Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ իր երկիրն ինտեգրվի Եվրոպական Միությանը: «Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացն արագացնելու համար: Միևնույն ժամանակ թույլ չեմ տա, որպեսզի մեր տնտեսությունը տուժի, իսկ մեր ժողովրդի սոցիալական վիճակը վատթարանա»,- ասել է նա:

17Յանուկովիչի խոսքով՝ ակնհայտ է, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը: «Ուկրաինան իր աշխարհաքաղաքական ընտրությունն արդեն կատարել է: Մենք եվրոպական ժողովուրդ ենք, և մեր ուղին պատմականորեն որոշված է: Եվրոպական ժողովուրդներին մեր ժողովրդի ինտեգրումը պետք է իրականացվի գործընկերության համահավասար պայմաններում. մեզ պետք է հարգեն և հաշվի նստեն մեզ հետ»,-ասել է Ուկրաինայի նախագահը: Հիշեցնենք, որ Կիևում այսօր ցուցարարները գրոհել են նախագահի նստավայրը: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարների և ոստիկանների միջև դաժան բախումներ են սկսվել: Ցուցարարները քարեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետում ուժային կառույցների ներկայացուցիչների վրա, լսվում են կրակոցներ: Բացի Կենտրոնական հրապարակից՝ Մայդանից, ընդդիմությանը հաջողվել է գրավել նաև քաղաքային ադմինիստրացիայի մի քանի շենքեր: Ցուցարարների մյուս մասը բուլդոզերով գրոհել է նախագահի նստավայրը, որտեղ նրանց դիմավորել են զինվորականներից կազմված պատով: Գրոհով վերցված է նաև Արհմիությունների շենքը: Ընդդիմության վկայությամբ՝ ցույցին մասնակցում է մինչև 500 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել