

Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանանում է «Գրան-Պրի»-ի: 1996-ին մասնակցում է «Յալթա-Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին և արժանանում է հատուկ մրցանակի: 1999-ին, «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում, Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր ստանում է երկրորդ տեղը: 2000-ին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև, ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ: Արամը իրենց դիմացի բակից էր ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում է ուժերը փորձել երգարվեստում ու մայրիկի հետ զուգերգ է ձայնագրում: Վարդուհու ու Արամի ամուսնությունից մեկ տարի անց ամուսնանում են Վարդուհու ավագ քույրն ու Արամի եղբայրը՝ Քրիստինեն ու Հովհաննեսը: Վարդուհին, լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին:
2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», ուր ներգրավվում են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի Պետական Թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում:
2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն ստիպված են լինում ուշ գիշերի վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում:
Մեքենայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:
2006-ին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է «Հայաստանի լավագույն երգչուհու» կոչում:
Նույն թվականին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:

2007-ին` դեպքի առաջին տարելիցի առիթով, հիմնադրամը թողարկում է Վարդուհու հետմահու առաջին ձայնասկավառակը` «Միայն դու» անվանմամբ, ուր տեղ են գտնում նրա անգլերեն և ռուսերեն կատարումներից տասը: Նույն թվականին կազմակերպվում է հուշ-երեկո` «Մեկ տարի քեզ հետ և առանց քեզ» խորագրով, որի ժամանակ տեղի է ունենում բոնուս երգի պրեմիերա, որն անվանվում է «Ես անչափ սիրում եմ ձեզ»` Վարդուհու վերջին խոսքերով:
2008-ին տեղի է ունենում ևս մեկ սկավառակի շնորհանդես: Սկավառակը կոչվում է «13 SONGS», քանի որ Վարդուհին այն իր երջանիկ թիվն էր համարում: Այս սկավառակում տեղ են գտնում բացառապես հեղինակային կատարումներ` Վարդուհուն նվիրված:
Այս ընթացքում կազմակերպվում է ևս մեկ երեկո` նվիրված Վարդուհուն` «Քո երգերը քո ընկերների շուրթերից» խորագրով:
2011 թվականին լրացավ սիրելի երգչուհու 35-ամյակն ու դժբախտ պատահարի 5-րդ տարելիցը: Այս առիթով հիմնադրամը թողարկեց Վարդուհու ևս մեկ ձայնասկավառակ, որն անվանվեց «ԻՄՆ ԵՍ»՝ սկավառակում տեղ գտած համանուն ստեղծագործության վերնագրով: Այնտեղ տեղ գտան երգչուհու երբևէ չթողարկված երգերից 15-ը:
Սակայն, սա դեռևս ամենը չէր: Սկավառակի թողարկումից մի քանի ամիս անց կայանում է մեծ հուշ-երեկո՝ Վարդուհուն նվիրված: Համերգն անվանվում է «Իմն ես»: Համեգին իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին: Նա կատարում է մայրիկին նվիրված «Արև» երգը, որի հեղինակը Սիրուշոն է: Այս երեկոյի ընթացքում Վարդուհու բազմահազար եկրպագուներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Տեղի ունեցավ Վարդուհու հիշատակին նվիրված ևս մեկ երգի պրեմիերա, որի տեսահոլովակի նկարահանման և ձայնագրման աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին՝ Ռուբենը:
Հիշեցնենք, որ կազմակերպվող բոլոր երեկոներից և թողարկվող բոլոր սկավառակներից ստացվող ամբողջ հասույթը փոխանցվում է «ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ին, որով հիմնադրամը կարողանում է կյանքի կոչել երգչուհու շուրջ 5 սկավառակ լրացնող անավարտ աշխատանքները:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/12/blog-post_1648.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել