Մանկության իմ կիսաքուն հուշերում մի զույգ աչքեր կան, տխրամած ու արցունքոտ մի զույգ աչքեր, ու կիսաձայն, հոգնած ճղավոց: Մանկության իմ տխրադեմ հուշերում մի կնոջ  հուսահատ հեկեկոց կա, ու մայրիկիս հուսադրող, զսպված հառաչը: Ու մի երկչոտ հարց.
  -Բա որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:

  Մանկության իմ մոլորված  հուշերում տուն-տունիկի մի պատկեր կա, մի յուրօրինակ, կրկնվող տուն-տունիկի, որտեղ ես միշտ ամեն ինչ եմ, բոլոր դերերի հետևում ես եմ, իսկ դու... Դու ընդամենը պահակ ես, ինձնից խռոված ու ինձ պաշտպանող պահակ: Ու պահակ ես, որովհետև մեր զրույցը կրկնվել է.

  -Բա որ մեծանաս, ի՞նչ կդառնաս:
  -Բժիշկ:
  -Մի, իրենք լավը չեն:
  -Չէ, լավն են: Դու չգիտես:
  -Հա... Բայց դու բժիշկ մի դարձի: Տե՞ս, ես որ օդաչու դառնա՜մ, քեզ կտանեմ երկնքում բա՜րձր-բարձր թռնելու:
  -Հա՞: Բայց ես բարձրից վախենում եմ: Ձեր պատուհանից նայելուց էլ եմ վախենում, գիտե՞ս:
  -Ոչինչ, մենք ցածրից կթռնենք, ա՞յ, մինչև էն շենքը: Չես վախենա:
  -Հա՞: Դե ես էլ լավ բժիշկ կդառնամ, դու էլ չես վախենա:
  -Չէ: Տես, դու որ բժիշկ դառնա՜ս, ոչ մի անգամ քեզ չեմ տանի թռնելու, ոչ մի անգամ չես թռնի իմ հետ...
  -Պահ, ոչ էլ տար...
  -Չեմ տանի:
  Ու դու արդեն պահակ ես:

  Մանկության իմ երազապատ հուշերում մի զսպված խոստովանություն կա: Խոստովանություն այն մասին, որ ես էլ չէի սիրում բժիշկներին, ու ավելի շատ չէի սիրում լացը քո աչքերի: Չէի սիրում մեր մայրերի միախառնված հառաչը: Խոստովանություն այն մասին, որ շատ դեպքերում բժիշկ դառնում են ոչ սեփական ցանկությամբ, այլ շրջապատի ազդեցությամբ...

  Մանկության իմ գժված հուշերում շարունակ գժտություններ կան, ու ամենօրյա աննկատ «մեղա»-ներ:

  Մանկության իմ ցավոտ հուշերում մի բթացրած հարված կա, ու օդում սառած մայրական մի ճիչ: Մի հարված կա, որ մանկությունս առհավետ դարձրեց հուշ: Մանկության իմ դառնաձայն հուշերում շատ բան կա, դու կաս...

  ***

  Ես արդեն բժիշկ դառնալու ճանապարհին եմ, իսկ երկնքում մեր թռիչքը, թեկուզ շատ ցածրից, մնաց հեռվում: Դու թռար այնքան բարձր ու այնքան արագ, որ ես սկսեցի մոռանալ հայացքդ: Դու ճիչ դարձար ու մնացիր իմ ներսում: Մարմնավորեցիր իմ մանկությունը:

  Դու այդպես էլ չսիրեցիր բժիշկներին, ու մեր վերջին «մեղա»-ն մնաց անկատար: Գնացիր` մանկությունս դարձնելով դառնաղի, հանելուկապատ մի հուշ: Գնացիր, ու շատ չանցած, կայծակի փոքրագույն մասնիկները ինձ էլ հարվածեցին...

  Հիմա ես բժիշկ եմ դառնում... Իսկ մեր թռիչքը մնաց մեր ներսում: Երկնքի ու Երկրի մեջտեղում մեր զբոսանքը դարձավ անտեսանելի, մանկության ընկեր:

  Հ.Գ. Քո փոքրիկ հողաթումբը կշարունակի ցնցվել իմ ոտքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի «Մանկության հուշ» կոչվող հոգու ցավոտ զանգվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել