Հարց`

Լսել եմ, որ հիմա հնարավոր է առանց ցավի ծննդաբերել: Ծննդաբերությունն անցավ և անվնաս դարձնելու նպատակով կիրառվող ցավազրկման ի՞նչ մեթոդներ կան:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ  Պավել Սոցկին:
Ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման միջոցները շատ են: Ամենակիրառելին տեղային ինֆիլտրացիոն ցավազրկումն է և էպիդուրալ անզգայացումը: Տեղային ինֆիլտրացիոն ցավազրկման մեթոդը ենթադրում է ցավազրկող նյութի ներարկում համապատասխան կետերում (արտաքին սեռական շուրթերի շրջանում, արգանդի վզիկի շրջանում և այլն), այսինքն՝ այն հատվածներում, որտեղ կան նյարդային վերջույթներ, որոնք ապահովում են ժամանակավոր ցավազրկման էֆֆեկտ: Այս մեթոդը կարող է կիրառվել և՛ ծննդաբերության ժամանակ, և՛ ծննդաբերությունից հետո, օրինակ՝ պատռվածքների դեպքում: Ծննդաբերությունից հետո որպես ցավազրկման միջոց նաև կիրառվում է ներերակային անձգայացումը պրոպոֆոլ կամ կալիպսոլ դեղամիջոցների օգտագործմամբ: Երկրորդ մեթոդը, որ նույնպես լայնորեն կիրառվում է, էպիդուրալ ցավազրկումն է: Սկզբում ներարկիչի միջոցով կատարվում է տեղային ինֆիլտրացիոն ցավազրկում գոտկային L3-L4 ողերի մակարդակում՝ որից հետո հատուկ ներարկիչի միջոցով ցավազրկող նյութը հասցվում է էպիդուրալ տարածություն: Այնուհետև, թողնելով հատուկ, բարակ, էլաստիկ կատետր, անեսթեզիոլոգը աստիճանաբար բաց է թողնում ցավազրկող նյութը և վերահսկում ծննդաբերության ողջ ընթացքը, ինչպես նաև հետծննդաբերական շրջանը: Պետք է նշել, որ այս մեթոդն ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Ցուցված է այն դեպքում, երբ կինն ունի մոտ 3-4սմ բացվածք, հակառակ դեպքում կարող է ծննդաբերական ուժերի թուլություն զարգանալ և հանգեցնել այլ բարդությունների: Հակացուցված է, եթե կան ողնաշարի հետ կապված խնդիրներ, ցածր զարկերակային և բարձր ներգանգային ճնշում և այլն: Էպիդուրալ ցավազրկումն ապահովում է գոտկային շրջանից ներքև ցավազրկում՝ թույլ տալով ծննդաբերության ժամանակ լիարժեքորեն մասնակցել կծկանքներին և զերծ մնալ ծննդաբերական ցավերից: Սակայն պետք է նկատի ունենալ, որ միայն բժիշկը կարող է որոշել, թե Ձեր դեպքում որ մեթոդն է կիրառելի և արդյո՞ք հարկավոր է դիմել ցավազրկմանը, թե ոչ. յուրաքանչյուր մեթոդ ունի իր ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել