1in.am-ը գրում է.

Իր համասեռամոլ լինելու վերաբերյալ մամուլի հրապարակումները հայր Հակոբ աբեղա Գրիգորյանին շոկի մեջ են գցել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ աբեղան, հավելելով, որ հանրությանը դեռևս անհայտ տղայի հետ լուսանկարները իր անձնական համակարգչից են անհետացել և տարածվել համացանցում:

«Փաստը մնում է փաստ, որ լուսանկարները չկան: Այդ լուսանկարներում ես մորաքրոջս որդու հետ եմ, դրանք ընտանեկան լուսանկարներ են: Ես իրավունք ունեմ չասելու նրա անուն-ազգանունը: Թե ով է լուսանկարները գողացել՝ չգիտեմ: 

Կարծում եմ՝ անունս շահարկվում է ռեժիսոր Լևոն Մութաֆյանի կողմից, ով հայտնի է իր հակաեկեղեցական դիրքորոշմամբ: Նա, առանց հիմնավոր փաստերի, ինձ հանիրավի մեղադրում է համասեռամոլության մեջ: Մի անգամ նա նույնիսկ ասաց, որ ինձնից վրեժ է լուծում բանակը քննադատության ենթարկող իր նյութի պատասխան հոդվածիցս հետո: Ես հայտնվել եմ Մութաֆյանի զրպարտանքների ներքո»,- ասաց նա:

Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի խոսքով՝ ինքը, ելնելով քրիստոնեական արժեքների դավանանքից, չի կարող որևէ մեկին վնասել կամ վատություն անել, և հիմա էլ վատ տրամադրված չէ համացանցում իր լուսանկարները տարածած Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանի հանդեպ: 

«Իսկ այն լուսանկարները, որոնցում ես մահմեդականի հագուստով եմ, արվել են ԱՄՆ-ում՝ համալսարանական միջոցառման ժամանակ: Ֆոտոշոփի խնդիր այստեղ չկա, ուղղակի նկարները շահարկման արդյունք են դարձել»,- ասաց աբեղան՝ հավելելով, որ ինքը կաթողիկոսին խնդրել է ժամանակավորապես կասեցնել հոգևորականի իր գործունեությունը: 

Հակոբ աբեղա Գրիգորյանը հայտարարեց, որ դիմելու է ոստիկանություն՝ պարզելու, թե ով է ուզում անվանարկել իրեն:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի՝ իրեն ուղարկված լուսանկարներն ուղղակի հրապարակել է՝ առանց մեղադրանքներ հնչեցնելու: 

«Ես նրան համասեռամոլության մեջ չեմ մեղադրել, ուղղակի հրապարակել եմ նրա լուսանկարները: Դրանք ուղարկել ենք Մայր Աթոռին, սակայն արդեն երեք շաբաթ է՝ որևէ պատասխան չենք ստացել: Եթե լուսանկարում հայր Հակոբի հարազատն է, ապա ես նրանից ներողություն եմ խնդրում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց ստացած տեղեկությունների համաձայն՝ հայր Հակոբը նաև գումարներ է վերցրել՝ Հայաստան համակարգիչներ բերելու և վաճառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել