Ես համոզված եմ, որ եթե Armenia TV-ով Կարեն Քոչարյանի «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ֆինանսական դժվարությունների պատճառով փակվեր, շատերը սկսելու էին քննադատել, թե իշխանություներն ամեն անպետք հաղորդման ու համերգի վրա փող են ծախսում, չէի՞ն կարող մի քիչ օգնել։ Նույնկերպ համոզված եմ, որ եթե հաղորդումը լիներ հայերեն, կրկին կքննադատեին, թե ինչու «գյոզալ» հաղորդումը թարգմանեցին ու փչացրեցին (ինչպես ֆիլմերի դեպքում)։ Հիմա քննարկման թեմա ա դարձել «Ինչ, որտեղ, երբ»-ի արտոնագրի համար պետբյուջեից 12 միլիոն դրամ տալը։ Որքանով ես հասկացա, գումարը տրամադրվել է P-Art մասնավոր ընկերությունը։ Իսկ կառավարությունը ամեն տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տասնյակ մասնավոր ընկերությունների, եթե դրանց գործունեությունից գլոբալ առումով շահում է հասարակությունը։ Ադրբեջանցիները հարյուր անգամ ավելի գումար են ծախսում՝ նույն հաղորդման իրենց «գիտակներին» «ռասկրուտկա» անելու համար։ Ինչի՞ համար։ Եթե կարծում եք, որ անիմաստ են ծախսում՝ այդպես չէ. մեր հարևաններն այդքան էլ հիմար չեն։ Եվ վերջապես, հաղորդման ընթացքում միշտ նշվել է, որ այն իրականացվում է վարչապետի աջակցությամբ։ Աջակցությունը ենթադրում է նաև ֆինանսական աջակցություն։ Իսկ վարչապետը տվյալ դեպքում ոչ թե անձ է, այլ պետական ինստիտուտ։ Այսինքն, կարելի էր հասկանալ, որ խոսքը պետական ֆինանսական աջակցության մասին է։
Իհարկե, ամեն հարցի շուրջ կարող են քննադատական կարծիքներ լինել, բայց չի կարելի ամեն ինչ այդքան քաղաքականացնել և ծայրահեղացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել