ԲԻՍԿՎԻՏ՝

7 ձուն առանձնացնել սպիտակուցների ու դեղնուցների: Սպիտակուցները հարել, հենց զանգվածը լավ փրփրի ու քիչ ամրանա գդալ-գդալ ավելացնել 75 գ շաքարավազ: Հարել այնքան, որ ամանը շրջելիս չթափվի: 7 դեղնուցը հարել 75 գ շաքարավազով մինչև սպիտակելը: Դեղնուցով զանգվածին քիչ-քիչ ավելացնել հարած սպիտակուցը՝ զգույշ խառնելով, որ զանգվածը մնա փրփրուն. ՉՀԱՐԵԼ: 125 գ ալյուրը, 1 լիքը ճ. գդալ կակաոն, կես թ. գդալ փխրեցուցիչը, մի պտղունց աղը մաղել, հետո գդալ-գդալ մաղել ձվով զանգվածի վրա՝ ներքևից վերև զգուշությամբ խառնելով: 50 գ կարագը հալել, թողնել, որ սառչի, և ամանի եզրով քիչ-քիչ լցնել խմորի մեջ, խառնել: Խմորը պետք է շատ զգույշ խառնել, ՉՀԱՐԵԼ, որ զանգվածը մնա փրփրուն ու թթվածնով հագեցած: Ջեռոցի կլոր տապակին շատ քիչ կարագ քսել, լցնել խմորը և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Փայտիկը խմորից պետք է չոր դուրս գա, առաջին երեսուն րոպեի ընթացքում ջեռոցը չբացել:

ԿՐԵՄ՝

3 հատ դեղնուցը, 50 գ ջուրը և 5 ճ. գդալ խտացրած կաթը խառնել, դնել մարմանդ կրակին, եփել մինչև պնդանալը՝ անընդհատ խառնելով, ավելացնել 50 գրամ շոկոլադ, խառնել, որ հալչի: Թողնել, որ լավ սառչի: 200 գ փափուկ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել սառած կրեմը, հարել: Կարելի է 2 ճ. գդալ կոնյակ ավելացնել:

ՕՇԱՐԱԿ՝

100 գ ջուրը, 100 գ շաքարավազը եփել, որ շաքարը հալչի, թողնել՝ սառչի, ավելացնել 2 թ. գդալ կոնյակ:

Բիսկվիտը թողնել 4-5 ժամ, որ սառչի, բաժանել 3 մասի: Առաջին շերտին քսել օշարակ, հետո պատել կրեմով, ծածկել 2-րդ շերտով, քսել օշարակ, քսել մնացած կրեմը, ծածկել 3 շերտով: 2-3 ճ. գդալ առանց կտորների ծիրանի ջեմը տաքացնել, որ քսելու համար հեշտ լինի: Տորթի վերևի շերտը պատել ջեմի բարակ շերտով: Թողնել սառնարանում, որ ջեմը սառչի:

ԳԼԱԶՈՒՐ՝

100 գ շաքարավազը, 100 գ ջուրը, 200 գ շոկոլադը խառնել, եփել մարմանդ կրակով, մինչև մի փոքր խտանալը: Թողնել 5 րոպե, որ քիչ սառչի, և գլազուրով պատել տորթը: Ես կողքերը մանրացրած ընկույզով եմ ձևավորել:

Բարի ախորժակ!!!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել