Լրանում է 1 տարին այն օրից, որ մեզ բաժանեց Ֆլորա Մարտիրոսյանի ֆիզիկական ներկայությունից: Նոյեմբերի 20-ին սիրելի երգչուհու երկրպագուները հավաքվելու են նրա շիրիմի մոտ` խնկարկելու և կատարելու մոմավառություն: Ուղիղ կեսօրին`12.00 կվառենք մոմեր` խորհրդանշելով մեր սիրելի Ֆլորա Մարտիրոսյանից հորդացող ջերմությունն, ճառագող անմար լույսը և հոգու անմահությունը: Կարող եք միանալ այդ Խորհրդանշական Նախաձեռնությանը և միասին խնկարկել նրա Մշտավառ Հիշատակը: Մեր սիրելի Ֆլորա Մարտիրոսյանը, մեր Լեգենդը Հավերժ մեզ հետ է: Նա կա և միշտ էլ կլինի իր հավատարիմ երկրպագուների հետ: Այս 1 տարվա ընթացքում մի խումբ երիտասարդներ, ովքեր բախտ էին ունեցել մեծարել անձամբ լեգենդար երգչուհուն, դարձյալ շարունակել են մեծարման ու տարածման նվիրական գործը: Սկիզբը տրվեց մոմավառությամբ` երիտասարդները 2012թ. դեկտեմբերի 10-ին Ֆիլարմոնիայի շենքի մոտ ճառագող անմար լույսերով, ինչպիսին հենց մեր երգչուհին էր, դիմավորեցին սիրելի երգչուհուն հայրենիքում, սակայն այս անգամ առհավետ հրաժեշտ տալու համար: 2013թ. փետրվարի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում Ֆլորա Մարտիրոսյանի ընկերների, կոլեգաների, հարազատների և պարզապես նրա արվեստը գնահահատողների հետ նշեցին սիրելի երգչուհու ծննդյան 56-րդ տարեդարձը: Այնուհետև, ամեն համերգային օրերը հիշվեցին երկրպագուների հիշողություններով գրված հոդվածներով: Ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին մենահամերգի օրվան՝ 2012թ հունիսի 19-ին, պատրաստվեց յուրահատուկ հոլովակ «Կուզեմ տեսնել մեր հին Անին» երգի հիման վրա, որտեղ լավագույնս ընդգծվեց մեծահամբավ երգչուհու շքեղ տեսքը, նրա վեհությունն ու անմար գեղեցկությունն: Ինչ խոսք, կարելի էր անել էլ ավելին այս մեկ տարվա ընթացքում, սակայն մենք կարողացանք անել թերևս այդքանը, իսկ շատ ավելի գեղեցիկ մտահղացումներ էլ չիրականացան աջակիցների սակավությունից: Անելիքներ դեռ շատ կան... Լեգենդները չեն մեռնում, նրանք դադարում են ապրել ֆիզիկապես, իսկ նրանց գործերը հավերժ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել