Վերջին օրերին բուռն քննարկման առարկա է դարձել «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի կողմից կատարված բարեգործական ակցիան կրթության ոլորտում` սոցիալական տարբեր խմբերի համար բարձրագույն կրթության մատչելիության և հասանելիության ապահովման, սոցիալական խոցելի խմբերի կրթությունը խրախուսելու նպատակով։ Ինչ խոսք, գովելի է նման բարեգործությունը, քանզի բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում առկա բարձր ուսման վարձավճարների պարագայում ոչ բոլոր խավերին է այն հասանելի և այս փաստը հաշվի առնելով, բազմաթիվ խելացի երիտասարդներ չեն կարողանում համապատասխան կրթություն ստանալ։ 
Բայց այս փաստից լիարժեք ուրախանալու առիթ կունենայինք, եթե այս ամենը քաղաքական հողի վրա չլիներ։ 
Այսինքն․․․․ 
Նման առաջարկով հանդես էր եկել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ցանկություն էր հայտնել իր իսկ հիմնադրամի շրջանակներում ևս աջակցել ուսանողներին, սակայն չգիտես ինչու, դիմումը մերժվել էր։ Ինչպե՞ս որակել այս երևույթը, եթե ոչ «կեղտոտ» քաղաքական խաղեր. տվյալ պարագայում փորձում են բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը («Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին): 
Սակայն, բոլորին է հայտնի, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր քաղաքացի ունի բարձրագույն կրթություն ստանալու իրավունք և, ներկայիս սոցիալական պայմանները հաշվի առնելով հանդերձ, պետությունը ինքը պետք է ապահովեր այնպիսի պայմաններ, որպեսզի կրթությունը լիներ մատչելի հասարակության բոլոր խավերի համար, ինչը, ցավոք, այդպես չէ: 
Եվ հիմա ի՞նչ. մենք էլ ենթադրություն անենք, որ, քանզի ներկայիս իշխանությունը և, առավել ևս, ԿԳՆ պորտֆելը գտնվում է ՀՀԿ-ի «ձեռքերում», ստացվում է, որ նրանք ոչ այնքան լավ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները, որպեսզի հնարավորություն տան բարերարներին՝ լրացնել իրենց բացթողումը։ Դե եթե այդպես է, ապա ինչո՞ւ է կողմնապահություն արվում, ինչո՞ւ բոլորին չեն նման հնարավորություն ընձեռում, թե կուսակցական պատկանելության խնդիր կա։

Եթե այդպես է, ուրեմն էլ ավելի իշխանական վերնախավի համար, քանզի ուսումը ևս ներգրավել քաղաքական կեղտոտ խաղերի մեջ` առնվազն պատվաբեր չէ։ Բացի դա, բոլորին է հայտնի, որ արդեն քանի տարի է, թե՛ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, և թե՛ ընդհանրապես, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ և իրականացվում ծրագրեր, որոնց ժամանակ կրկնակի և եռակի անգամ ավել գումար է ծախսվում, քան ծախսվել է «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի կողմից` վերջին ակցիայի շրջանակում։
Պետք է նշել նաև, որ հաշվի առնելով անցած տարիների փորձը, կարելի է պնդել ,որ անկախ ամեն ինչից և ԿԳՆ կողմից կիրառվող անպատվաբեր երկակի ստանդարտներից, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակելու է ուսանողների օժանդակման ծրագրեր իրականացնել, ինչպես նախկինում` անկախ ԿԳՆ-ի կամ տարբեր ԲՈՒՀ-երի ռեկտորների մոտեցումից:
Վերջում առանձնահատուկ հավելեմ նաև, որ բոլոր այս ԿԳՆ-ի կողմից կիրառվող կեղտոտ խաղերից և երկակի ստանդարտներից տուժում է առաջին հերթին շարքային ուսանողը, որ այսօր առավել քան երբևէ ունի օգնության և օժանդակության կարիք: Այնպես որ, նման օգնությունից ուսանողին զրկելը ծանրացած է բացառապես ԿԳՆ-ի ուսերին, որի համար ավելի առաջնային են քաղաքական հաշվարկները, քան ուսանողին օգնելն ու աջակցելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել