Մեր ժամանակների կարևորագույն մասնագիտություններից մեկը լրագրությունն է: Դա այն ասպարեզն է, որտեղ  խմորվում է աշխարհի անցուդարձը` իր քաղաքական, հասարակական, մշակութային, կենցաղային ու բարոյական երակներով: Ճշմարտությունն ամեն ինչ է լրագրողի համար. ճշմարտությունից շեղվելը ոչ միայն բացարձակապես իմաստազրկում է լրագրողի աշխատանքը, այլև այն դարձնում է վտանգավոր: Ուստի այդպիսի ԼՐԱԳՐՈՂԸ դառնում է ԼՐԱԳՐՈՂՈՒՍԵՎՑԱՎ…

Լրագրողի մատը հասարակության զարկերակի վրա է: Ուստի, կարծում եմ, ինչպես որ բժիշկների պատասխանատու մասնագիտությունն է պահանջում ԵՐԴՈՒՄ տալ (Հիպոկրատի երդումը), այնպես էլ` լրագրողինը: Առաջարկում եմ, որ ամեն մի լրագրող պրոֆեսիոնալ դաշտ մտնելուց առաջ երդում տա: Գոնե ինքն իրեն: Ես դա կկոչեի ՄԱՄԲՐԵԻ ԵՐԴՈՒՄ: Գուցե շատերը չգիտեն, թե ով է Մամբրեն (Մամփրեն): Հիմա բացատրեմ:

Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» (Երևան, «Սովետական գրող», 1981, էջ 286-287) երկի հերոսը` Մամփրեն, մի ծեր սասունցի գաղթական էր: Թոռնիկը նրան սովորեցնում է կարդալ: Մի օր հեգելով կարդում է, որ իր հայրենակցուհի մի կին` Ծաղիկը, «մանկուց… երազում էր… կթվորուհի… դառնալ»: Կարդում է, մոլորվում. նորից ու նորից է կարդում, արդեն` վարժ. «մանկուց երազում էր կթվորուհի դառնալ»: Կատաղում է, ճմռթում թերթն ու շպրտում.

–Թյու՛, սատանի ծնունդ,– (ապա, ուշքի գալով, վազում է հովից թռվռացող թերթի ետևից. «տառերն են ափսոս, Sուրբ Մաշտոցի գրերի համար է մեղք»):

Ծախվա՛ծ հոգի, քեզ ո՞վ է ասել, թե այդ խեղճ հարսնուկը դեռ մանկուց երազում էր կթվորուհի դառնալ: Մամփրեն, ախր, լավ է ճանաչում Ծաղիկին: Էդ խեղճ աղջիկն ախր ուսուցչուհի էր ուզում դառնալ, Մամփրեն հո լավ գիտի. մեկ` ուսուցչուհի, մեկ` բժշկուհի, մեկ` պարուհի, մեկ… Թռվռան աղջիկ էր և հազար ու մեկ երազ ուներ…

Սատանի ճուտ, ճշմարտությունն ասա: Գրիր, որ աղջիկը, այսպես ու այսպես, հազար երազ ուներ, բայց, կյանք էր, վիճակ էր, բախտ էր… Ճիշտը գրեիր, ճշմարտությունը գրեիր… Մարդու երա՞զն էլ խլեն մարդուց, նույնիսկ անցած-գնացած երա՞զն էլ խլեն…

Սադայելի ծնունդ, գրերին, արդարամիտ ու ճշմարտախոս ծնված գրերին ինչու՞ ես դարձնում ստալեզու-ստախոս: Քեզ ո՞վ է իրավունք տվել, որ ՄԱՇՏՈՑԻ ՍՈՒՐԲ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՅԴՊԻՍԻ ՊԻՂԾ ՀՐԱՄԱՆ ՏԱՍ…

Այսպիսով, սիրելի (ապագա) լրագրողներ, առաջարկում եմ աշխատանքի մտնելուց առաջ երդում տալ.

«Ես, այսինչ-այսինչյանս, պատրաստվում եմ ոտք (կամ` սմբակ. դեռ հայտնի չի) դնել լրագրության խիստ պատասխանատու ասպարեզ և հանդիսավորությամբ երդվում եմ, որ ՄԱՇՏՈՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ (ՏԱՌԵՐԻՆ) ՍՈՒՏ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՉԵՄ ՏԱ: Եթե տամ, ապա թող վրաս թափվեն արդար սասունցու` Մամփրեի ցասումն ու անեծքը: Ես գիտակցում եմ, որ նման ղալաթն ինձ կդարձնի ԼՐԱԳՐՈՂՈՒՍԵՎՑԱՎ»:

© Հրաչ Մարտիրոսյան, 12.11.2013, Լեյդեն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել