Տասնչորսն անց է տասնհինգ րոպե, ու ես թերթում եմ արդեն կյանքիս տասնչորսերորդ էջը` այն երբեք կրկին բացել չկարողանալու դառն գիտակցումով: Ժամեր էն անցել, արդեն բացել եմ  կյանքիս տասնհինգերորդ էջը ու ապուշ կտրած նայում եմ անսխալ էջի չպղծված ճերմակությանը: Շուտով` շատ շուտով էլի հիմարի պես կսկեմ սխալներ անել: Արդեն վերցրել եմ գրիչս ու գրում եմ` գրում եմ բառեր` իրարից անկախ, անիմաստ, բայց լի ծերացող անիմաստությամբ: Ասում են` << Բոլոր պատմվածքների առաջին էջերն էլ անհետաքրքիր են>>:
  -Իմ փոքրի՜կ <<Տասնհինգերորդ պատմվածք>>, միթե դու իրոք անհետաքրքիր կլինես այդքան մտահաղացումներով ու նպատակ դարձած երազանքներով, այդքան ընկերներով ու հարազատից անկեղծ թշնամիներով: Ինչ էլ որ լինես, սիրելու՛ եմ քեզ իմ <<Տասնհինգերորդ>>, Ինչ էլ որ լինես, տոնելու՛ եմ քեզ, նշելու եմ գալուստդ` թեկուզ և իմ ու քո պես ծերացող գինով: Իմ միակ Տասնհինգերորդ, գիտե՞ս թե ինչքան էի քեզ սպասում, երբ մեկն անց էր երկու րոպե...
 Սպասումով լի` <<բարի գալուստ>> իմ միակ Տասնհինգերորդ, իմ խե՜նթ Տասնհինգերորդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել