկնել է Հարավային Կորեա` «բազմամիլիարդանոց գործարքի շուրջը բանակցելու»:

Աղբյուրը, սակայն, զենքի եւ զինամթերքի նոր խմբաքանակ ձեռք բերելու Ադրբեջանի նպատակադրվածությունը չի բացատրում Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությամբ: Նշվում է, որ Ադրբեջանը «մտադիր չէ միանալ Մաքսային միությանը եւ «նոր ԽՍՀՄ»-ի վերականգնման` եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման ծրագրերին»:

Այս իմաստով virtualaz.org-ը ենթադրում է, որ եթե «Սեուլում բանակցությունները հաջող ընթացք ունենան, ապա Ադրբեջանը կարող է դիրքերն ամրապնդել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հանդեպ»: Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայում պատվիրել «երկու փոքրածավալ սուզանավ»:

Այս տեղեկությունները շրջանառվել էին, երբ հայտնի էր դարձել, որ Իրանը սեփական արտադրության սուզանավ է ջրարկել Կասպից ծովում` նպատակ ունենալով ուժեղացնել նավթագազային հանքավայրերի պաշտպանությունը: Համանման քայլեր ձեռնարկել են մերձկասպյան բոլոր երկրները, այդ թվում` Ռուսաստանը, որ արդիականացրել է Կասպից ավազանում գործող իր նավատորմիղը:

Չափազանց ուշագրավ է, որ այս օրերին վերստին իրավիճակը լարվել է իրանա-ադրբեջանական ցամաքային սահմանում: Դեկտեմբերի 1-ին Լենքորանի սահմանային հատվածում գրանցվել է փոխհրաձգություն, Ադրբեջանի սահմանապահ զորքերի մի մայոր սպանվել է, մի փոխգնդապետ եւ եւս մի սպա` վիրավորվել:

Նախապես տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ, սակայն հետո եղան ակնարկներ, որ միջադեպը տեղի է ունեցել երկու կողմերի սահմանապահների միջեւ: Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն այդ առթիվ ադրբեջանական կողմին կշտամբել է, որ խախտվել է սահմանային միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ չտարածելու երկկողմ պայմանավորվածությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել